copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 18:30 22-04-2024

Արտերկրում ծվարած՝ մերկապարանոց հայտարարություններ են անում․ Բագրատ սրբազանի դեմ շնաբար գրոհողներն ամոթանքի են արժանի

Քաղաքական անպատասխանատվությունն ու արկածախնդրությունը գործող իշխանությունների հիմնական և աղետալի արատն է։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե իշխանություններն ու նրանց խոսափողները միտումնավոր են հանրային պառակտում հրահրում, խմբային շահը վեր դասելով հանրային և ազգային շահերից։

Վերջին օրերի բողոքի ցույցերը Տավուշի մարզի գյուղերի հանձնման որոշման դեմ հույս են ներշնչում, որ ժողովուրդն ինքնապահպանման բնազդը չի կորցրել, չի հուսահատվել վերջնականապես, վճռականորեն դիմադրելու է իշխանությունների պարտվողական որոշումներին։ Քաղաքական կամ ազգային ինքնագիտակցություն ունեցող մարդը հիացմունքով է արտահայտվում բողոքի ցույցերի մասնակիցների մասին։ Սակայն քիչ չեն նաև շնաբարո հարձակումները ցուցարարների, նրանց շարքում հայտնի և հեղինակավոր մարդկանց, և առաջին հերթին՝ Բագրատ սրբազան Գալստանյանի վերաբերյալ։

Երեկ՝ ապրիլի 21-ին, որոշ իշխանամերձ ԶԼՄ-ներում հրապարակվեց ապատեղեկատվությամբ լի հարցազրույց Սփյուռքում հասարակական գործունեություն ծավալող ոմն՝ Սահակ քահանա Գալստյանի հետ, որը մերկապարանոց, հանիրավի մեղադրանք էր ուղղել Բագրատ սրբազան Գալստանյանի հասցեին, նրան որակելով ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ։

Եթե հայրենիքից փախած ու Իտալիայում ծվարած Սահակ Գալստյանը կյանքում ինչ-որ բան արած լիներ Հայաստանի անկախության համար, ապա կիմանար, որ Բագրատ սրբազանը երիտասարդ տարիներից նվիրվել է անկախության պայքարին։ Ժողովրդի և պետության համար այնքան շատ դրական բան է արել, որ մի քանի տասնյակ սահակներ միասին չեն արել։ Իսկ եթե որևէ մեկը կասկածում է որևէ մեկին ռուսական գործակալ լինելու մեջ, ապա այդ մասին կարող է հաղորդում ներկայացնել համապատասխան մարմիններին։

«Երբ որ դու՝ լինելով թեմի առաջնորդ, խոսում ես իշխանափոխության մասին, իշխանազավթման մասին, ռևանշի մասին, ուրեմն դու հագիցդ հանիր քո հոգևորականի զգեստները և գնա փողոցներում քարշ արի»։ Այսպես է վայրահաչում իրեն քահանա որակող Սահակը, թյուրիմացաբար կամ միտումնավոր ցուցադրելով հակահոգևորական, հակաքաղաքացիական կեցվածք։ Հարկ է նկատել, որ հոգևորական համայնքի կողմից մերժված Սահակի սուտն ու դավաճանական շեշտադրումները չեն գցում Բագրատ սրբազանի հանրային հեղինակությունն, այլ բարձրացնում։

Ենթադրելի է, որ Բագրատ սրբազանի դեմ անազնիվ ու անպարկեշտ գրոհները կազմակերպված են իշխանությունների կողմից։ Նկատելի է Փաշինյանի աջակից գործիչների և լրագրողների ակտիվությունը։ Վերջիններիս հարկ է հիշեցնել, որ իրենց արածն անբարոյական է մարդկային և քաղաքական առումներով։ Մանավանդ՝ հիմա, երբ միջազգային փորձագետները Հայաստանի դեմ պատերազմ են կանխատեսում, շատ վտանգավոր է ներքին թշնամանք հրահրելը։ Իսկ հաշվի առնելով, թե ինչ մեծ հեղինակություն է վայելում Բագրատ սրբազանը, ապա նրա դեմ հիստերիկ հարձակումները կարող են խորացնել անդունդը եկեղեցու իրական հետևորդների և Նիկոլ Փաշինյանի ընտրողների միջև։

Իր նկատմամբ կազմակերպված գրոհներին է անդրադարձել նաև Բագրատ սրբազատ Գալստանյանը, որը շարունակում է հաստատ մնալ ժողովրդի կողքին, մասնակցել Տավուշում բողոքի շարունակվող ցույցերին. «Մեզ, ժողովրդին, անձամբ ինձ ծաղրողներն ովքե՞ր են. իշխանության գրչակներն ու ամենաստորին աստիճանի մարդիկ և ադրբեջանցիները։ Իրար հետ համատեղ, ձեռք ձեռքի բռնած ծաղրում են, պիտակավորում։ Դե գնացեք իրար հետ՝ ձեռք-ձեռքի, տեսեք, որ դուք նույնն եք։ Եթե իրենք այդքան պատիվ ունեն, որ իրենց հայրենակցին կարող են ադրբեջանիցները վիրավորել, և իրենք ուրախանան, ուրեմն շատ պարզ է պատկերը։ Սա անձնական դաշտի խնդիր չէ։ Իմ Տերը իմ վահանն է, բոլոր առումներով։ Եվ որևէ մեկը չի կարող խախտել այդ վահանը»,- այսօր՝ ապրիլի 22-ին, նշել է Սրբազանն՝ հավելելով, որ իշխանության համար շատ մեծ լուր ունի. «Դուք չեք մնալու։ Կա՛մ մենք ենք մնում այս երկրի տեր, կա՛մ դուք։ Սա հստակ ջրբաժան է։ Մենք որևէ տեղ գնալու տրամադրություն չունենք։ Հետևաբար՝ որոշեք, թե դուք ուր եք գտնվելու»։

Իշխանությունները և նրանց աջակիցները պետք է քաղաքական տարրական գիտակցություն ունենան և ըմբռնումով վերաբերվեն, որ Տավուշի գյուղերի հանձնման դեմ բողոքի ցույցը ժողովրդի առողջ արձագանքն է։ Բնական է, որ թեմի առաջնորդը՝ նրանց կողքին պիտի լինի, առաջին շարքում։ Տավուշի մարզի, համայնքների մեծ ու փոքր պաշտոնյաները, հավանաբար, կուզեին կանգնել ժողովրդի կողքին, սակայն վախենում են, կարծելով, թե Փաշինյանն իրենց կպատժի, կպաշտոնազրկի և այլն։

Իսկ Բագրատ սրբազանը միայն շնորհակալության, օրհնության և փառքի է արժանի։ Նրա դեմ շնաբար հարձակվողները, հավանաբար, չեն գիտակցում, թե դրանով ինչ մեծ վնաս են պատճառում հասարակությանն ու պետությանը, ինչ վտանգ են ստեղծում։ Եվ եթե օրենքի ձեռքերը վաղը չհասնեն նրանց, ապա նրանք կարժանանան հասարակական պարսավանքի, ինչպես շնաբարո անբարոյականը։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել