copy image url
Ներքին Արտաքին Խոսք 4 շաբաթ առաջ - 21:30 28-03-2024

Ադրբեջանին և նրա ռուս-թուրքական տերերին անհանգստացնում է, որ արևմուտքն աջակցում է ՀՀ-ին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում մեղադրել էր ԱՄՆ-ին ու ԵՄ-ին՝ հայանպաստ դիրքորոշում ցուցաբերելու մեջ։ Բաքվի պնդմամբ՝ «ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»։

«Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հանրային դիրքորոշումը Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներում։ Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»,- նշվում էր հայտարարությունում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ կոնկրետ նշվում է ապրիլի 5-ին կայանլիք Հայաստան-ԵՄ հանդիպման մասին, ուստի այն հենց դրա համար էլ ձևավորվել ու տարածվել է։ Նա ասաց, որ ապրիլի 5–ին տեղի է ունենալու բավականին ներկայացուցչական հանդիպում՝ Հայաստանի վարչապետի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։

Ռոբերտ Ղևոնդյանը շեշտում է, որ ըստ ամենայնի այս հանդիպման ժամանակ Հայաստանին՝ իր կարողունակությունների ամրապնդման նոր առաջարկներ են լինելու։ Ըստ նրա՝ խոսքն առաջին հերթին վերաբերում է անվտանգությանը, որը շատերի մոտ ասոցացվում է ռազմական տեխնիկայի փոխանցման ու զինվորականների հետ, սակայն իրականությունն այդպիսին չէ, ֆինանսական և տնտեսական օգնությունը նույնպես ՀՀ-ի անվտանգության բարելավման միջոցներից է։

Մեր զրուցակիցը կարծում է՝ միտումներ կան, որ Հայաստանին նման օգնություն կառաջարկվի, ինչն էլ անհանգստացնում է Ադրբեջանին, ինչպես նաև նրա ռուսական ու թուրքական տերերին։ «Ակնհայտ է, որ Հայաստանի հնարավորությունների մեծացումը խնդիրներ է առաջ բերում Ադրբեջանի համար, որպեսզի վերջինս ճնշումների գործադրմամբ ավելի շատ զիջումներ կորզի մեր երկրից։ Ադրբեջանին, նրա ռուսական ու թուրքական տերերին ձեռնտու չէ, որ Հայաստանը բանակցություններում ավելի կոշտ դիրքերից հանդես գա, հարկ եղած դեպքում «ոչ» ասի, ուստի նրանք փորձում են օգտվել Հայաստանի թույլ դիրքերից և ավելին կորզել»,- շեշտում է նա։

Քաղաքագետը հիշեցրեց, որ այս մասին բացահայտ կերպով խոսել է ՌԴ ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով հայտարարել էր, որ ՀՀ-ին զենք չի մատակարարվել, որպեսզի նա չկարողանա կոշտ լինել բանակցային գործընթացում։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Ադրբեջանն այս հայտարարությունը փորձում է օգտագործել՝ ՀՀ-ի դեմ իր նոր ագրեսիան լեգիտիմացնելու նպատակով, Ղևոնդյանը պատասխանեց, որ փոքր սադրանքները հնարավոր համարում է, սակայն մեծամասշտաբ ռազմական գործողություններն այս պահին իրատեսական չեն․ «Նախ այն պատճառով, որ դա Ադրբեջանին պետք չէ՝ անկախ նրանից՝ Հայաստանի հնարավորություններն ավելանո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետև Ադրբեջանը ձեռք է բերել շատ ավելին, քան կարելի էր կանխատեսել, որ նա ձեռք կբերեր լայնամասշտաբ ագրեսիայի դեպքում։ Ուստի անտրամաբանական մի քանի անգամ ավելի մեծ ռիսկի դիմել՝ ունեցածի համեմատ ավելի քիչ բան ձեռք բերելու համար»։

Մեր զրուցակիցը նկատում է, որ այն, ինչ այս փուլում Ադրբեջանը պահանջում է Հայաստանից՝ առաջին հերթին «Զանգեզուրի միջանցք»-ը, այն ավելի շատ պետք է ոչ թե նրան, այլ վերջինիս ռուսական ու թուրքական տերերին, հատկապես առաջինին։ Ըստ նրա՝ Ադրբեջանի ղեկավարը բավականին խորամանկ քաղաքական գործիչ է, ով հասկանում է, որ անհաջողության դեպքում կարող է կորցնել նաև այն, ինչ ձեռք է բերել մինչ այժմ։

Ռոբերտ Ղևոնդյանը հավելեց, որ այս ամենը հաշվի առնելով՝ Ալիևն առաջիկայում լայնածավալ ռազմական գործողությունների չի դիմի։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին