Թշնամին նախօրեին կրակել էր Սյունիքի մարզի Տեղ գոյւղի տներից մեկի վրա ինչի հետևանքով տան պատուհանը կոտրվել էր։
Oragir.News-ին հայտնի դարձավ, որ տունը պատկանում է Տեղ գյուղի բնակիչ Մուրադ Ղավալբաբունցին, որն ապրում է մոր, կնոջ և որդու հետ։ Տղամարդու խոսքով՝ կրակոցները եղել են կեսգիշերից հետո, երբ բոլորը քնած են եղել։
«Գիշերը 1-ից 20 պակաս կրակոցները սկսվեցին։ Կրակեցին ննջասենյակի պատուհանին, որտեղ այդ պահին քնած էին մայրս և որդիս՝ տատ ու թոռ։ Փամփուշտը ընկել է ներս։ Տղաս 18 տարեկան է, այս տարի բանակ է գնալու։ Շուշեքը, որ ջարդվեցին, զարթնեցինք, արագ տեղափոխվեցինք մյուս սենյակ, մինչև ձայները կտրվեցին։ Կրակոցները շատ երկար չեն տևեել, ընդամենը՝ 5-10 րոպե, բայց միևնույն է այդ սենյակ չվերադարձան, այդպես լուսացրեցինք»,-
Oragir.News-ի հետ զրույցում պատմեց բնակիչը։

Նրա խոսքով՝ քննչական գործողություններ են իրականացվել տանը, այս պահին ԵՄ դիտորդներն են ժամանել․
«Քննչականը երեկ 2 անգամ եկել է,նկարել են, փամփուշտը տարել են։ Այս պահին էլ Եվրոպական միության աշխատակիցներն են մեր տանը։ Կրակոցի հետևանքով կոտրված ապակին դեռ չենք վերանորոգել, քանի որ ասել էին՝ ԵՄ-ի աշխատակիցները գալու են նայեն»։
Տեղի բնակչից հետաքրքրվեցինք, արդյոք նման դեպք էլի՞ էր եղել, որ թշնամին կրակեր բնակելի տների վրա․
«Չէ-չէ, ո՞վ կպատկերացներ նման բան․ առաջին անգամ է»։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ թշնամին կրակել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկի տան վրա,ինչի հետևանքով պատուհանը կոտրվել է։ Բարեբախտաբար տուժածներ չկան։