Այսօր՝ ապրիլի 4-ին, նշվում է համացանցի միջազգային օրը։ Համացանցից օգտվողների թիվը մեծ է, և գրեթե չկա մի մարդ, որը զերծ կմնա համացանցից օգտվելու անհրաժեշտությունից։
Շատ են դեպքերը, երբ մարդիկ կիբերհանցագործների կողմից ենթարկվում են խաբեության։ Սոցիալական ցանցերում սպառնալիքների միջոցով խաբեբաները փորձում են մարդկանցից գումար շորթել։ Շատ մարդիկ, անվտանգության կանոններից անտեղյակ լինելով, թույլ են տալիս հանցագործներին իրագործել հանցավոր նպատակները։ Այս խաբեությունից խուսափելու համար հասարակությունը պիտի լինի մեդիագրագետ, իմանա համացանցից օգտվելու անվտանգային կանոնները։
Oragir.News-ի հետ զրույցում մեդիափորձագետ Արթուր Պապյանը մեզ ներկայացրեց անվտանգային ռիսկերը, տարածված կիբերհանցանքներն ու շանտաժից խուսափելու ձևերը։
Հարցին, թե որքանով է մեդիագրագետ մեր հասարակությունը, Արթուր Պապյանը պատասխանեց․
«Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը նույնքան մեդիագրագետ է, ինչքան այլ ժողովուրդները։ Ամբողջ աշխարհում ամեն տարի բազմաթիվ մարդիկ են հայտնվում ինտերնետային տիրույթում, և հաճախ իրենք ինտերնետային վտանգներից անտեղյակ են։ Նույնն էլ մեզ մոտ է, մինչև 2010 թվականը բնակչության 5%-ն էր ինտերնետում, հետո սկսեցին ավելանալ։ Մարդիկ, ովքեր տեղյակ չեն ինտերնետային վտանգներից, հայտնվում են իրենց համար անծանոթ մի միջավայրում, որտեղ գործում են սխալներ, մինչև սովորում են։ Չի կարելի ասել, որ մեզ մոտ մեդիագրագետ չեն»։
Հարցրինք, թե մեր հասարակությունը պաշտպանվա՞ծ է խաբեությունից, այդ թվում՝ շանտաժ նամակներից.
«Առաջինը՝ պետք է հասկանանք, որ մեր հասարակությունը բավականին անհանդուրժող է, և դրանից օգտվում են շանտաժ անողները։ Մեզ մոտ նորմայից շեղումները ծանր են ընդունվում, դա կապված է նրա հետ, որ բնակչության 90%-ից ավելին հայեր են։ Տեսել ենք նույնիսկ դեպքեր, երբ մանկահասակ երեխաները Հայաստանում շանտաժի պատճառով, ինքնասպանություն են գործում։ Շանտաժ անողները օգտվում են հայ հասարակության մեկուսացվածությունից։ Երբ հասարակությունը կդառնա ավելի բաց, այդ ժամանակ էլ շանտաժիստների ջանքերը կնվազեն։ Հայաստանում, երբ մարդկանց շանտաժ են անում, մարդիկ դա ընկալում են որպես անձնական ողբերգություն»։
Հետաքրքրվեցինք, թե շանտաժի ենթարկվելու դեպքում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել։
«Նման դեպքերում առաջնահերթ պետք է տեղեկացվել, օգտվել սոցցանցերի տված գործիքներից՝ արգելափակել կամ բողոքարկել հանցագործներին։ Իրավապահ համակարգը պետք է փորձի նման հանցագործներին բացահայտել ու դատապարտել։ Տարբեր տեխնոլոգիական հարթակների միջոցով են անում դա, բայց պետք է շարունակեն ու կատարելագործեն գործիքակազմը՝ կասեցնելով նմանատիպ հանցագործությունները։ Շանտաժի մասին հրապարակում անելը քաղաքացու կողմից արդեն բավարար հիմք կլինի, որ իրավապահ մարմինները հետաքրքրվեն, քանի որ շանտաժը հանցագործություն է։
Շանտաժից հետո շանտաժողին գումար ուղարկելը վատագույն տարբերակն է, որ կարող է անել քաղաքացին, քանի որ ի՞նչ երաշխիք կարող եք ունենալ, որ շանտաժողը դրանով բավարարվելու է և դրանից հետո ավելի մեծ գումար չի պահանջելու։ Դրանով Դուք խրախուսում եք հանցագործներին այլ մարդկանց նկատմամբ էլ նույն հանցագործությունը գործել»։
Հարցին, թե այսօր ինչ վտանգներն են գերակայում Հայաստանում, Արթուր Պապյանը պատասխանեց․
«Հայաստանում ամենաշատը գերակայում են ֆիշինգային հարձակումները և պարզ խաբեությունը։ Մարդկանց տալիս են խայծ, և եթե նա այդ խայծը կուլ է տալիս, ապա հանցագործության շղթան շարունակվում է։ Մարդկանց ներքաշում են ներդրումային սխեմաների մեջ՝ ասելով՝ գումար տվեք՝ մենք կվերադարձնենք կրկնակին։
Այլ սխեմա է, երբ մարդու քարտի տվյալներն են խաբեությամբ կորզում՝ ասելով՝ քարտի տվյալները տվեք՝ գումար վճարենք, բայց իրականում ամբողջ եղած գումարը քաշում են։
Շատ են նաև դեպքերը, երբ ասում են՝ ձեր էջը կփակվի, մտեք հղումով։ Մարդիկ էլ վախեցած մտնում են հղումով։ Սրանք ամենատարածված հարձակումների տիպերն են»։
Նշենք, որ ըստ փորձագետի՝ բոլոր տարիքային շեմերն էլ շանտաժի ենթարկվելու ռիսկային գոտում են, քանի որ հանցագործները ոչ մի տարիքային շեմի կողքով անտարբեր չեն անցնում։ Երեխաներին խաբեության են ենթարկում խաղերի գայթակղությամբ, իսկ միջին տարիքի մարդկանց բանկային քարտից գումար են շորթում։