Երևան +22°
copy image url
Արտաքին Խոսք 3 շաբաթ առաջ - 22:30 04-04-2024

Իսրայելը ձգտում է Իրանին պատերազմի մեջ ներքաշել. Թեհրանը չի կարող չհակադարձել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ապրիլի 1-ին Իսրայելը հարվածել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին, ինչի հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ։ Այս հարձակման նպատակը, մի շարք փորձագետների պնդմամբ, Իրանին տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշելն էր, որից այդ երկիրն ամեն կերպ ձգտում է խուսափել։

Միևնույն ժամանակ այս օրերին քննարկվում է, թե իրանական կողմն ինչպես է պատասխանելու Դամասկոսում իր հյուպատոսության նկատմամբ իրականացված հարձակումը։ Ինչպես հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, Թեհրանն իրեն իրավունք է վերապահում «ագրեսորների» դեմ պատասխան գործողություններ ձեռնարկել։

Oragir.News-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ Իսրայելն այս պահին իր համար մարտավարական խնդիր է լուծում, որպեսզի տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնի, Իրանին ներքաշի տարածաշրջանային շատ լայն հակամարտության մեջ։ Նրա համոզմամբ՝ նման կերպ Իսրայելի իշխանությունների համար ժամանակային պատուհան կբացվի՝ ոչ միայն Գազայի հատվածում, այլև ողջ տարածաշրջանում իր խնդիրները լուծելու համար։

«Մենք տեսնում ենք, որ Գազայի պատերազմի հետ կապված Իսրայելը շատ լուրջ միջազգային քննադատությունների ու հակաիսրայելական արձագանքների է բախվում, այդ թվում իր դաշնակից ԱՄՆ-ի գործող վարչակազմի կողմից։ Այնպես որ այս պահին Իսրայելը ձգտում է տարածշրջանային լարվածությունը մեծացնել, որում նաև նոր դերակատարներ կներգրավվեն, և որի միջոցով նա կկարողանա իր՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հակասող գործելաոճը փաթեթավորել և ներկայացնել նոր իրողությունների համապատկերում»,- ասաց նա։

Հարցին, թե Իրանն ինչ մեթոդներով կպատասխանի իսրայելական հարձակմանը, և տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմը որքանո՞վ է հավանական, Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ հատկապես Իրանը, և տարածաշրջանային մի շարք խաղացողներ՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերից, խուսափում են տարածաշրջանային մեծ պատերազմից։ Նա շեշտում է, որ այս հարցում Իրանի ռազմավարությունը բնականաբար չի փոխվելու, սակայն միևնույն ժամանակ նա չի էլ կարող չհակադարձել, քանի որ սա իր համար հեղինակության շատ լուրջ խնդիր կլինի։

Փորձագետի համոզմամբ՝ տևական ժամանակ, հատկապես Գազայի պատերազմի մեկնարկից հետո, Իսրայելն անընդհատ տարածաշրջանում թիրախավորել է Իրանի ռազմական հենակետերին՝ Սիրիայի և Լիբանանի տարածքում։ «Վերջին հարձակումն արդեն դիվանագիտական ներկայացուցչության դեմ էր, որը ակնհայտ անթույլատրելի գործողություն է և հանդիսանում է ուղիղ թիրախավորում այն պետության դեմ, որի դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ հարձակումը տեղի է ունեցել։ Այս համատեքստում Իրանը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել՝ իր պատասխան գործողության համար»,- կարծում է նա։

Պետրոսյանը նկատում է, որ լեգիտիմ հիմքերից կարող է լինել, որ միջազգային հանրությունը դատապարտի Իսրայելի գործողությունները։ Նա նշեց, որ այս ուղղությամբ որոշակի հաջողություններ արձանագրվում են, ու Իսրայելը որոշակի քննադատությունների է ենթարկվում՝ Իրանի հյուպատոսության նկատմամբ հարձակում գործելու համար.

«Դրանցից էին հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քննարկումը, ինչպես նաև Իրանի կողմից նախաքննության մեխանիզմի կիրառումը՝ որպես օրինակ խորհրդարանականների հանձնաժողովի գործուղումը Սիրիա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Այսինքն՝ Իրանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում, որպեսզի Իսրայելի դեմ իր պատասխան գործողությունը հակաիրական մեծ ալիք չառաջացնի ու իր դեմ ռազմական լարվածության պատճառ չդանա։ Սակայն այն, որ որոշակի գործողություն լինելու, դա միանշանակ է, պարզապես չեմ կարող ասել, թե թիրախը որտեղ կլինի, և ինչ մասշտաբի գործողություններ կիրականացվեն»։

Հարցին, թե Հայաստանը ինչ վտանգների կարող է բախվել, եթե իրադարձությունները վատթարագույն սցենարով զարգանան, Պետրոսյանը պատասխանեց, որ վատթարագույն տարբերակը տարածաշրջանային մեծ պատերազմն է, որը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար հղի է կործանարար հետևանքներով։ Նա հավելեց, որ դա Հայաստանի համար կառաջացնի ինչպես բուն ռազմական, անվտանգային հետևանքներ, այնպես էլ հումանիտար լրջագույն խնդիրներ։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի