copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:35 23-11-2022

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ցամաքային գործողություն կսկսի ճիշտ ժամանակին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայի և Իրաքի տարածքում ցամաքային գործողություն կսկսի՝ երկրի համար ճիշտ ժամանակին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում»։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան ունի բոլոր հնարավորությունները՝ արագ հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ովքեր ներգրավված են ահաբեկչական հարձակումներում։ Նա ուշադրություն է հրավիրել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության վրա, որի հետևանքով զոհվել է վեց մարդ, ինչպես նաև Սիրիայի տարածքից երկրի սահմանամերձ շրջանների գնդակոծությունը, որը հանգեցրել է երկու խաղաղ բնակիչների մահվան։

Վերջինս նշել է, որ հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպվել է Քուրդիստանի բանվորական կուսակցության սիրիական թևի՝ Ժողովրդի ինքնապաշտպանական ջոկատների կողմից։ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ վերջին տարիներին երկրի սահմանամերձ Հաթայ, Գազիանթեփ, Քիլիս, Շանլըուրֆա և Շըրնաք նահանգների տարածքները 764 անգամ ենթարկվել են հրթիռային և ականանետային հարձակման, ինչի հետևանքով մահացել է Թուրքիայի 32 քաղաքացի, ևս 261-ը՝ վիրավորվել։ .

«Թուրքիայի տարածքում ահաբեկչական գործունեության հնարավորությունների թուլացման ֆոնին Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները գնդակոծում են մեր երկրի սահմանամերձ բնակավայրերը։ Եթե ​​2015 թվականին ահաբեկիչները Թուրքիայում 26 ահաբեկչություն են կազմակերպել, ապա վերջին տարիներին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 2-3-ի»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը պնդում է, որոշակի ուժերի կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից Թուրքիայի դեմ սպառնալիքի անթույլատրելիության մասին հավաստիացումները մնում են պարզապես որպես խոսքեր։ Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից արված յուրաքանչյուր հայտարարություն հիմնված է անվիճելի իրողությունների վրա և ունի հստակ պատճառ։

«Եթե Սիրիայի հարցով պայմանավորվածությունների կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները, ապա Թուրքիան իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն վերացնել իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները»,- ընդգծել է նա։

Էրդողանը վերստին շեշտել է, որ Անկարայի կողմից հակաահաբեկչական ցամաքային գործողությունները կսկսվեն երկրի համար ամենահարմար պահին։ «Հակաահաբեկչական գործողությունները ռազմաօդային ուժերի, հրետանու և հարվածային անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ միայն սկիզբն են»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ հորդորել է Սիրիային և Իրաքին չանհանգստանալ թուրքական բանակի հակաահաբեկչական գործողություններից։ «Անկարան հարգում է հարևան երկրների տարածքային ամբողջականությունը։ Թուրքիայի միակ նպատակը պետության և բնակչության անվտանգությունն է»,- եզրափակել է Էրդողանը։






Ամենից շատ դիտված