Ներքին 2 տարի առաջ - 15:21 02-05-2024

Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին

Նախկին դիվանագետ եւ ռազմածովային ուժերի վետերան Րաֆֆի Գրեգորյանը, որը հայտնի է ԱՄՆ Պետդեպարտամենտում, ՆԱՏՕ-ում եւ ՄԱԿ-ում իր գործունեությամբ, միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդին. նախաձեռնություն, որի համահիմնադիրը նրա հայրն է՝ երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը:

Րաֆֆի Գրեգորյանը եղել է ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի ստեղծման ջատագովը՝ 2019 թ. դառնալով առաջին տնօրենը, միաժամանակ ծառայելով որպես Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Գլխավոր քարտուղարի տեղակալների կոմիտեում:

Շուրջ 25 տարի հակամարտություններին եւ հետկոնֆլիկտային մարտահրավերներին առնչվող գործունեություն ծավալելուց հետո՝ Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին` ներդնելու իր փորձառությունը «Ավրորայի»՝ աշխարհը դրականորեն փոխելու ջանքերին: Գրեգորյանն ունի Ջոնս Հոփքինսի միջազգային առաջադիմական հետազոտությունների դպրոցի ռազմավարական գիտությունների դոկտորի աստիճան:

«Երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Րաֆֆիին: Նրա նվիրումը խաղաղության եւ արդարության գործին իսկապես ուշագրավ է», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը: «Իր երկրին անձնուրաց ծառայելուց հետո այժմ նա իր անգնահատելի փորձն է բերում «Ավրորա»՝ օգնելու նախաձեռնությանն իրագործել իր համարձակ առաքելությունը: Ավելին, նա առանցքային դերակատարում կունենա իր հոր ժառանգությունը պահպանելու եւ առաջ մղելու գործում»։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որն ստեղծվել է 2015 թվականին: «Ավրորան» ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Այն օգնության ձեռք է մեկնել արդեն ավելի քան 3.2 միլիոն մարդու: Նախաձեռնության՝ իր բնույթով եզակի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն աջակցում է աշխարհի տարբեր անկյուններում մարդասիրական գործունեությամբ զբաղվող անհայտ հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություն են իրականացնում ամենախոցելի համայնքներում: Առ այսօր «Ավրորան» նախաձեռնել է եւ աջակցել ավելի քան 427 նախագծի 56 երկրում եւ տարածքում:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ «Ավրորայի» Տնօրենների խորհրդին։ Այս նախաձեռնությանը միանալն ինձ համար հատուկ նշանակություն ունի, քանի որ «Ավրորան» հորս անչափ հոգեհարազատ էր. կարծես՝ տուն վերադարձած լինեմ»,- ասաց նախկին դիվանագետ եւ ռազմածովային ուժերի վետերան Րաֆֆի Գրեգորյանը: ««Ավրորան» աջակցում է մարդկանց, որոնք վտանգում են սեփական անձը, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ճնշվածներին, ձայնազուրկներին եւ անպաշտպաններին: Ես երախտապարտ եմ այս ջանքերին միանալու հնարավորության համար»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2024 թ. հատուկ միջոցառումները տեղի կունենան մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ: Այնտեղ կհավաքվեն մարդասիրության ոլորտի առաջնորդները՝ քննարկելու համաշխարհային մարդասիրական ամենահրատապ խնդիրները, ինչպես նաեւ հայտարարելու 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ