Երևան +24°
copy image url
Միտք Արտաքին 4 շաբաթ առաջ - 11:44 27-03-2024

Ինչու՞ են հիմա համալրվում Ադրբեջանի բանակի հատուկ ստորաբաժանումները 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի կատարվում է ընդունելություն բանակի շարքերում պայմանագրային ծառայություն իրականացնելու համար։

Ինչպես պարզվում է հայտարարությունից, արական սեռի մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կրթություն և անցել են ժամկետային ծառայություն, մարտի 27-ից մինչև ապրիլի 6-ը կարող են դիմել ընդունող հանձնաժողովներին։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ երկրի Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում հատուկ նշանակության գումարտակների անձնակազմերում անցկացվող զորավարժանքները ցույց են տվել, որ առանձնապես այդ կարգի զորատեսակներում համալրում իրականացնելը հանդիսանում է առաջնահերթություն։

Ադրբեջանական մասնագետները պարբերաբար հանդես են գալիս իրենց զինուժի գործունեության մասին պատմող վերլուծականներով։ Ըստ այդմ, Ադրբեջանի բանակի ամենաարդյունավետ զորատեսակը հենց հատուկ նշանակության ուժերն են, որոնք աչքի են ընկել դեռևս 2016 թվականի քառօրյա պատերազմում։ Ինչպես նշում են ադրբեջանցի լրագրողները, հաշվի առնելով հատկապես «052» (»Յաշմա) բրիգադի հաջողությունները, Պնախարար Հասանովը Ալիևին ներկայացրել է առաջարկություն՝ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում ընդլայնելու հենց հատուկ ուժերի անձնակազմը և տեխնիկական հագեցվածությունը։ Այդ աշխատանքները տվել են իրենց արդյունքը․ 2020 թվականի 44-օրյա պատերազմում հատուկ ուժերն են գրոհային գործառույթներ կատարել, ընդ որում՝ բավական հաջող։

Պատերազմից հետո ծավալված տեղային նշանակության մարտերում նույնպես հատուկ նշանակության ջոկատները մեծ արդյունավետությամբ են կատարել առաջադրանքները։ Հատկապես 2023 թվականի սեպտեմբերյան գործողությունների ընթացքում ինչպես «Յաշմա», այնպես էլ օկուպացված Հադրութ քաղաքում տեղակայված «կոմանդոսների» բրիգադը կարողացել է ժամերի ընթացքում, ինչպես առջևից, այնպես էլ թիկունքից, կտրել Ստեփանակերտից Մարտունու և Մարտակերտի շրջանները։
Ադրբեջանական մամուլն այսպիսով փառաբանելով բանակի հատուկ ստորաբաժանումների «աշխատանքը», միևնույն ժամանակ չի թաքցնում ամբողջ ընթացքում այդ ուժերի կրած կորուստները, որոնք էլ անընդհատ համալրման անհրաժեշտություն են առաջացնում։

Այսպիսով, ադրբեջանական ՊՆ-ի պայմանագրային ծառայության հայտարարության առաջարկն ըստ ամենայնի՝ վերաբերում է հատուկ ուժերի համալրմանը։

Թե ինչու՛ է այդ համալրումը տեղի ունենում հիմա, կարծում եմ՝ դժվար չէ կռահել։

Տիգրան Աթանեսյան