Ուղիղ եթեր
copy image url
Միտք 1 շաբաթ առաջ - 20:00 09-05-2024

«Օտարերկրյա գործակալներն» անվնաս են, քանի նրանք Փաշինյանին չեն ընդդիմանում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանն իր կառավարման 6 տարիների ընթացքում բազմիցս՝ հատկապես այն ժամանակ, երբ բախվել է իշխանությունը կորցնելու իրական վտանգի, հայտարարել է, որ Հայաստանում կան օտարերկրյա ազդեցության գործակալներ, ուժային կառույցներին հանձնարարել բացահայտել նրանց։

Չնայած այս հայտարարություններին, առ այսօր Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցերի անդամ լինելու, հեղաշրջում իրականացնելու հիմքով քրեական գործեր չեն հարուցվել ու հետևաբար նաև մեղադրյալի աթոռին հայտնված անձինք չկան․ այս մասին օրերս ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

Փաշինյանը մայիսի 7-ին կայացած իր ասուլիսի ժամանակ կրկին խոսեց ՀՀ-ում օտարերկրյա ազդեցության գործակալների առկայության մասին, նշեց, որ նրանք կոնկրետ հանձնարարություններ են կատարում մեր երկրում, սակայն ի տարբերություն նախորդ անգամների, երբ կառավարության ղեկավարն անհասցե մեղադրանքներ էր հնչեցնում, այս անգամ վերջինս տվեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը․ «Արթուր Վանեցյանի մասին եմ ասում, ո՞ւմ մասին եմ ասում, էդքան փակ ե՞մ խոսում»:

Հայաստանի կառավարության թիվ 1 պաշտոնյան իր ասուլիսի ժամանակ հիշեցրեց Արթուր Վանեցյանի և այն ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի՝ 2018-ի սեպտեմբերին համացանցում հայտնված հեռախոսազրույցի մասին։ Փաշինյանը պնդեց՝ ձայնագրությունը կատարել է օտարերկրյա հատուկ ծառայությունը, թե որ երկրի՝ չմանրամասնեց, ընդ որում՝ ասաց՝ մի մասը հրապարակվել է, մյուսը՝ ոչ։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործը քննող ուժային կառուցների ղեկավարները խոսում էին այդ ժամանակ առանցքային մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև այդ պահին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին կալանավորելու անհրաժեշտությունից։

Նիկոլ Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ձայնագրության մյուս՝ չհրապարակված մասն օգտագործվել է Արթուր Վանեցյանին որպես օտարերկրյա ազդեցության գործակալ օգտագործելու համար։ Չնայած ԱԱԾ նախկին պետին ներկայացված ծանր մեղադրանքներին, որը վերջինս հերքել էր և «բժշկության կոնկրետ ճյուղի հետազոտության նյութ հանդիսացող հորինվածք» որակել, նույն Նիկոլ Փաշինյանն էր խոստովանել, որ գործակալներին բացահայտելու համար բավարար ապացույցներ չկան:

Հերթական անգամ համոզվում ենք, որ ավելի քան 6 տարի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նման ծանր մեղադրանքներ է հնչեցնում՝ առանց կոնկրետ ապացույցներ և փաստական հիմքեր ներկայացնելու։ Ակնհայտ է, որ Փաշինյանի այս հայտարարությունները քաղաքական նպատակներ են հետապնդում, քանի որ Արթուր Վանեցյանը տևական ժամանակ ակտիվ ընդդիմադիր գործունեություն էր ծավալում, իսկ վերջերս էլ հայտարարել էր Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանն աջակցելու մասին։

Միևնույն ժամանակ ընթերցողի ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները համապատասխանում են իրականությանը, ապա վերջինիս համար Վանեցյանի օտարերկրյա ազդեցության գործակալ լինելու հանգամանքը խնդրահարույց չի եղել մինչև այն պահը, երբ վերջինիս չէր ընդդիմանում իրեն։ Կառավարության ղեկավարի հիշատակած գաղտնալսումը տեղի է ունեցել 2018-ի սեպտեմբերին, ենթադրվում է, որ հենց այդ ժամանակվանից էլ Վանեցյանի՝ ենթադրյալ գործակալ լինելու տեղեկությունը հայտնի էր Փաշինյանին, սակայն վերջինս դրանից հետո շարունակեց ևս 1 տարի պաշտոնավարել։

Ընդ որում, 2019-ի սեպտեմբերին Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվեց սեփական դիմումի համաձայն, որից հետո նոր միայն Փաշինյանը ստորագրեց վերջինիս աշխատանքից ազատելու հրամանը։ Վանեցյանը միևնույն ժամանակ հետհեղափոխական Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր և ուժային կառույցի ղեկավարը, ով լքեց Նիկոլ Փաշինյանի կաբինետը, իշխանություններին հորդորեց կանգ առնել, ինչը, հավանաբար, գործող վարչապետն առ այսօր իր նախկին թիմակցին չի կարողանում ներել։

Բացի այդ, եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ Փաշինյանի մեղադրանքները համապատասխանում են իրականությանը և Արթուր Վանեցյանն իսկապես օտարերկրյա ազդեցության գործակալ է, ապա նույն տրամաբանությամբ պետք է գործակալ համարվեր Վանեցյանի հետ զրուցող քննչական կառույցի ղեկավար Սասուն Խաչատրայնը։ Նկատենք, որ Խաչատրյանը, ով առ այսօր աշխատում է Նիկոլ Փաշինյանի թիմում, ոչ միայն պաշտոնանկ չարժվեց, այլև կարիերայի առաջխաղացում ունեցավ՝ նշանակվելով նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնում։

Այսպիսով՝ համադրելով վերոհիշյալ իրողությունները, կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի համար որևէ պաշտոնյայի, այդ թվում ուժային կառույցի ղեկավարի՝ օտարերկրա ազդեցության գործակալ լինելու հանգամանքը խնդրահարույց չէ, և ենթադրյալ գործակալներն անվնաս են, քանի դեռ վերջիններս չեն ընդդիմանում իրեն և կատարում են իր հրամանները։ Եթե տվյալ պաշտոնյան, որին Փաշինյանը նման ծանր մեղադրանքներ է վերագրում, լքում է իր կաբինետը, ապա արդեն անհրաժեշտ է հանրայնացնել նրա գործակալ լինելու հանգամանքը, որպեսզի վերջինս բախվի առնվազն հանրության այն հատվածի պարսավանքին, որն առ այսօր կուրորեն հավատում է Փաշինյանի բոլոր հայտարարություններին։

Կարծում ենք՝ եթե օտարերկրյա գործակալ լինելու հանգամանքը Նիկոլ Փաշինյանի համար խնդրահարույց լիներ, ապա Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը հիշյալ ձայնագրության հրապարակումից անմիջապես հետո պաշտոնանկ կարվեին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, առաջինը դրանից հետո ևս մեկ տարի պաշտոնավարեց և աշխատանքից ազատվեց սեփական դիմումով, իսկ երկրորդն առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Դավիթ Գույումջյան