Մոսկվան պետք է բացատրվի Բաքվի հետ, կամ՝ ինչպես է Ադրբեջանը սպառնում Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել
copy image url

Մոսկվան պետք է բացատրվի Բաքվի հետ, կամ՝ ինչպես է Ադրբեջանը սպառնում Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 18:18 27-03-2024
Ալիևի աշխատակազմի կողմից վերահսկվող (իսկ Ադրբեջանում ուրիշներ չկան – հեղ․) լրատվամիջոցները բացահայտ սպառնում են Ռուսաստանին «երկրորդ ճակատի» բացմամբ, այն էլ՝ «անհանգիստ» Դաղստանին մոտ:

«Ո՞վ է այսօր Ռուսաստանի տարածքում իրականացնում իր արևմտյան հակառակորդների «նվիրական երազանքը» և իրավիճակը տանում դեպի Հարավային Կովկասում, այն էլ՝ անհանգիստ Դաղստանին շատ մոտ, Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատի» բացմանը: Եվ ամենագլխավորը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մոսկովյան հռչակագիրը և տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը դեռևս գործող փաստաթղթե՞ր են։ Ադրբեջանը խստորեն կատարում է իր պարտավորությունները», գրում է ալիևյան քարոզիչ Minval-ը։



Ադրբեջանի նախագահը մեծ ռեսուրսներ և ջանք գործադրեց «Կրոկուս»-ի սեփականատեր, իր երբեմնի խնամի Արազ Աղալարովին և նրա վարչախումբը պուտինյան զայրույթից փրկելու համար։ Հիմա, ըստ ամենայնի՝ Իլհամ Ալիևի հրահանգով, ընթացքավորվել է բացահայտ շանտաժը՝ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու սպառնալիքը։

Թեմային ի լրումն հայտնենք, որ նույն լրատվականը շուրջ 1 շաբաթ առաջ էր գրել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հարավկովկասյան այցելությունների գլխավոր նպատակակետը Բաքուն է, թեև, Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար կան մի քանի՝ այս պահին առկա արգելքներ, որոնց թվում առաջինը ՆԱՏՕ-ին անդամակցող որևէ երկրի հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է։
«Բայց այդ արգելքը կարող է չեզոքացվել, եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, կամ Նախիջևանն «ապաշրջափակվի», գրում է ալիևյան խոսափողը՝ ակնարկելով «Զանգեզուրի միջանցք» բացելու հնարավորությունը։ Ընդ որում, նկատի առնենք, որ «Նախիջևանի ապաշրջափակման» համար անհրաժեշտ «Զանգեզուրի միջանցքը» թշնամու քարոզչամեքենան բոլորովին էլ հաշվի չի առնում Փաշինյանի աղաղակները «սուվերենության պահպանման» մասին։ Ադրբեջանցիները համոզված են, որ «Զանգեզուրի միջանցք» լինելու է, այն էլ՝ առհասարակ հաշվի չառնելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Դրանից բացի, ալիևյան մամուլն ընդգծում է, որ թեև Ադրբեջանն առայժմ չի կարող ՆԱՏՕ-ին անդամակցել, բայց ստորագրելով «Շուշիի հռչակագիրը»՝ գործող ռազմական դաշինք է կնքել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ և իր բանակը մոտեցնում է թուրքական (այն է՝ ՆԱՏՕ-ի) չափանիշներին։

Դրանով էլ ադրբեջանական տեղեկատվական համակարգը բավական թափանցիկ ակնարկում է, որ հարկ եղած պահին երկու անգամ չի մտածի և կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հարավում։

Տիգրան Աթանեսյան

Ձեզ գուցե հետաքրքրի