copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 20:18 18-04-2024

Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոցի տարածքում նշվեց կարևորագույն միջոցառումների շարքով։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառումներին մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, հնագետներ։ ՀՀ ԿԳՄՍ նախախար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պարգևատրեցին «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին:

«Մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում։ Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում։ Մրցույթում ներկայացվել է 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց պատկերացումներով՝ ներկայացնելով տեսասահիկներ, կոմիքսներ, անիմացիոն սյուժեներ, նկարչական աշխատանքներ, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։

Ներկայացված աշխատանքներից 6-ն ընդգրկվել է եզրափակիչ փուլում: Հայաստանից և արտերկրից 21 հայազգի մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» թիմը՝ «Գեղարդ» տեսանյութով»,-ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

Պարգևատրման արարողությունից հետո մրցույթում աչքի ընկած խմբերը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ստացան նաև նվերներ՝ գրքերի տեսքով, որոնք պատմում են Հայաստանի արգելոց-թանգարանների մասին։

«Լիահույս ենք, որ մի օր էլ գիրք կհրատարակվի Բերդկունք ամրոցի մասին՝արդեն արգելոց-թանգարանի վերածված պատմամշակութային ու զբոսաշրջային նշանակության կառույցի կարգավիճակով»,-նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանը։

Օրվա կարևորության ու միջոցառումների մասին տպավորություններով կիսվեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այսօրվա կազմակերպված միջոցառումներն հիմնովին ուղղված են մեր պատմամշակութային արժեքների պահպանման, վերականգման ու հանրահռչակման քայլերին։ Դուք տեսաք, թե դպրոցական ինչպիսի հրաշալի թիմեր էին մասնակցում ԵՄ ծրագրի կողմից հայտարարված մրցույթին՝ մեր պատմամշակութային արժեքների մասին ներկայացնելով կոլաժներ, տեսաֆիլմեր, պատմվածքներ, բանաստեղծություններ։ Եվ սա չի կարող չուրախացնել, քանի որ մեր դպրոցականները ներգրավված են այնպիսի կարևոր նշանակության ձեռնարկներում, ինչպիսիք են հայ ժողովրդի պատմության ու մշակույթի հսկայական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված նման քայլերը։ Պետության վերաբերմունքը հուշարձանների ոլորտին կոնկրետ փաստերով և ֆինանսական հատկացումների ծավալով է արտահայտվում. այս տարի հուշարձանների ամրակայման և վերականգնման ոլորտին հատկացվել է 1,3 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ կրկնակի, իսկ 2018 թվականի համեմատ մի քանի անգամ ավելի է։ Այդ միջոցներով նախատեսում ենք այս տարի իրականացնել պատմության հուշարձանների հնագիտական պեղումների, ուսումնասիրման և վերականգնման աշխատանքներ։ Դրանցից մեկն էլ Բերդկունք ամրոցն է, որի տարածքում ԿԳՄՍ նախարարության հատկացումներով իրականացվում են պեղումներ, որոնց հիման վրա պատվիրվել է ամրոցի վերականգնման նախագիծ, քանի որ կա ծրագիր՝ Բերդկունքը արգելոց-թանգարանի վերածելու»,-ներկայացրեց Ժաննա Անդրեասյանը։

Այցի շրջանակում պատմական հուշարձանի՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի տարածքում տեղադրվել է տեղեկատվական ցուցանակ:

Բերդկունքում հնագիտական պեղումներ իրականացնող արշավախումբը ղեկավարում է հնագետ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ աշխատակից Լուսինե Ալեքսանյանը։

Արշավախմբի ղեկավարի հավաստմամբ՝ հնագիտական պեղումները կշարունակվեն առաջիկա մեկուկես-երկու ամիսների ընթացքում։ Այսօր «Հուշարձանների պահպանության միջազգային օրվա» շրջանակներում Բերդկունքում ընթացող հնագիտական պեղումներին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներ՝ մոտիկից ծանոթանալով պեղումների նրբություններին, հուշարձանի պատմությանն ու կառուցվածքին։

Ըստ հնագետ Աշոտ Փիլիպոսյանի՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, որը հիմնվել է մ․թ․ա․ 19-18-րդ դարերում ու գործել հազարամյակներ շարունակ։ Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ» կամ «Իշխանաց բերդ»:

Ամենից շատ դիտված