Ուղիղ եթեր
Նոր բացահայտումներ՝ ակադեմիական քաղաքի վերաբերյալ
copy image url

Նոր բացահայտումներ՝ ակադեմիական քաղաքի վերաբերյալ

Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 25-03-2024
Կրթական քաղաքականություն որոշողն ակնհայտ տագնապի նշան է ցույց տալիս։ Հանրությունը, մասնավորապես՝ դասախոսաուսանողական համայնքը աներկբա բացասական վերաբերմունք է դրսևորում Ակադեմիական քաղաքի գաղափարի, բուհերը Երևանից դուրս տեղափոխելու, բուհերի շենքերը վաճառելու կամ վարձակալության տալու հեռանկարի վերաբերյալ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը, հավանաբար՝ հասկանալով, որ նախագիծը տապալման ռիսկի գոտում է հայտնվել, ֆեյսբուքյան գրառմամբ փորձում է շահել ուսանողների և դասախոսների բարյացկամությունը։ Նախ ընդգծում է, որ «այս պահին որևէ բան տեղի չի ունենում որևէ բուհի կամ ինստիտուտի հետ»։ Այսպես նախարարն ակնարկում, որ հնարավոր է` ոչինչ էլ տեղի չունենա, ոչ մի բուհ տեղից չշարժվի, Ակադեմիական քաղաքն էլ չկառուցվի։ Երկրորդ հերթին թիրախավորում է ուսանողներին ու դասախոսներին, ակնարկում, որ Ակադեմիական քաղաքում նրանց համար դրախտային միջավայր է ստեղծվելու։ Դասախոսները օրական 2 դասախոսություն են կարդալու։ Ուսանողները կարող են ընտրել, թե որ դասին նստեն, ում դասախոսությունը լսեն։ Չի լինելու դասացուցակ։ Ուսանողների համար գումար վաստակելու հնարավորություն է լինելու։ «Քննարկենք միասին, գտնենք լավագույն լուծումներ»՝ այսպես է եզրափակում նախարարը և հիմք տալիս ենթադրելու, որ բուհականները չեն ուզում նույնիսկ մասնակցել նախարարի հրավիրած քննարկումներին։

Ինչու՞ է նախարարը այսպես իրար անցել։ Կարո՞ղ է ուսանողադասախոսական հանրությունը միահամուռ բոյկոտել ու տապալել այս ծրագիրը։ Երբ Կոնսերվատորիայի շենքը ծախեն, ապա ուսանողներն ու դասախոսները, հնարավոր է՝ շենքից դուրս չգան։ Եթե նրանց բռնի դուրս հանեն, ապա չի բացառվում, որ Կոնսերվատորիայի դասախոսներն ու ուսանողները դասերը կանցկացնեն Ազատության հրապարակում կամ Մատենադարանի աստիճաններին։ Այսպիսի հեռանկարը կարող է վանել ներդրողներին։ Եթե ոչ ոք փող չդնի, ապա նախագիծը կտապալվի ու քաղաքը չի կառուցվի։

Իշխանություններին, հավանաբար, մտահոգում է քաղաքական լարվածությունը, որը կարող է ստեղծվել Ակադեմիական քաղաքի նախագծի դեմ ուսանողների և դասախոսների գործողությունների արդյունքում։ Չի բացառվում, որ նրանք կաջակցեն ընդդիմադիր որևէ ուժի ԱԺ ընտրություններում։ Տասնյակ հազարավոր ուսանողներն ու դասախոսները միասին հանդես գալու դեպքում լուրջ արդյունքների կարող են հասնել։ Առանց այս էլ՝ ՔՊ-ն ու նրա առաջնորդը ցածր վարկանիշ ունեն։ Եթե ուսանողներն ու դասախոսներն էլ նրանց ձայն չտան ընտրություններում ու նրանց դեմ կազմակերպված արշավներին մասնակցեն, ապա ՔՊ-ն լուրջ խնդիր կունենա։ Սա հաշվի առնելով, նախարարը ակադեմիական դրախտային միջավայր է ուրվագծում, որը ենթադրաբար՝ կարող է փոխել դյուրահավատ ուսանողների և դասախոսների վերաբերմունքը։

Նախարարի գրածին կասկածելու հիմքեր կան։ Նախ՝ ՔՊ-ական պաշտոնյաները բազմիցս են աչքի ընկել իրարամերժ դիրքորոշումներ հայտնելով։ Այս առումով՝ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը վաղը կհերքի նախարարի ասածը։ Բացի սա՝ Ակադեմիական քաղաքի մասին մինչ օրս հրապարակված տեքստերում՝ նախագծում, հայեցակարգում, հիմնավորումներում նախարարի նկարագրած միջավայրի մասին ակնարկ չկա։ Եթե կրթական քաղաքականություն որոշողն, իրոք, մտադիր է Ակադեմիական քաղաք տեղափոխված բուհերում վերացնել դասացուցակը, դասախոսների դասաժամերը կրճատել, ապա ի՞նչն է խանգարում, որ նման փոփոխումներ իրականացնեն այս տարի, այսօր բուհերում վերացնեն դասացուցակը։

Ի վերջո՝ 7-րդ դասարանի պատմության խայտառակ սխալներով լի դասագիրքն ամենավառ վկայությունն է այն բանի, որ ՔՊ-ական իշխանությունները գիտության, կրթության, սովորողների և հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունք ունեն, ՀՀ-ում կրթությունը զարգացնելու, լավարկելու, բարեփոխելու ցանկություն չունեն կամ ունակ չեն։ Հետևաբար՝ հիմնավոր կասկած կա, թե նախարարի դրախտային խոստումները իրականություն կարող են դառնալ։ Պարզ ասած՝ նախարարի ֆեսբուքյան գրառումը հավելյալ ապացույց է, որ Ակադեմիական քաղաքի նախագիծն ընդամենը խայծ է, իրականում՝ այդպիսի քաղաք չի կառուցելու։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:00 5 անշարժ գույք, մեքենաներ, 40 հազար դոլար ավանդ, 34․2 մլն եկամուտ․ Անահիտ Ավանեսյանի և ամուսնու ունեցվածքը
23:10 Սուրբ նշխարքը փշրել, լցրել էին աթոռին. գյումրեցի կին
23:38 Շիրակի թեմի առաջնորդը կարող է ընդունել հասարակական պահանջը. Տիգրան Աբրահամյան
20:24 Ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է պաշտպանել իր եկեղեցին. Ռուբեն Մխիթարյան
22:13 Երիտթուրքերի պլանն է, սկզբից գլխատում են հայոց միտքը, հետո՝ կոտորում. պատմաբան
23:27 Նրանք առաջինը մեր դիակների վրայով պետք է անցնեն, որ հասնեն սրբազաններին և Վեհափառին. քահանա
12:13 Ուսումնական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է վթարի ենթարկվել. օդաչուն մահացել է․ actualnews
21:10 Իրենցից վախեցող չկա. քիչ առաջ ազատ է արձակվել Աջապահյանի աջակիցը
11:50 Հարցնողը կա՛մ ավանակ է, կա՛մ գործակալ․ Փաշինյանը գրառում է արել
00:06 ՀՀ իշխանությունները հարձակվում են եկեղեցու վրա, քանի որ այն միակ ինստիտուտն է, որ կարող է միավորել. Արա Աբրահամյան