Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Միտք 2 տարի առաջ - 21:00 04-04-2024

Ալիևը լավագույնս օգտագործեց ապրիլի 5-ի հանդիպումը՝ սեփական շահերը սպասարկելու համար

Դավիթ Գույումջյան

Խմբագիր


Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի մասնակցությամբ։ Հանդիպումը քննարկվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս՝ շատ հաճախ դառնալով իրարամերժ և հակասող պնդումներ հնչեցնելու լավ առիթ։

Այս գագաթնաժողովի անցկացման որոշման մասին հայտնի էր դարձել դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում կայացած հանդիպման արդյունքներով։ Ապրիլի 5-ի գագաթնաժողովը դժգոհություններ է առաջացրել Մոսկվայում և Բաքվում, որոնք, միմյանց հղում կատարելով, պնդում են, թե այն ուղղված է իրենց դեմ, մինչդեռ ինչպես Բրյուսելն, այնպես էլ Վաշինգտոնը բազմիցս հակառակն են վստահեցնում։

Մոսկվայի դժգոհությունները որոշ չափով հնարավոր է հասկանալ. նա ավանդաբար Հայաստանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանը համարել և համարում է իր ազդեցության գոտիներից մեկը, ուստի խանդով է վերաբերվում այստեղ Արևմուտքի ակտիվացման ցանկացած փորձի։ Շատ հաճախ Մոսկվան իր հայտարարություններում հղում է կատարում Բաքվին՝ պնդելով, որ հանդիպումն ուղղված է վերջինիս դեմ, որը մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում, քանի որ վերջին տարիներին նույն Արևմուտքը կտրուկ մեծացրել է Բաքվի հետ համագործակցության ծավալները՝ առաջին հերթին ռուսական նավթից և գազից ունեցած կախվածությունը թոթափելու նպատակով։

Կարծում ենք, Ադրբեջանին ոչ թե անհանգստացնում է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի գագաթնաժողովի անցկացումը, և վերջինս փորձում է տապալել այն, այլ այդ երկրի իշխանությունները՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, դրանում փորձում են սեփական շահերն ու օրակարգը սպասարկել, ինչը նրանց կարծես թե հաջողվում է։ Չնայած ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նախքան հանդիպումը մի քանի անգամ հայտարարեցին, որ գագաթնաժողովի օրակարգը լինելու է Հայաստանին տնտեսական ու մարդասիրական օգնության տրամադրումը, սակայն դա չբավարարեց Ադրբեջանին, որի հետ ՀՀ-ն ձգտում է խաղաղության պայմանագիր ստորագրել։

Արդեն նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում վերջինիս վստահեցրել է, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ ԱՄՆ պետքարտուղարը, ով Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի մանրամասները՝ պնդել է, որ սահմանին լարվածության աճը չունի արդարացում և զգուշացրել, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։

Չնայած վաղը Բրյուսելում նախատեսված հանդիպումն ի սկզբանե էլ ուղղված չէր Ադբեջանի դեմ, այս երկրի քաղաքական իշխանությունները լավագույնս կարողացան օգտագործել հանդիպման փաստը՝ սեփական շահերն առաջ մղելու նպատակով։ Ադրբեջանի կողմից նման մոտեցումը նոր երևույթ չէ, քանի որ այս երկիրն առհասարակ Արցախի հարցով բանակցային ողջ գործընթացի ժամանակ շանտաժի է ենթարկել միջազգային միջնորդներին, որպեսզի անհրաժեշտ քաղաքական դիվիդենտներ կորզի։

Տևական ժամանակ հենց այս մոտեցման հետևանքով միջազգային հանրությունը Ադրբեջանին ճանաչում էր ապակառուցողական կողմ՝ վերջինիս փակ դռների հետևում ստիպելով ճանաչել Արցախի անկախություն, ինչի մասին հրապարակային խոստովանել է անձամբ Ալիևը՝ Ապրիլյան պատերազմից շատ չանցած։ Մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունները լավագույնս կարողանում էին շահարկել այս հանգամանքը և թույլ չտալ, որ Ադրբեջանն Արցախի դեմ ագրեսիայի համար լեգիտիմ հիմքեր ստեղծի, սակայն ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից և ներկայիս իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով Ադրբեջանին հաջողվեց միջազգային հանրության շրջանում պատերազմ սանձազերծելու հարցով կոնսենսուս ձևավորել, ինչն էլ հանգեցրեց 44-օրյա պատերազմին և հաջորդած ցավալի իրադարձություններին։

Իրականում ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ն, որոնց նախաձեռնությամբ կայանալու է վաղվա հանդիպումը, մտադիր չեն խախտել Երևանի և Բաքվի միջև հավասարության նշանը, ինչի մասին են վկայում թե՛ Արևմուտքից հնչող հայտարարությունները, թե՛ Բլինքենի հեռախոսազանգն Ալիևին։ Եթե Արևմուտքը ՀՀ-ի հետ հաբերությունները բովանդակային առումով խորացնի, ապա զուգահեռաբար նույնքան պետք է տարբերակի նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները, որը հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում չի կարող անել։

Այսպիսով՝ Բրյուսելում կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանը պետք է իրատեսական ակնկալիքներ ունենա, որպեսզի հայ հասարակությունը հերթական անգամ հուսախաբ չլինի։ Չափազանց կարևոր է նաև հաշվարկված արտաքին քաղաքականության իրականացնումը, որը Հայաստանի թշնամիներին թույլ չի տա իր բացթողումների հաշվին դիվիդենտներ շահեր՝ հետագայում դրանք օգտագործելով ՀՀ-ի դեմ։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան