copy image url
Արտաքին Ներքին Խոսք 3 շաբաթ առաջ - 22:30 08-04-2024

Փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում. ՀՀ-ի համար արևմուտքն Ադրբեջանին «իզգոյ» չի ճանաչի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ։ Չնայած այս հանդիպման ֆոնին Հայաստանում ձևավորված մեկ ակնկալիքներին՝ դրա արդյունքներով պարզ դարձավ, որ առաջիկա 4 տարում ԵՄ-ն Հայաստանին 270 միլիոն եվրո, իսկ ԱՄՆ 65 միլիոն դոլար դրամաշնորհ կհատկացնի։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանն ընդգծեց, որ հանդիպման արդյունքներն այս պահին վաղ է գնահատել այն իմաստով, որով այն հրավիրվել էր։ Ըստ նրա՝ եթե հաշվի առնենք այն սպասելիքները, որոնք գեներացվել էին հայ հասարակության մեջ, ապա այդ համատեքստում կարող ենք պնդել, որ հանդիպումը տապալված էր։

«Սակայն այստեղ խնդիրը ոչ թե հանդիպմանն ու նրա բովանդակությանն է վերաբերում, այլ իշխանությունների ու մերձիշխանական շրջանակների կողմից գեներացված տրամադրություններին, որոնցով հասարակության մոտ տպավորություններ էր ստեղծվել, թե սա լինելու է փրկարար օղակ, ինչպես նաև հնարավորություն՝ ռազմաքաղաքական բալանսը վերականգնելու համար։ Ինչպես հանդիպման նախօրեին հնչած հայտարարությունները, այնպես էլ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչների զրույցը Բաքվի բռնապետի հետ ու դրանցից հետո հնչած հայտարարությունները եկան փաստելու, որ սա հիմնականում և առավելապես տնտեսական նշանակություն ունեցող հանդիպում էր»,- կարծում է նա։

Արա Պողոսյանը նկատում է, որ այս հանդիպման համատեքստում առավելագույնը կարելի է խոսել տնտեսական, ֆինանսական և որոշակի առումով նաև քաղաքական դիվիդենտների մասին։ Նա միևնույն ժամանակ շեշտեց, որ գոնե այս պահին ու հնչած հայտարարությունների ֆոնին ավելին պետք չէ ակնկալել, հատկապես եթե նկատի ունենք պաշտպանական համագործակցությունը։

Հարցին, թե Հայաստանն ինչ անկալիքներ պետք է ունենա Արևմուտքի հետ փոխգործակցությունից, Արա Պողոսյանը պատասխանեց, որ այս պահին արձանագրված նվազագույն արդյունքն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ «Օբյեկտիվ պատճառներից մեկն էլ անվտանգությունն է, որովհետև ներդրումներ կատարելը նշանակում է վստահություն ունենալ այդ ներդրումների պաշտպանվածության իմաստով։ Ոչ մի պետություն, կամ ուժային բևեռ երբեք միլիարդավոր դոլարներ չի վտանգի, եթե վստահ չլինի, որ ուժային հնարավորություններով դրանք կարող է ապահովագրել»,- ասաց նա։

Քաղաքագետը միևնույն ժամանակ արձանագրեց, որ բոլոր աշխարհաքաղաքական բևեռներին՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին ու ՌԴ-ին, տարածաշրջանն անհրաժեշտ է ոչ թե առանձին վերցրած, այլ՝ ընդհանրության մեջ։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական դերակատարներին պետք է ամբողջությամբ, որովհետև տարածաշրջանի ռազմավարական նշանակությունն ամբողջականության մեջ է։

«Նկատի ունեմ թե՛ կասպիական հարստությունը դեպի Արևմուտք տանելու, թե՛ լոգիստիկ հնարավորություններն ամբողջության մեջ օգտագործելու առումով։ Հետևաբար վստահորեն կարելի է պնդել, որ Արևմուտքը գոնե այս փուլում, քանի դեռ տարածաշրջանն իր հետաքրքրությունների համար ունի ռազմավարական նշանակություն, ինչպես նաև հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ հնարավորությունները, ապա միակողմանիորեն, հատկապես Հայաստանի Հանրապետության համար, Ադրբեջանին «իզգոյ» պետություն դիտարկելու ճանապարհով չի գնա»,- նշեց նա։

Պողոսյանի համոզմամբ՝ եթե Արևմուտքն աջակցի Հայաստանին՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսը վերականգնելու հարցում, ապա դա կնշանակի մեկուսացնել Ադրբեջանին։ Նա հիշեցրեց, որ այդ մասին զգուշացնում էին ինչպես Թուրքիայի ամենատարբեր պաշտոնյաները, այնպես էլ Ադրբեջանն էր սրանով մտահոգված։

Մեր զրուցակիցը նկատում է՝ ժամանակը ցույց կտա, որ սա պարզապես փոթորիկ էր մեկ բաժակ ջրում, ու գոնե այս հանդիպումը գոնե այս պահին ուղղված է ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ Հայաստանի՝ տնտեսական հնարավորություններ բարձրացնելով մեր երկիրն Արևմուտքին մոտեցնելուն։

«Այն, որ մենք հաճախ խոսում ենք, որ Հայաստանի տնտեսությունն ու տնտեսական հիմնական լարերը կապված են Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության հետ, ապա սրա այլընտրանքն արդեն պետք է լիներ արևմուտքի կողմից որոշակի տնտեսական աջակցության տրամադրումը։ Գոնե այս փուլում, ինչպես արդեն նշեցի, տնտեսական աջակցությունը լինելու է բավականին համեստ, քանի դեռ անվտանգային ամուր երաշխիքներ չկան, իսկ երաշխիքներն, արևմուտքի պատկերացմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելուն աջակցելն է, այդ թվում Թուրքիայի միջոցով ու մասնակցությամբ»,- նշեց նա։

Արա Պողոսյանը հավելեց, որ նման պայմաններում գոնե միջնաժամկետ հեռանկարում արևմուտքը Հայաստանում և տարածաշրջանում ներդրումներ կատարելիս իրեն ապահով կզգա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի