Երևան +21°
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 4 շաբաթ առաջ - 19:00 28-03-2024

Ռուս սահմանապահները պետք է հեռացվեն․ նրանք տեղեկատվություն են փոխանցում Ադրբեջանին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը խստորեն դատապարտել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապաներին հեռացնելու որոշումը։ Հայտարարության մեջ նշվել է, որ Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը։

Միևնույն ժամանակ ռուս սահմանապահներին օդանավակայանից հեռացնելու որոշումը Հայաստանում իրարամերժ քննարկումների պատճառ է դարձել․ հասարակության մի մասը պնդում է, որ սա ճիշտ որոշում է, և ռուս սահմանապահները պետք հեռացվեն նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից, մինչդեռ շատերն էլ կարծում են, որ այս որոշումն իր հետ անվտանգային լուրջ խնդիրներ է բերելու։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանն աներկբայորեն կարող է ապահովել սեփական սահմանների անվտանգությունը, և ռուս սահմանապահներն օր առաջ պետք է հեռացվեն այնտեղից։ «Ոչ մի կասկած չունեմ։ Հայաստանի Հանրապետությունը կարիք չունի նման օժանդակության»,- ասաց նա։

Հարցին, թե ռուս սահմանապահները Հայաստանում գտնվելով ի՞նչ վտանգներ են ստեղծում մեր երկրի համար, Սիմոնյանը պատասխանեց, որ նրանք տեղեկատվություն են հայթայթում և փոխանցում իրենց ռազմավարական դաշնակցին՝ Ադրբեջանին։

Քաղաքագետը միանշանակ անհրաժեշտ է համարում նաև, որ ռուս սահմանապահները զուգահեռաբար հեռացվեն նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից։ Անդրադառնալով որոշ փորձագետների կողմից հնչող այն մեկնաբանություններին, որ ՀՀ-ն չի կարողանա ապահովել սեփական սահմանների անվտանգությունը, Գուրգեն Սիմոնյանը նշեց․ «Անշուշտ կարող ենք ապահովել, իսկ նման փորձագետների անկեղծության չափաբաժինը պետք է քննարկի Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական տիրույթը»։

Մեր հարցին, թե ռուս սահմանապահներին հեռացնելու որոշումը կարո՞ղ է Հայաստանի համար անվտանգային խնդիրներ առաջացնել, քաղաքագետը հարցադրմամբ պատասխանեց․ «Իսկ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում 2020 թվականից սկսած անվտանգային խնդիրներ չե՞ն առաջացել։ Առաջացել են, և այս դեպքում մենք ի՞նչ մտավախություններ ունենք, որ սրանից ավելի շատ բան չի կարող առաջանալ։ Խնդիրներ առաջացել են, և այդ հարաբերությունները չենք կարող առողջ բնութագրել»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությանը, թե Բրյուսելն ու Վաշինգտոնն ակնհայտ հայանպաստ դիրքորոշում են ցուցաբերում, քաղաքագետը նշեց, որ այսօր աշխարհը բաժանված է ճամբարների, և ժողովրդավարական բևեռը պաշտպանում է ժողովրդավարական պետությունների շահերի օրակարգը՝ ի հեճուկս բռնապետությունների և այն անձանց, ովքեր ոչ միայն մարդու իրավունքները ստորադասում են, այլև խնդիրներ են ստեղծում անգամ իրենց քաղաքացիների համար։ Ըստ նրա՝ Հայաստանը միայնակ չէ, ունի բարեկամներ, և այդ բարեկամները միտված են մեր երկրի ներուժը բարձրացնելու քաղաքականությունը սպասարկելուն, այլ ոչ թե ներուժը ոչնչացնելու, ի պահ դնելու և սպառնալու, որպեսզի ՀՀ-ն ոտքի կանգնի։


Հարցին, թե արդյոք նման հայտարարություններով Ադրբեջանն իր առաջիկա հարձակումների համար հիմք է նախապատրաստում, Գուրգեն Սիմոնյանը հակադարձեց, որ եթե Ադրբեջանը հարձակում գործելու հնարավորություն ունենար, ապա վաղուց արդեն հարձակված կլիներ։ Նրա համոզմամբ՝ եթե ներկայումս Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիա տեղի ունենա, դա կարող ենք բնութագրել ոչ թե ադրբեջանական, այլ ռուս-ադրբեջանական, որի համատեքստում ադրբեջանական զինուժը կդիտարկվի որպես 21-րդ դարի 11-րդ Կարմիր բանակը։

«Այդ բանակը փորձելու է Անդրկովկասը նվաճել, բայց ինչպես 100 տարի առաջ Նժդեհը թույլ չտվեց, այսօր էլ մենք թույլ չենք տալու դա»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ Արևմուտքի աջակցությունը խոչընդում է Ադրբեջանի հնարավոր ագրեսիան։ Ըստ նրա՝ եթե Ադրբեջանին դիտարկում ենք որպես առանձին սուբյեկտ, ապա Արևմուտքը խոչընդոտում է վերջինիս ագրեսիան, իսկ եթե դիտարկում ենք որպես ռուս-ադրբեջանական դաշինք, ապա ագրեսիան դեռևս ոչ թե խոչընդոտում է, այլ առկախում է։

Գուրգեն Սիմոնյանը հավելեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ադրբեջանական հնարավոր ագրեսիային։