Ուղիղ եթեր
Ուռուցքներ, սիրտ-անոթային հիվանդություններ․ ինչի է հանգեցնելու մասայական ծառահատումը
copy image url

Ուռուցքներ, սիրտ-անոթային հիվանդություններ․ ինչի է հանգեցնելու մասայական ծառահատումը

Ներքին 1 տարի առաջ - 18:00 06-04-2024
«Սկզբում կուզեմ նշել, որ մասսակայան ծառահատումները բերել են բողոքի լուրջ ալիքի, և մասնագիտական մի շարք խմբեր և կազմակերպություններ արձագանքում են և փաստում, որ այս ծավալի ծառահատումը չի համապատասխանում ծառերի սահուն փոխարինման ծրագրին»,- այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց առողջապահության ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում վերջին շաբաթներին իրականացվող ծառահատումներին։

Փորձագետի գնահատմամբ՝ բոլոր դեպքերում ծառերը փոխարինելու անհրաժեշտություն կա որոշ ժամանակ հետո, սակայն կանաչ տարածքների մասսայական կորուստը բացասական ազդեցություն է ունենալու քաղաքացիների առողջության վրա։

«Հղում անելով Հայաստանի Հանրապետության ներկա վիճակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմանը՝ կարող եմ ասել, որ ՀՀ-ում ԱՀԿ կողմից սահմանված միջինացված թույլատրելի սահմանաչափից շուրջ 7 անգամ աղտոտված է մթնոլորտը։ Եթե նորմայում այդ ցուցանիշը կազմում է 5 միկրոգրամ մետր խորանարդ, ապա Հայաստանում այն կազմում է 34 միկրոգրամ մետր խորանարդ։

Ինչ վերաբերում է կոնկրետ Երևանին, պիտի ասեմ, որ այս դեպքում էլ արդյունքը միջինից բարձր է մոտավորապես 9-10 անգամ։ Եթե մենք կանաչ գոտիներից «ազատում ենք» Երևանը, իսկ դրա փոխարեն տնկում ենք ծառեր, որոնք առնվազն 4-5 տարի հետո են սաղարթի ծածկույթ ապահովելու, ապա ստեղծված իրավիճակը կտրուկ ազդեցություն է ունենալու Երևանում բնակվողների վրա, նամանավանդ սիրտ-անոթային համակարգի՝ սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքային, ալերգիկ հիվանդություններ ունեցողների վրա։

Աղտոտվածությունը շատ բացասական ազդեցություն է ունենում նաև կլիմայի փոփոխության վրա: Փաստեմ, որ ամբողջ աշխարհում գլոբալ տաքացման հիմնախնդրի դեմ պայքար է ընթանում, իսկ մեզ մոտ իրականացվում են շրջադարձային հակառակ գործընթացներ՝ նպաստելով հատկապես ամռանը արևի ճառագայթների, օդի աղտոտվածության բացասական ազդեցության ուժեղացմանը քաղաքացիների վրա: Այս ծավալի ծառահատումները հատկապես կտրուկ ազդեցություն են ունենալու ռիսկային խմբում գտնվող քրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիների վրա։ Հետևաբար, կանաչ գոտիների վերացնելու հետ կապված՝ քաղաքացիների առողջապահական խնդիրների առումով չենք կարող որևէ դրական ազդեցություն արձանագրել»։

Վարդանյանի խոսքով՝ չնայած հանրային առողջապահական խնդիրների մասին բարձրաձայնմանը՝ նախարարությունը առկա իրավիճակում կոնկրետ քայլեր չի մշակում․

«Վերջին տարիներին ակտիվ բարձրաձայնվում է հանրային առողջապահական խնդիրների մասին։ Սակայն զարմանալիորեն ՀՀ Առողջապահության նախարարությունը ռեակցիա չի տալիս, չի բարձրաձայնում արտաքին միջավայրի փոփոխության՝ մասսայական ծառահատումների արդյունքում մարդու առողջության վրա ունեցած բացասական ազդեցության մասին։

Առաջնահերթ կցանկանայի, որ Առողջապահության նախարարությունը վերջիվերջո նախաձեռներ առողջապահության մասին օրենքի մշակումն ու հաստատումը: Սակայն ցավով փաստում եմ, որ նախարարությունը այս առումով անգործության է մատնված։ Ասում են՝ էլեկտրոնային դեղատոմսը հանուն բնակիչների առողջության են ներդրել, բայց հանուն առողջության չկա՞ որևէ հարց ծառահատումների մասով․ որևէ համագործակցություն չկա՞ Երևանի քաղաքապետարանի՝ իրենց կոլեգաների հետ։

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» համապատասխան բաժինների մասնագետները բավական լավ կապերի մեջ են արտերկրի առաջատար մասնագետների, կազմակերպությունների հետ հետևաբար տիրապետում են շատ լուրջ և ծավալուն տեղեկության մարդու վրա արտաքին միջավայրի գործոնների ազդեցության վերաբերյալ, սակայն ծառահատման թեմայով լուռ են ու որևէ ձայն չեն հանում, մասնագիտական կարծիք չեն հնչեցնում»։

Մասնագետը խորհուրդ տվեց նաև՝ ինչպես է պետք վարվել բարձր ջերմաստիճանի պայմաններում․

«Խորհուրդս է ամառվա շատ բարձր ջերմաստիճանին արևի տակ չլինել, որովհետև ուլտրամանուշակագույն ճառագայթները բավական բացասական են անդրադառնում առողջության վրա՝ նաև հաշվի առնելով, որ կտրուկ պակասել են կանաչ տարածքները, արձակուրդները հնարավորինս անցկացնել Երևանից դուրս, շատ հեղուկ ընդունել և ընդհանուր թուլություն, գլխացավ և այլ գանգատներ նկատելու դեպքում անհապաղ դիմել տեղամասային բժիշկներին»։

Զրույցն ամփոփելով՝ Ծաղիկ Վարդանյանը Առողջապահության նախարարությանը արթնանալու կոչ արեց․

«Սա պակաս կարևոր գործոն չէ, քան ծխելը, աղի օգտագործումը։ Այս պահին նախարարության առողջապահական տետրը պիտի շատ ակտիվ աշխատի։ Այսքան հետևելով՝ չեմ տեսել որևէ հորդոր կամ թեկուզ աջակցություն Երևանի քաղաքապետարանին, որ ավելի ճիշտ կազմակերպի գործընթացը»։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»