Երևան +13°
copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 22:30 22-03-2024

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի ինքնարժեքը պետք է նվազեցվի արտահանման ծավալների մեծացմամբ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին Բրյուսելում ընթացող միջուկային էներգետիկայի միջազգային գագաթաժողովում հայտարարել է, թե անհրաժեշտ է ԵՄ-ի էլեկտրացանցերը միավորել Արևմտյան Բալկանների և Կովկասի էլեկտրացանցերի հետ։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է միասին աշխատել էլեկտրացանցեր ստեղծելու և դրանց փոխկապակցվածությունն ապահովելու ուղղությամբ։

Oragir.News-ը քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվեց՝ եթե Մակրոնի այս առաջարկը հաջողվի կյանքի կոչել, ապա այն ՀՀ-ում ինչպես կանդրադառնա հոսանքի գնի վրա. մեր երկիրն այս միավորումից կշահի՞, թե՞ կտուժի։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց՝ ցանկացած պարագայում, եթե ՀՀ-ն ավելացնի էլեկտրաէներգիայի արտահանումն արտաքին շուկաներ, ապա դա կնպաստի, որ մեր երկրում արտադրով՝ էլեկտրաէներգիայի որակը բարձրանա, իսկ ինքնարժեքը նվազի։

Վահե Դավթյանը շեշտում է, որ Հայաստանն ունի որոշակի հզորություններ, սակայն դրանք ամբողջությամբ չի օգտագործում։ Նրա խոսքով՝ այդ հզորություններն օգտագործելու, դրանց անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան ներդրումներ կատարել այս ոլորտում։

«Սա է պատճառը, որ Հայաստանը բազմաթիվ վարկեր է ներգրավել և շարունակում է ներգրավել՝ էներգետիկ համակարգը պահպանելու համար։ Սակայն էներգետիկ համակարգն ինքն իրենով արտադրում է բավականին բարձր ինքնարժեք ունեցող էլեկտրէներգիա, և եթե սպառնման շուկաները ավելանան, ապա ակնհայտ է, որ սա կնպաստի արտադրող օբյեկտների արդյունավետության բարձրացմանը, իսկ այս ապագայում ավելի սոցիալակենտրոն սակագնի նվազմանը»,- կարծում է նա։

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը նկատում է՝ խնդիրն այն է, որ եվրոպական շուկային միանալու մասին խոսելիս մոռանում ենք, որ խոսքը գնում է էլեկտրաէներգիայի երկկողմ փոխանցումների մասին։ Ըստ նրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում էլեկտրաէներգետիկ շուկան ու արտաքին էլեկտրաէներգետիկ առևտուրն ազատականացված են, պետք չէ բացառել, որ ՀՀ-ն այդ նույն հաղորդակցություններով կարող է հանդես գալ առավելապես էլեկտրաէներգիա ներկրողի կարգավիճակում, ինչի նախադրյալներն այսօր կան։

«Մասնավորապես, մենք գիտենք, որ շարունակաբար էլեկտրաէներգիա ենք ներկրում Վրաստանից, որն ավելի էժան է։ Քանի որ Հայաստանում էլեկտրաէներգետիկայի շուկան ազատականացվել է, 2 տարի առաջ այս նոր մոդելը ներդրվել է, գործում են այսպես կոչված էլեկտրաէներգետիկ թրեյդերներ, որոնք կարող են արտաքին ցանկացած շուկայից էլեկտրաէներգիա գնել ու ներկրել Հայաստան, ապա պետք չէ բացառել, որ այդ՝ պայմանական ասած ՀՀ-Եվրոպա հաղորդակցության շրջանակներում էլ ավելի կակտիվանա Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Հայաստանի Հանրապետություն»,- նկատեց նա։

Փորձագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ սա մի կողմից կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի գնի նվազմանը, սակայն եթե հարցը դիտարկում ենք ոչ թե սպառողական, այլ ռազմավարական տեսանկյունից, ապա ակնհայտ է՝ շատ ավելի լավ է, երբ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը նվազեցվում է ոչ թե ավելի էժան էլեկտրաէներգիա ներկրելով, այլ հակառակը՝ արտհանման ծավալները մեծացնելով։

Վահե Դավթյանը հավելեց՝ նման կերպ պետությունը կախվածության մեջ է ընկնում արտաքին շուկներից։ Ըստ նրա՝ արտհանման ծավալները մեծացնելով երկիրը դառնում է էլեկտրաէներգետիկ շուկայի խաղացող։ «Ուստի էստեղ հետևյալ դիլեման ունենք. կա սպառողական հարացույց, սակայն կա նաև անվտանգային հարացույց, ես երկրորդի կողմնակիցն եմ»,- եզրափակեց նա։

Oragir.News-ը քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ զրուցել է նաև այն մասին, թե որքանով են Հայաստանի էներգետիկ համակարգն ու ՀԷՑ-ը պատրաստ միանալ եվրոպական էլեկտրացանցին, որը կարող եք ընթերցել այստեղ։

Դավիթ Գույումջյան