Ո՞վ կառաջադրվի անկուսակցական վարչապետի թեկնածու 
copy image url

Ո՞վ կառաջադրվի անկուսակցական վարչապետի թեկնածու 

Միտք Ներքին 11 ամիս առաջ - 09:00 14-05-2024
Բագրատ Սրբազանը կիրակնօրյա հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ շարժման հաղթանակի արդյունքում կազմվելու է ժամանակավոր կառավարություն, որի ղեկավարը պետք է անկուսակցական լինի։ Այնուհետև խոստացավ, որ այդ հարցը կհստակեցվի առաջիկայում։ Քանի դեռ հարցը քննարկվում է, փորձենք կանխատեսել, թե ով է առաջադրվելու թեկնածու։

Նախ՝ արդեն հայտնի է, որ վարչապետն անկուսակցական է լինելու։ Նրա հիմնական գործառույթը լինելու է ԱԺ ազատ արդար ընտրությունների կազմակերպումը, և նա է երաշխավորելու, որ ընտրությունների մասնակից կուսակցություններից ոչ մեկի օգտին վարչական ռեսուրս չի կիրառվի։ Նկատենք, որ շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը անկուսակցական վարչապետի մասին հայտարարելուց հետո ընդգծել է. «Ես իմ մասին չէի խոսում։ Ես բոլոր կուսակցությունների անդամ եմ»։ Նա նաև հիշեցրել է, որ մինչև 1994 թվականին իր ձեռնադրումը ինքն ԱԻՄ անդամ է եղել։ Եթե Բագրատ Սրբազանը չի լինելու ժամանակավոր վարչապետի թեկնածու, ապա անհրաժեշտ է թեկնածուին փնտրել այլ վայրում, օրինակ՝ ԱԺ-ում։

Եթե ժամանակավոր վարչապետն ընտրվելու է իմպիչմենտի արդյունքում, որը տեղի է ունենալու ԱԺ-ում, ապա կարող ենք ենթադրել, որ ժամանակավոր կառավարության վարչապետ է առաջադրվելու ԱԺ անկուսակցական պատգամավորներից մեկը։ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ առաջիկայում հանդիպելու է նաև ՔՊ խմբակցության հետ։ Հետևապես՝ չի բացառվում, որ վարչապետի անկուսակցական թեկնածու կլինի ՔՊ-ից։ Այս առումով՝ ՔՊ խմբակցության անկուսակցական պատգամավորները վարչապետի պոտենցիալ թեկնածու են։

ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվելու ազատություն կա։ Ոչ միայն ԱԺ, այլև ՏԻՄ ընտրություններն անցկացվում են համամասնական ցուցակներով։ Դրանց կարող են մասնակցել միայն կուսակցությունները, որոնց ցուցակները գլխավորում են կուսակցությունների նախագահները։ Եթե ժամանակավոր կառավարության վարչապետը երաշխավորելու է ազատ արդար ընտրությունների անցկացումը, ապա առաջ է գալու հանրային պահանջ, որ նա որևէ կերպ չմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին, չներգրավվի որևէ ցուցակում, ընտրությունների արդյունքում ձևավորվելիք նոր կառավարությունում բարձրագույն պաշտոն չզբաղեցնի։

Այստեղ արդեն խնդիրը բարդանում է, քանի որ դժվար է գտնել մարդ, որը երկրի բարձրագույն պաշտոնը թեկուզ ժամանակավոր զբաղեցնելուց հետո հանգիստ կհեռանա մեծ քաղաքականությունից ու չի փորձի կրկին զբաղեցնել բարձր պաշտոններ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի թիմում շատ կան մարդիկ, որոնք մինչ Բագրատ Սրբազանի շարժումը չէին էլ պատկերացնում, թե ինչ են անելու իշխանությունից զրկվելուց հետո։ Բայց տեսնելով, որ շարժման մասնակիցները հաջողության հասնելու մեծ հույսեր ունեն, ՔՊ-ականներն արդեն սկսել են մտածել, թե ինչ են անելու իմպիչմենտից հետո, կամ ինչ է անելու ՔՊ-ն, երբ ԱԺ ընտրություններում չստանա ընտրողի քվեների մեծ մասը։ Նրանց մեծ մասը տրվել է իշխանության գայթակղությանը։ Դրա համար են նրանք ամուր կառչած մնում աթոռներին։ Հետևապես՝ անհրաժեշտ է ստեղծել զսպող գործիք, որը կարգելի ժամանակավոր կառավարության անկուսակցական վարչապետին տրվել իշխանության գայթակղությանը։ Նա նաև պիտի խոստանա, որ առանց դիմադրության զիջելու է աթոռը լեգիտիմ ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդին։ Այդպիսի զսպող գործիք կարող է դառնալ Բագրատ Սրբազանի մեծ հեղինակությունը։

Այսպիսով՝ կարելի է ասել, որ ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուն ՔՊ խմբակցության անկուսակցական անդամ լինելուց զատ, պետք է չունենա քաղաքական մեծ հավակնություններ, քաղաքական մեծ նպատակներ և անվերապահ ընդունի Բագրատ Սրբազանի հեղինակությունը։

Անկուսակցական պատգամավորներ կան նաև ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններում, ընդհանուր թվով 14 հոգի։ Ընդդիմադիր խմբակցությունները նույնպես կարող են իրենց անկուսակցական անդամներին առաջադրել ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու։ Եվ ԱԺ-ն կարող է ընտրությամբ որոշել, թե ով է ժամանակավորապես ստանձնելու կառավարության ղեկավարի պաշտոնը։ Թեև ընդդիմադիր ուժերը նույնպես առաջադրելու են իրենց թեկնածուին, սակայն ՔՊ խմբակցության անկուսակցական անդամի ընտրվելն ավելի հավանական է թվում։

Ամփոփելով, նկատենք, որ այս պահի դրությամբ կա պոտենցիալ 21 թեկնածու, 7-ը՝ ՔՊ խմբակցությունից, 14-ը՝ ընդդիմությունից։ Ե՛վ ՔՊ խմբակցության 7-ը, և՛ ընդդիմադիր խմբակցությունների 14-ը կարող են կողմնորոշվել և պատասխանել մեկ պարզ հարցի՝ ուզու՞մ են ստանձնել ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնը։ Այդ մասին նրանք կարող են տեղեկացնել ԱԺ գործընկերներին, ապա հանրությանը։ Քանի դեռ նրանք չեն հայտարարել, որ մտադիր չեն ստանձնել ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնը, նրանք հանրային ուշադրության կենտրոնում են մնալու առաջիկայում։

Թաթուլ Մկրտչյան