Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Միտք 2 շաբաթ առաջ - 14:03 14-04-2024

Իրանն առաջին անգամ բացահայտեց իր զինանոցը․ Իրան-Իսրայել հակամարտության հետքերով

Իսրայել.

Իսրայելական բանակը (IDF), ըստ բազմաթիվ փորձագետների, 18-րդն է աշխարհում։ Այն ունի միջուկային զենք, ավելի ճիշտ՝ 90 միջուկային մարտագլխիկ։

IDF-ն ունի IronDome հակաօդային պաշտպանություն՝ պաշտպանության առաջինգիծը, որը մշակվել է իսրայելական Rafael ընկերության կողմից։ Դրա արդյունավետությունը 90% է:

2023 թվականի դրությամբ ակտիվ զինվորականների թիվը կազմում է գրեթե 170 հազար մարդ, իսրայելցի պահեստազորայինները՝ ավելի քան 460 հազար մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակը զինված է առաջադեմ տեխնիկայով, ներառյալ սեփական արտադրությունը.

— ավելի քան 2000 տանկ,
— ավելի քան 500 ինքնագնաց հրետանային միավոր,
— ավելի քան 250 կործանիչ, այդ թվում՝ 50 F-35,
— ավելի քան 120 ուղղաթիռ,
— մոտ 50 ռազմանավ,
— 5 սուզանավ։

Իրան.

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը խաղաղ ժամանակ բաղկացած են երկու առանձին կառույցներից՝ կանոնավոր բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ):

Իրանի զինված ուժերի ընդհանուր թիվը 2016 թվականի դրությամբ կազմում է ավելի քան 520 հազար մարդ։ Բանակի ռեզերվը կազմում է մոտ 350 հազար մարդ։

Բանակի ցամաքային ուժերը (ընդամենը՝ 350 հազար զինվորականներ, որից 220 հազարը՝ ժամկետային զինծառայողներ) իրենց տրամադրության տակ ունեն ավելի քան 1600 տանկ։

Ծառայության մեջ են նաև ավելի քան 8700 հրանոթներ և կայանքներ։

Բացի այդ․

— ավելի քան 200 ուղղաթիռ;
— 29 սուզանավ;
— 69 ռազմանավ;
— առնվազն 180 կործանիչ:

Փորձագիտական հանրույթում կա համոզմունք, որ Իսրայելը, հրթիռակոծելով Դամասկոսում իրանական հյուպատոսության շենքը և սպանելով իրանցի բարձրաստիճան զինվորականների, սադրել է Իրանին՝ բացել իր զինանոցը, որի օգտագործումը պետք է հանդիսանա իսրայելական պաշտպանական համակարգի ստուգատես։

Իսրայելական և իսրայելամերձ կողմերի հայտարարությունների համաձայն՝ իրանական ԱԹՍ-ները և հրթիռները մեծ մասով վնասազերծվել են՝ չհասնելով թիրախակետերին։ ՑԱԽԱԼ-ի խոսնակ Դանիել Հագարիի տվյալներով՝ Իսրայելի ուղղությամբ Իրանն արձակել է շուրջ 300 հրթիռ և 170 ԱԹՍ, դրանց 99%-ը խփվել է՝ դեռևս չմտած Իսրայելի օդային տարածք։

Արձակվել են նաև 30 թևավոր հրթիռներ, նրանք նույնպես չեն հասցրել հասնել Իսրայելին․ հրթիռներից 25-ը խփվել են Իսրայելի օդուժի կողմից, մյուսներն ընկել են Իսրայելի սահմաններից դուրս։

Հագարին հայտնել է նաև, որ Իրանն արձակել է 120 բալիստիկ հրթիռ, որոնցից մի քանիսին հաջողվել է շրջանցել իսրայելական հակահրթիռային համակարգերին և խոցել երկրի հարավում գտնվող Նևատիմ ռազմակայանը։ Պատճառված վնասն աննշան է, ըստ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցչի։

Այդ ամենից բացի, Իսրայելի ուղղությամբ զինամթերք են արձակել նաև Եմենի և Իրաքի տարածքում գտնվող իրանամետ ուժերը, բայց այս դեպքում ևս Իսրայելին վնաս չի պատճառվել։

Փաստորեն կարելի է ասել, որ Իրանն առաջին անգամ բացահայտեց իր զինանոցը։ Եվ պատահական չէ, որ Իսրայելի պաշտոնյաները՝ Ազգային անվտանգության և Արտաքին գործերի նախարարները, ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարել են, որ Իսրայելը մոտակա 48 ժամերի ընթացքում պատասխան հարված կհասցնի Իրանին։ Սա նշանակում է, որ Իսրայելն իր համար արել է անհրաժեշտ հետևություններ ու համոզված է, որ Իրանին, հատկապես իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու դեպքում մնալու է անպատիժ։

Մյուս կողմից, Իրանի ԶՈւ ԳՇ պետը հայտարարել է, որ Իսրայելի կողմից պատասխան գործողության դեպքում իրանական զինուժը կձեռնարկի անհամեմատ մեծ մասշտաբի քայլեր։

Այսպիսով, առայժմ պայքարը ծավալված է տեղեկատվական տիրույթում, հատկապես ապատեղեկատվության մեծ հոսքերի արտադրմամբ և տարածմամբ, սակայն Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի սկիզբը, որին անցյալ տարվա հոկտեմբերից ձգտում է Նաթանյահուն՝ փորձելով ռազմական կոնֆլիկտ ներքաշել ԱՄՆ-ին, դառնում է ավելի ու ավելի իրական։

Տիգրան Աթանեսյան

Ձեզ գուցե հետաքրքրի