Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:35 16-05-2024

Բարոյական ապտակները Փաշինյանի կառավարությանը միայն հաճույք են պատճառում

Երեկ Օպերայի հարակից տարածքում, երբ ոստիկանական մեծաթիվ ուժերը փակել էին տարածքը, պահ եղավ, որ բազմամարդ երթն առաջնորդող Սրբազանը հանդես եկավ խիստ խոսքով՝ անբարո և բիրտ պահվածքի համար նախատելով ուժայիններին։

Պարսավանքի այդ խոսքերը կարող են ամաչեցնել, կարգի հրավիրել նորմալ բարոյական նկարագրի տեր մարդուն, բայց ոչ փաշինյանական պատվար հանդիսացող ոստիկանին։

Այս լարված աշխարհում բարոյական լինելը համարվում է թուլության նշան․ հատկապես Հայաստանի կառավարող համակարգի համար, որը չի ընդունում մարդկային պարզագույն հարաբերությունները խորհրդանշող և ոչ մի նորմ։

«Դուք ստի պաշտպաններ ենք, և ինչքան մենք մեղմ ենք ուզում խոսել՝ ավելի եք անցնում չափը», վրդովված խոսում էր Բագրատ Սրբազանը, ինչը հասցեատերերի մոտ առաջացրեց քամահրական ժպիտ։ Ինչու՝ քանի որ նրանք վայրագ և վայրենի վերաբերմունքի են սովոր և նրանցից վայրագություն ու վայրենություն է բխում։
«Նախկինների» օրոք էլ ոստիկանությունը, մեղմ ասած, հասարակության հիացմունքը չէր առաջացնում, բայց փաշինյանական կառավարման շարունակման համար օդուջրի պես անհրաժեշտ այդ համակարգը սնուցվում է՝ ամենահնարավոր վայրենության խրախուսմամբ։

․․․Սրբազանը, ամփոփելով օրը Սուրբ Աննայի եկեղեցու գավթում, հայտարարեց, որ շարունակում է հանդիպումները քաղաքական ուժերի հետ։ «Առաջիկա օրերին կհանդիպենք բոլոր քաղաքական ուժերի հետ և ձեզ տեղեկացնենք կոնկրետ գործողությունների մասին։ Ես գիտեմ, որ դուք շոշափելիության եք սպասում։ Էս «մարդու որդիներն» էլ են դրան սպասում», ասաց նա՝ վերջին դեպքում նկատի ունենալով ոստիկաններին։
«Մարդու որդիները», ըստ այդմ, շարունակելու են իրենց՝ այս օրերի գործելակերպը, և երբ Շարժումը թևակոխի վճռական փուլ՝ նրանք նույնպես կազմուպատրաստ են լինելու կիրառել այն, ինչ սովորում են ամիսներ և տարիներ շարունակ։ Դա աներկբա է։

Կասկած չկա նաև, որ գործող վարչախումբը ոչ թե հանրային վստահություն, այլ ընդհանրապես որևէ դրական էմոցիա չի հարուցում։ Մարդիկ նողկանք են զգում Փաշինյանի կառավարության նկատմամբ, քանի որ դրա բերումով դարձել են անհույս, անապագա արարածներ, որոնց գլուխներին են զարկվում, ամեն պատեհ կամ անպատեհ առիթներով, ոստիկանական մահակները։ Ուրեմն, պատրա՞ստ է Բագրատ Սրբազանն առաջնորդել Շարժման արմատական փուլը։ Ըստ էության, նրա՝ խաղաղության և հանդարտության կոչերը, որ ուղղված են հանրությանն էլ, ոստիկանությանն էլ՝ ցուցադրում են, որ նրա համար բարոյապես ծանր կլինի զսպել հուսահատության հասնող ժողովրդին։

Հանրության համար դեռ «իքս ժամը» չի հասել, և գուցե Սրբազանի առաքելությունը դրանում է կայանում, որ մարդկանց ուղեկցությամբ աստիճանաբար հասունացնի այն վճռական պահը, որի ճնշմամբ իշխանությունը հնարավոր կլինի հեռացնել և ղեկը հանձնի այդ փուլին ավելի հարիր ուժերի։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով