Երևան +15°
copy image url
Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 13:35 26-03-2024

Հայ և ադրբեջանցի պատգամավորները համակարծիք են՝ Տավուշի գյուղերը պետք է «վերադարձնել» Ադրբեջանին

Կարծեցյալ խաղաղության պայմանագրի կնքման համար Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին հանձնվող՝ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող գյուղերի շուրջ քննարկումները շարունակում են լրացվել նորանոր մեկնաբանություններով։

Օրերս Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է․ «Մենք պատերազմ չենք սկսի․ ադրբեջանական բանակի կոմանդոսները (հատուկ նշանակության ուժեր – հեղ․) պարզապես կմտնեն այդ օկուպացված գյուղերը և կճնշեն հայկական ցանկացած դիմադրություն, որը կարող է առաջանալ։ Պետք է ասեմ, որ հնարավոր զինված դիմադրության ճնշման ընթացքում դժվար է նախապես և միանշանակ ասել, թե որ բնագծերում կանգ կառնեն ադրբեջանական զինված ստորաբաժանումները»։

Ակնհայտ է, որ ադրբեջանական պետական շրջանակներն անցել են ուղիղ ռազմական ներխուժման սպառնալիքների հնչեցմանը։ Ճիշտ է՝ առայժմ երկրորդական և երրորդական պաշտոնյաների միջոցով, սակայն ուղերձը հստակ է։ Պարզ է նաև այն, որ նախքան որևէ զինված հարձակումը, հակառակորդ կողմը վարում է տեղեկատվական նախապատրաստություն։ Այս մեթոդը կիրառվում է նաև հիմա, բայց որոշակի առանձնահատկություններով։

Ինչպես երևում է ադրբեջանցի պատգամավորի հայտարարությունից, միանգամայն հասկանալի է, որ եթե թշնամի երկիրը կարողանա «համաձայնեցնել» ընդդեմ Հայաստանի իր հերթական ագրեսիան, ապա կարող է այն ծավալել շատ ավելի մեծ մասշտաբներով, քան մինչև հիմա էր իրականացվում։ Իզուր չէ, որ Մուսաբեկովը «դժվարանում» է որոշակիացնել հնարավոր հանձակման «կանգառի» կետը և զավթվելիք տարածքի մակերեսը։

Իր հերթին, ՀՀ իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտարարում է․ «Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի: Դա ադրբեջանական տարածք է»։

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական իշխանական շրջանակները Հայաստանի տարածքը մասնատելու և Ադրբեջանին տալու հարցում միակարծիք են։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված