Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:30 15-03-2024

Ենթադրում եմ՝ Փաշինյանը հանձնելու է Տավուշի գյուղերը. փաստաթուղթն առաջիկայում կստորագրվի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը առաջ չի շարժվում, իսկ Ադրբեջանը շարունակում է առավելապաշտական պահանջներ ներկայացնել, նախօրեին այդ երկրի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց՝ բոլորն ականատես են հայ-ադրբեջանական հարաբերությունների ջերմացմանը։

Այսօր էլ Ազգային ժողովում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը համոզմունք էր հայտնել, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը մոտ են 1991 թվականի սահմանների փոխադարձ ճանաչմանը։ Ըստ նրա՝ այս հարցում ու այս պահին երկու երկրների դիրքորոշումներն ավելի մոտ են, քան, օրինակ, մեկ ամիս առաջ էր։ «Իմ տպավորությամբ, մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- հայտարարեց Միրզոյանը։

Oragir.News-ը ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ջերմացման մասին է ակնարկում Ադրբեջանի նախագահի օգնականը։ Ադիբեկյանն ընդգծեց՝ դժվարանում է ասել, թե խոսքն ինչ առաջընթացի մասին է՝ միևնույն ժամանակ նշելով, որ խոսքը հավանաբար Տավուշի գյուղերի հանձնման մասին է։

«Կարող եմ ենթադրել, որ Փաշինյանը Տավուշի գյուղերի հանձնման ծրագրի հետ համամիտ է և մոտ օրերս համապատասխան փաստաթուղթը կստորագրի»,- ասաց նա։

Ադրբեջանագետը միանշանակ իրատեսական չի համարում նաև, որ Բաքուն կհամաձայնի ճանաչել 1991 թվականի սահմանները և դուրս կգա Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը Հայաստանին ոչ մի թիզ հող չի վերադարձնելու, ինչի մասին այդ երկրի իշխանություններն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են։

Հարցին, թե այդ դեպքում Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են նմանաբովանդակ հայտարարություններ անում՝ մեր զրուցակիցը պատասխանեց, ՀՀ իշխանությունների հայտարարությունները երբեք և ոչ մի պարագայում չեն համպատասխանել իրականությանը. «Սկսած Արցախը Հայաստան է և վերջ արտահայտությունից, վերջացրած Շուշիի համար մարտերը շարունակվում են գրառմամբ, ես այսպես կարող եմ շատ երկար թվարկել այն խոստումները, որոնք տրվել են, բայց չեն կատարվել. կարմիր գծերն ու տեսխցիկները պետք է հանեին, տրանսպորտը չպետք է թանկանար և այլն։ Այսինքն՝ նրանց տված բոլոր համոզիչ խոստումներն իրականացվել են ճիշտ հակառակ ուղղությամբ»։

Ադիբեկյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տավուշի գյուղերի հանձնման մասին խոսք չի կարող գնալ, իսկ այսօր Արարատ Միրզոյանը պնդում է, որ մոտ են 1991 թվականի սահմանների ճանաչմանը։ Փորձագետի համոզմամբ՝ գործող իշխանությունների իրարամերժ, հակասական և սուտ հայտարարություններին հավատալը, կամ դրանք լրջորեն վերլուծելն անիմաստ է։

«Ես կարող եմ մի բան պնդել ու վստահ ասել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստակամ կատարելու են Ադրբեջանի բոլոր պահանջները՝ մինչև վերջին ստորակետը»,- ասաց նա։

Ադրբեջանագետը համաձայնեց այն դիտարկման հետ, որ անգամ Տավուշի գյուղերի հանձնումից հետո Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրելու և նոր պահանջներ է առաջ քաշելու։ Նա նկատում է, որ Ադրբեջանը Հայաստանից շատ բաներ ունի պահանջելու, իսկ այդ երկրի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է։

«Ադրբեջանի նպատակներն ու Փաշինյանի վարչակազմի նպատակները չգիտեմ ինչքանով են համընկնում, կամ չեն համընկնում, որովհետև ես չեմ հասկանում, թե Փաշինյանի ուզածն ինչ է՝ ոչնչացնե՞լ Հայաստանը, թե՞ ոչ, բայց Ադրբեջանի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչնչացնումն է»,- կարծում է նա։

Արմինե Ադիբեկյանը հավելեց՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամորեն բավարարում է Ադրբեջանի բոլոր պահանջները։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս