Երևան +19°
copy image url
Ներքին Խոսք Տեսանյութ 11 ամիս առաջ - 17:29 11-05-2023

Ինձ լռեցնելու փորձ է. Դավիթ Սարգսյանը` Տիգրան Ավինյանի պահանջած 18 մլն դրամի մասին

Երևանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը դիմել է «168.am»-ին և լրագրող Դավիթ Սարգսյանին՝ պահանջելով՝ ներողություն խնդրել և հերքել պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները, միաժամանակ, պահանջելով դրամական փոխհատուցում։

Հատկանշական է, որ հայցը վարույթ ընդունելուց հետո ոչ Դավիթ Սարգսյանը, ոչ 168.am-ը որևէ անգամ ծանուցում չեն ստացել:

Oragir.News-ի հետ զրույցում Դավիթ Սարգսյանն ասաց, որ աննախադեպ է, որ ոչ թե լրատվամիջոցի, այլ հենց լրագրողի գույքի՝ տան, ընդ որում՝ միակ տան և հաշվեհամարի վրա արգելանք դրվի։

«Ընդ որում՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքով որևէ կերպ հնարավոր չէ այդ հայցի ապահովման միջոցը բողոքարկել, այսինքն, վերադաս ատյանին դիմելու հնարավորություն չկա, մինչև դատաքննության ավարտ այդ հայցի ապահովումը պետք է մնա, սա աննախադեպ է։ Այդ տանը ես բնակվում եմ իմ ծնողների, այդ թվում՝ հաշմանդամ հորս հետ և ընտանիքի միակ կերակրողն եմ։ Իմ գնահատմամբ՝ սա մեկ նպատակ ունի, ինձ՝ իբրև լրագրողի լռեցնելու»։

Անդրադառնալով հայցի մասին ծանուցում չստանալուն՝ նա նշեց, որ դեռ որևէ ծանուցում չի ստացել և հայցի ապահովման միջոցը կիրառվել է լրիվ անհասկանալի ու անիմաստ պայմաններում։

«Դատաքննությունը դեռ չսկսված՝ այդ մարդը անհասկանալի հայցագին է ներկայացրել։ Ի՞նչ է նշանակում 9 մլն դրամ, երբ նման գործերով՝ վիրավորանքի, զրպարտության կամ գործարար համբավի գործերով 200-500 հազար հայցագին է կիրառվում, ինչ 9 մլն դրամի մասին կարող է խոսք լինել։ Ընդ որում՝ հայցի ապահովման միջոցը բավարարվել է մասնակի։ Այսինքն, ըստ ամենայնի, Ավինյանն ավելի շատ է պահանջել։

Առհասարակ, աննախադեպ է նաև, երբ նման հոդվածի դեպքում 9 մլն հայցի ապահովման միջոց է կիրառվում, անգամ 1 մլն երբեք չի կիրառվել, ուր մնաց 9 մլն։ Դատարանի որոշումը որևէ տրամաբանության և իրավական քննության չի ենթարկվում, դատաքննությունը դեռ չսկսված լրագողի անձնական աշխատավարձային հաշվի ու անշարժ գույքի վրա կալանք դնելը ոչ միայն անմտություն և իրավական անգրագիտոիթյուն է, այլև՝ անբարոյականություն»։

Ավելին, նրա դիտարկմամբ՝ գործարար համբավն արատավորող հոդվածն այստեղ առհասարակ անտեղի է, քանի որ դրանով նա հաստատում է իր կասկածները և կոռուպցիոն ռիսկերը, որոնք ներկայացրել է տեսանյութում։

«Այսինքն, ինքը ընդունում է, որ ունի գործարար համբավ, պաշտոնյան չի կարող գործարար համբավ ունենալ, լավագույն դեպքում կարող է ունենալ բարի համբավ»։

Նշենք, որ այսօր Ավինյանն անդրադարձել էր այս գործին և լրատվամիջոցներին խորհուրդ էր տվել որևէ մեկին զրպարտելուց, որևէ մեկի վերաբերյալ սուտ գրելուց ուղղակի հաշվի առնել, որ հնարավոր են նաև նմանատիպ գործընթացներ:

«Մնացած առումով ես լրատվամիջոցների ոչ թշնամին եմ, ոչ էլ ցանկություն ունեմ դատական գործընթացների մեջ մտնել որևէ լրատվամիջոցի հետ: Բայց, ցավոք սրտի, քանի դեռ ակնհայտ և բացահայտ ստեր և զրպարտություններ են գրվում իմ կամ որևէ այլ պաշտոնյայի վերաբերյալ, այս պրոցեսներն անխուսափելի են»,-ասաց նա:



Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարի 25-ին 168.am կայքը հրապարակել է Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկում՝ Տիգրան Ավինյանի մասին: «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» տեսանյութում օգտագործվել են Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, բաց աղբյուրներից վերցված այլ տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, ունեցվածքի մասին:

Նշենք, որ մեր նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ Ավինյանը ևս 9 մլն դրամի հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել նաև լրատվամիջոցի՝ «168.am»-ի նկատմամբ։