Գյումրի բժշկական կենտրոնը մարզի միակ հիվանդանոցն է, որը բացվել է Գյումրիում գործող 3 խոշոր բուժհաստատությունների միավորման արդյունքում (Սամարիթեր, Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց և երկաթգծի հիվանդանոց): Հետագայում Գյումրի ԲԿ-ին է միացել նաև պաթանատոմիկը։
2020 թվականից սկսված օպտիմալացման գործընթացով հիվանդանոցում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, քաղաքում գործող նույնիսկ նեղ մասնագիտական բուժհաստատությունները միավորել են Գյումրի ԲԿ-ին, ինչը բուժառուների մոտ դժգոհություններ է առաջացրել։ Oragir.News-ի հետ զրույցում քիմիոթերապիայի կուրս ստացող պացիենտներից մեկը ասում է, որ հիվանդանոցի նկուղում է ստանում կուրսը , որտեղ ո'չ լուսամուտներ կան, ո'չ օդատար համակարգ։
Նշենք, որ 2020 թվականից սկսված՝ օպտիմալացման գործընթացով Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում իրար հետևից փակվել են մի շարք բժշկական հաստատություններ, այդ թվում՝ ծննդատներ ու մասնագիտացված հիվանդանոցներ։
2021 թվականի հուլիսից Գյումրի ԲԿ-ին միացել է օնկոլոգիական դիսպանսերը, որը գրեթե 6 ամիս նորմալ չի գործել, իսկ 2021 թ նոյեմբեր ամսից ձևավորվել է որպես օնկո բաժանմունք։2022 թ. նոյեմբերին Գյումրի ԲԿ-ին է միացել մարզի ինֆեկցիոն հիվանդանոցը։
Oragir.News-ը զրուցել է Գյումրի ԲԿ -ի նախկին աշխատակիցներից մեկի հետ, ում խնդրանքով անունը չենք հրապարակում, որովհետև այս պահին դատական պրոցեսների մեջ է։
«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը տեղակայվել է Գյումրիի ԲԿ-ի չորրորդ հարկում գտնվող թերապեւտիկ բաժանմունքի մեջ 5-6 հիվանդասենյակներում, այսինքն`մեծահասակների և փոքրերի հիվանդասենյակները եղել են խառը։ Խախտվել են սանիպետ նորմերը, որովհետև կոյուղին և ջուրը առանձնացված չեն, իսկ սա շատ կարևոր պայման է ինֆեկցիոն հիվանդանոցի համար։ Չնայած ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը հարցազրույցում ասում է, որ վարակը չի կարող տարածվել, բայց ես ասում եմ, որ չի կարող չտարածվել, որովհետև այնպիսի տեղ է տեղակայված բաժանմունքը, որ բոլոր բալկոնները բաց են և օդը խառնվում է ամբողջ հիվանդանոցում։ Այսինքն`այս հիվանդանոցում աշխատող վարակաբանները ձևական բնույթ են կրում և պետությունից ստանում են բավականին բարձր աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար»,-ասում է մեր զրուցակիցը։
Մյուս կարևոր խնդիրն այն է, որ բոլոր լաբորատորիաները և լաբորատոր բաժանմունքները տեղակայվել են մեկ սենյակի մեջ, որը ըստ մեր զրուցակցի`սանիտարական նորմերի մոխրագույն խախտում է։
«Ուռուցքաբանական բաժանմունքը գտնվում է Գյումրի ԲԿ-ի նկուղային հարկում, իսկ նկուղային հարկում են գտնվում տեխնիկական սենյակները։Մի հատվածում են գտնվում հիվանդանոցի մորգը, հարեւանությամբ են գտնվում բանվորների սենյակները, լվացքատունն ու հականեխման սենյակը։Նկուղային հարկը որպես այդպիսին չունի ո'չ լուսամուտներ, ո'չ օդատար համակարգ, այսինքն`չի կարող օգտագործվել հիվանդասենյակների համար։ Օնկոլոգիական բաժանմունքի հիվանդները քիմիոթերապիայի կուրսեր ստանում են նկուղում և այստեղ խախտվում է հիվանդների առողջապահական իրավունքը»,-ասում է Գյումրի ԲԿ-ի նախկին աշխատողը։
Նրա խոսքով`բոլոր քաղաքակիրթ երկրներում մի քաղաքում գործում են մի քանի հիվանդանոցներ, բայց մեր երկրում չգիտես ինչու ամեն ինչ կենտրոնացրել են մեկ բուժհաստատությունում։
«Մենք փաստացի պատերազմող երկիր ենք և բոլոր բուժհաստատությունները տեղակայել մի վայրում, կամ սա պետական դավաճանություն է, կամ անգրագիտություն։Այսինքն`եթե մարտական գործողություններ լինեն, ապա բժշկական կենտրոնը կհայտնվի թիրախում»,-ընդգծեց նախկին բուժաշխատողը։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի կառավարության որոշմամբ էլ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ն վերակազմակերպվեց «Գյումրի» ԲԿ-ի հետ և Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի և Գյումրու բժշկական կենտրոնի միավորման արդյունքում բաժանմունքների տեղափոխություններն ու ծառայությունների վերաբաշխումն ավարտվել է։ Առաջինը Գյումրիի ծննդատան մասնաշենք տեղափոխվեց ավստրիականի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, տեղում է մնացել մանկական բաժանմունքը։ Միաժամանակ կրկնակի տեղափոխություններ են եղել։ Ինֆեկցիոն բաժանմունքին և լաբորատոր բոլոր ծառայություններին տարածք է հատկացվել մանկական հիվանդանոցում։