copy image url
Միտք Ներքին 3 շաբաթ առաջ - 09:00 12-04-2024

Ինչի՞ն է սպասում ԱՄՆ-ն, և ե՞րբ կհստակեցվի Արցախի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը

Հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման մասին դրական ակնարկներ են արվել ապրիլի 5-ի բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ։ Եվ ակնկալվում է, որ առաջիկայում ԱՄՆ-ն կընդլայնի գործակցությունը ՀՀ-ի հետ։ Հաշվի առնելով Հայաստանի անվտանգային, պաշտպանական լուրջ մարտահրավերները, ակնկալվում է, որ գործակցությունն առաջին հերթին ուղղված կլինի այդ ոլորտներին։

Իրականում՝ ԱՄՆ-ն չի շտապում խորացնել գործակցությունը Հայաստանի հետ կարևոր ոլորտներում։ Սա է վկայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին։ Թե՛ խաղաղության բանակցություններին, թե՛ արտաքին քաղաքականությանը, թե՛ արցախահայերի խնդրին վերաբերող հարցերին դեսպանի տված պատասխանները ցույց են տալիս, թե ԱՄՆ-ն ինչ-որ բանի է սպասում։

Մասնավորապես՝ դեսպանը նշում է. «Մենք փորձում ենք ուղիներ փնտրել՝ Հայաստանը դարձնելու ավելի ուժեղ, ավելի անկախ և ունենալ տարբեր աղբյուրներ և առևտրային գործընկերներ, որոնք Հայաստանին թույլ կտան ունենալ ճկունություն և ազատություն՝ հույսը մեկի վրա չդնելու և ինչ-որ մեկի թելադրանքի տակ չլինելու համար»։ Իսկ արդյո՞ք ՔՊ-ական իշխանությունն ուզում է, որ Հայաստանն ուժեղ, ավելի անկախ լինի, հույսը մեկի վրա չդնի, ինչ-որ մեկի թելադրանքի տակ չլինի։

ՔՊ-ական որոշ գործիչներ հրապարակավ հայտարարում են, որ ՀՀ-ն ռուսական որոշակի թելադրանքի տակ է եղել և կա։ Բայց այդ ուղությամբ նախաձեռնություններով հանդես չեն գալիս։ Հաճախ խոսում են դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, սակայն հիմնարար, ծրագրային, հայեցակարգային փաստաթղթերում չեն նշում այդ մասին։ Դիվերսիֆիկացմանն ուղղված բոլոր քայլերին կոշտ արձագանք է տալիս Մոսկվան, սակայն ՀՀ-ն համարժեք չի պատասխանում։ Տպավորություն է, թե դիվերսիֆիկացումը ձևական է կամ պիլոտային ծրագիր, կարող է չշարունակվել, ընթացք չստանալ։

Այս կասկածները փարատելու համար իշխանությունները պարտավոր են խոսել ոչ միայն խաղաղության մասին, այլև այդ խաղաղությունը պաշտպանելու իրական հիմքեր ստեղծել։ Անվիճելի է, որ եթե ռուսական քաղաքական, տնտեսական, ռազմական և գործակալական ազդեցությունը պահպանվի Հայաստանում, ապա խաղաղություն չի լինի։ Հետևաբար՝ ՀՀ իշխանությունները, եթե իրոք ուզում են ազատվել ռուսական թելադրանքից, ապա առնվազն պետք է վերանայեն անվտանգային, արտաքին քաղաքական հայեցակարգերը, թարմացնեն կառավարության ծրագրերը, ԱԺ օրակարգ բերեն ռուսական ազդեցությունը չեզոքացնող նախագծեր։

Ուշագրավ է նաև ԱՄՆ դեսպանի անդրադարձը արցախահայերի խնդրին։ Թեև Միացյալ Նահանգները չունի հստակ գնահատական՝ Ղարաբաղում տեղի ունեցածը տեղահանությո՞ւն էր, թե՞ էթնիկ զտում, սակայն դեսպանը համարում է, որ արցախահայերի, Արցախի հարցը փակված չէ ԱՄՆ-ի համար։ Եվ նրանք փնտրում են ուղիներ արցախահայերի իրավունքները վերականգնելու, նրանց վերադարձն ու Արցախում անվտանգ ապրելն ապահովելու համար։

Հայ-ամերիկյան գործակցության խորացման ուղղությամբ Հայաստանը կարող է նաև նոր մեծ պայմանագիր մշակել, որտեղ կներառվեն գործակցության բազմաթիվ ոլորտներ։ Այսպիսով կստեղծվեն դաշնակցային իրական հարաբերություններ։ Այնինչ՝ ՔՊ-ական իշխանությունն այս ուղությամբ ևս տեսանելի ոչինչ չի նախաձեռնում։

Հոռետեսները կարծում են, որ նույնիսկ այսպիսի իրավապայմանագրային հիմքերի դեպքում ՔՊ-ական իշխանությունը էական ոչինչ չի փոխելու։ Այս հոռետեսության հիմքն է այն, որ 2017-ին ՀՀ-ԵՄ համաձայնագրի կետերի մեծ մասը մնացել են թղթի վրա։ Հետևաբար՝ԱՄՆ-ի ջանքերը Հայաստանին աջակցելու, նրա անկախությունը, ժողովորդավարությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ուղղությամբ էական առաջընթաց չեն արձանագրի, քանի դեռ ՀՀ իշխանությունը ընդառաջ համարժեք քայլեր չի անում։ Եվ երբ այդպիսի քայլեր արվեն, ապա, ենթադրաբար՝ ԱՄՆ-ն արագ կհստակեցնի իր դիրքորոշումը թե՛ Ադրբեջանի, թե՛ Արցախի, և թե՛ Հայաստանի վերաբերյալ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված