copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 14:00 30-03-2024

Շահրամանյանը ճիշտ ժամանակին «հրահրեց» Փաշինյանին

Մարտի 28-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը բավական երկարատև ելույթ ունեցավ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված որոշ շրջանակների» հայտարարությունների առթիվ։

Փաշինյանի որակումները հետագայում ավելի «զարգացրեց» Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ով արդեն կոնկրետ անուն և որակումներ տվեց՝ Արցախի նախագահին անվանելով «գործակալ»։

Սա, իհարկե, քպ-ական չինովնիկի կողմից չափազանցված և անպատասխանատու հայտարարություն էր, սակայն կողմնորոշեց համապատասխան ուղղվածության լրատվականներին, որոնք սկսեցին Արցախի իշխանությունների հասցեին հնչեցնել տարբեր գնահատականներ։ Հիմնականում նշվում էր Սամվել Շահրամանյանի՝ արտաքին ուժերի կողմից հնչեցվող հայտարարությունների ոգով խոսույթը, ըստ այդմ՝ նրա և հիշատակված, սակայն չկոնկրետացված արտաքին ուժերի համատեղ «փոխանցումներով խաղը», որը, սակայն, առայժմ «ինքնագոլեր է միայն գրանցում»։

Հնչեց նաև ակնհայտ խեղաթյուրված ժամանակագրություն՝ իբր Սամվել Շահրամանյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի ստորագրած «լուծարման» հրամանագրից հետո Արցախի ժողովուրդը սկսեց տեղահանվել․ իրականում, Արցախի բնակիչները սկսել են տեղահանումը դեռևս սեպտեմբերի 21-22-ից։ Միաժամանակ, հրապարակ բերվեց նաև Սամվել Բաբայանի՝ Հ1-ին 2023 թվականի հոկտեմբերին տված հարցազրույցից հատված, որտեղ ասվում էր, թե Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահ դարձավ ՌԴ ԱԴԾ «5-րդ վարչության» կողմից իրականացված օպերացիայի արդյունքում։ Ըստ Բաբայանի, ռուս չեկիստներին իրենց «դեսանտնիկներ» Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի օգոստոսին զեկուցել էին, որ Արցախի նախագահի պաշտոնում գտնվող Արայիկ Հարությունյանը «մինչև վերջ չի տեղեկացնում» Արցախում տեղի ունեցող իրադարձությունները։ «Մենք ավելի լրիվությամբ կզեկուցենք», իբր ռուսական հատուկ ծառայությանն ասել էին նշված անձինք՝ ըստ Բաբայանի։ Արդյունքում, Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացրեց, նրան փոխարինեց Սամվել Շահրամանյանը։

Արձանագրենք, որ 2023 թվականի հոկտեմբերի սկզբին ձերբակալվեցին և Բաքու հասցվեցին Արցախի նախկին և գործող մի շարք ղեկավարներ։ Նրանց ապօրինի գերեվարման ընթացքում մի քանի անգամ տեղեկություններ հրապարակվեցին, որ թույլատրվել է կապ հաստատել հարազատների հետ, իսկ 2024 թվականի մարտի 11-ին ադրբեջանական պետական հեռուստատեսությունն անոնսավորեց Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի հետ «հարցազրույցները»։ Դրանք պետք է հրապարակվեին, ինչպես հետո պարզվեց, մարտի 28-ին։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին հրապարակվեց ֆրանսիական «Ֆիգարո» թերթին Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը, որտեղ նա առաջին հայացքից բավական անհաշվենկատ կերպով հայտարարեց, որ Արցախի պետությունն ամենևին չի լուծարվել, և որ Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում կազմակերպվում է Արցախի նախագահական, օրենսդիր և դատական մարմինների գործունեությունը։ Նույն օրը տեղի ունեցած կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ուներ հիանալի առիթ՝ «ապացուցելու» բոլորին, այդ թվում և առաջին հերթին Իլհամ Ալիևին, որ անհանգստանալու կարիք չկա՝ Արցախը, որպես պետական միավոր, անցել է անէանալու փուլ։

Ըստ ամենայնի, Շահրամանյանի և Փաշինյանի սինքրոն գործողությունները համաձայնեցված էին ռուս-ֆրանսիական իշխող շրջանակների հետ՝ «ժամանակ շահելու» նպատակով, քանի որ առաջիկայում ակնկալվող ռուսական մեծ գրոհի արդյունքում ակնկալվում է Ուկրաինայում իրավիճակի կայունացում և ստատուս-քվոյի ձևավորում, ինչին կհաջորդի արդեն Կովկաս անցումը։

Իսկ առայժմ, Կովկասում վերջնականապես ամրանալ ցանկացող թուրք-ադրբեջանական տանդեմին «նյարդայնացնողի» դերակատարումը վերապահվել է Ֆրանսիային։

Տիգրան Աթանեսյան