copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 16:20 15-04-2024

Ոստիկանությունը ցանկացած ընդդիմադիր խոսք լռեցնելու հրահանգ է ստացել․ Ռուբեն Մելիքյան                                                                     

Վերջին օրերին կրկին ակտիվացել են իշխանություններին քննադատող անձանց նկատմամբ կիրառվող հետապնդումները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այս գիշեր Թբիլիսյան խճուղում ոստիկանները Վահագն Չախալյանին թույլ չեն տվել ներկով գրել STOP-NIKOL և բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելու պատճառով էլ այսօր, առավոտյան բերման են ենթարկվել նաև AntiFake լրատվականի 2 աշխատակիցները։

Oragir.News-ը կապ հաստատեց փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ՝ պարզելու իր տեսակետը ձերբակալությունների նոր ալիքի վերաբերյալ։

«Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ըստ էության՝ նույն հոդվածով այսօր առավոտյան բերման են ենթարկվել նաև AntiFake լրատվականի երկու աշխատակիցները։
Հոդվածը նույնն է։ Մի տարօրինակ հոդված է, որի մասին նոր են հիշել․ այն է՝ մայթերը, զբոսայգիները, պուրակները օրենքով սահմանված կարգին հակասող ձևով օգտագործելը։ Մի վարչական իրավախախտում, որը մեղմ ասած՝ շատ տարօրինակ է և կիրառական չէ։

Մենք քաղաքում քայլելիս տեսնում ենք, որ հասարակակական վայրերում բազմաթիվ տեքստային հայտատարություններ կան առք ու վաճառքի, համերգների մասին և այլն։ Այդ ամենի համար երբևէ չի եղել վարչական իրավախախտման մասին ակնարկ և չէր էլ կարող լինել։

Մենք տեսանք, որ Վահագնի դեպքում ոստիկանը անգամ լավ չէր պատկերացնում, թե ինչ հոդվածի մասին է խոսքը, և ինչ կարգավորում է սահմանված։ Ուղղակի տեսավ, որ քաղաքական, ընդդիմադիր գրառում է, միանգամից որոշում կայացրեց վարչական ձերբակալման ենթարկել և նշեց, որ պետք է արձանագրություն կազմվի։

Սա քաղաքական ընդիմախոսությունը լռեցնելու դրսևորում է։ Սա հակաօրինական է և հակաիրավական»։
Հարցին, թե արդյո՞ք քաղաքական գործողությունները կրիմինալ են համարվում, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց․
«Ոստիկանն ասում է՝ դուք իրազեկե՞լ եք պատկան մարմիններին, որ քաղաքական ակցիա եք անում։ Այսինքն՝ էն աստիճան օրենքին չի տիրապետում, որ չի իմանում, որ որևէ իրազեկման պարտականություն չկա։

Մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը ամենայն հավանականությամբ՝ հրահանգ է ստացել ցանկացած ընդդիմադիր խոսք լռեցնել։ Եվ տվյալ ոստիկանը՝ ով երևում էր կադրում, ընդհանուր հրահանգի շրջանակներում էր։
Հայաստանը գնալով ավելի շատ է ընկղմվում հակաժողովրդավարական ճանապարհի տիրույթում։ Եվ դրա պատճառներից մեկը այն է, որ հիմա միջազգային կառույցների կողմից քննադատությունը ոչ թե օպերատիվ է, այլ փաստերն արձանագրվում են տարեկան զեկույցներում և իջեցնում երկրի վարկանիշը։

Նույնիսկ Արևմուտքը, որը դոշով պաշտպանում է այս իշխանություններին, քաղաքական պատճառներով ստիպված է արձանագրել մարդու իրավունքների գծով հետընթացը»։

Հարցին, թե արդյո՞ք կգա ժամանակ, երբ իրավապահ մարմինների ապօրինությունները կավարտվեն, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց․

«Քաղաքական հարցերը լուծվում են քաղաքական ճանապարհով։ Ես հեռու եմ այն մտքից, որ իրավական ճանապարհով հնարավոր է կանխել ոստիկանության լիազորությունների չարաշահումը։ Դա իրատեսական չէ, որովհետև բուն խնդիրը քաղաքական է։ Քաղաքական խնդիրները ենթադրում են քաղաքական լուծում։ Իրավական գործիքակազմով ընդամենը հնարավոր է մեղմել և հետևանքները նվազեցնել, բայց ոչ կանխել և խաթարել»։

Ռուբեն Մելիքյանը նշեց նաև, որ AntiFake լրատվականի աշխատակիցներին վերագրվող արարքը սյուներին A4 ֆորմատի վրա գրված տեքստ փակցնելն է, որը պայմանավորված է եղել քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի անգործության հետ։

Հարցրեցինք, թե ո՞րն է վերջերս ձերբակալությունների բարձրացող ալիքի պատճառը։
«Ես կարծում եմ, որ դա պայմանավորված է այն իրողությամբ, որ օր օրի գահավիժում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Նա հասկանում է, որ կարող է իր իշխանությունը պահել բացառապես ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, առաջին հերթին՝ կանխարգելիչ բնույթի։

Կանխարգելիչ բնույթի ոստիկանական գործողությունների ծավալը մեծացել է, որպեսզի կանխեն հանրության շրջանում բողոքի ավելի ակտիվ գործողությունները»։

Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց՝ չմոռանալ, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվեց իր արդարացման վճռից ընդամենը 1 շաբաթ հետո։ Այսինքն, ստացվում է, որ հնարավոր է պայքարել ու ստանալ արդյունք, բայց դա երկարաժամկետ էֆեկտ չի ունենում։