Երևան +13°
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 19:30 22-03-2024

Եվրոպայի հետ էներգետիկ ինտեգրման համար ՀՀ-ն բավարար ենթակառուցվածքներ չունի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին Բրյուսելում ընթացող միջուկային էներգետիկայի միջազգային գագաթաժողովում հայտարարել է, թե անհրաժեշտ է ԵՄ-ի էլեկտրացանցերը միավորել Արևմտյան Բալկանների և Կովկասի էլեկտրացանցերի հետ։ Նա առաջարկել է նաև համագործակցել միջուկային արդյունաբերության թափոնների ոլորտում։

«Պետք է միասին աշխատենք էլեկտրացանցեր ստեղծելու և դրանց փոխկապակցվածությունն ապահովելու ուղղությամբ։ Սա շրջադարձային գործոն կհանդիսանա ոչ թանկ էլեկտրաէներգիա ստանալու գործում։ ԵՄ-ն, Արևմտյան Բալկանները և Կովկասը պետք է միասնական ցանցում լինեն, և դա իրականացնելու համար պետք է ներդրումներ արվեն»,- համոզմունք է հայտնել Մակրոնը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը նշեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգը և ՀԷՑ-ը տեսականորեն կարող են միանալ ԵՄ-ի էլեկտրացանցին։ Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ ներկայումս ականատես ենք լինում Հայաստանի էներգետիկ վեկտորնիզացմանն ուղղված քայլերին, որոնք առավել քան տեղավորվում են ընտրված արտաքին քաղաքական կուրսի մեջ։

Փորձագետը նկատում է, որ խնդիրն ունի բավականին լուրջ ասպեկտներ, որոնք պետք է բաժանել երկու խմբի, որոնցից առաջինն աշխարհաքաղաքականն է.

«Իսկ ինչո՞ւ է Մակրոնը խոսում հենց Բալկանները Կովկասին միացնելու մասին, թեև հայտարարության մեջ նա խոսեց Բալկանների մասին։ Բանն այն է, որ արևմտյան աշխարհաքաղաքական գրականության մեջ վաղուց շրջանառության մեջ էր դրված եվրասիական բալկաններ հասկացությունը, որն իր մեջ ներառում է Հարավային Կովկասի հանրապետությունները, Կենտրոնական Ասիան և Աֆղանստանը։ Դրա տակ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված այս երկներում խորը աշխարհաքաղաքական փոփոխությունների իրականացմանը։

Հետևաբար, երբ Մակրոնը խոսում է Բալկաններ-Կովկաս էլեկտրաէներգետիկ կապի ձևավորման մասին, ապա ակնհայտ է, որ դրանով ցույց է տալիս Հարավային Կովկասում արևմուտքի առաջխաղացման շատ լուրջ և հավակնոտ ծրագրերը՝ տվյալ դեպքում էներգետիկայի ոլորտում»։

Փորձագետը նկատում է, որ հարցը նաև ունի աշխարհատնտեսական ու ենթակառուցվածքային կողմ, որտեղ խնդիրն այն է, որ այս ուղղությունը զարգացնելու համար ՀՀ-ին անհրաժեշտ է ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ։ Ըստ նրա՝ էլեկտրաէներգետիկ կապերի մասին անհրաժեշտ չէ խոսել միայն հռետորբանության մակարդակով, պետք են լուրջ ենթակառուցվածքային լուծումներ գտնել։

Դավթյանը շեշտեց, որ այստեղ հիմնական խնդիրը Հայաստան-Վրաստան նոր բարձրաոլտ էլեկտագծի կառուցման նախագծի մեջ է, որը դեռևս 2019 թվականին պետք է հանձնված լիներ շահագործման, սակայն առ այսօր ոչ միայն կյանքի չի կոչվել, այլև 1 շաբաթ առաջ կառավարությունը հայտնեց, որ հերթական անգամ հետաձգվել են մրցութային աշխատանքները, որովհետև նախագծի պոտենցիալ մասնակիցներ դիտարկվող ընկերությունները դեռևս չեն ներկայացրել ոչ մի ֆինանսական և տեխնիկական պլան։ Ըստ նրա՝ կա քաղաքական շատ հավակնոտ հռետորաբանություն, բայց դա գետնի վրա հստակ գործողություններով արտացոլված չէ։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Մակրոնի հայտարարությունները, և այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի էներգետիկ համակարգում ամբողջությամբ տեղավորվում է 2019 թվականին ամերիկյան USID առաքելության կողմից մշակված ռազմավարության մեջ, որով փորձ էր արվում կազմել ՀՀ էներգետիկ զարգացման պլան՝ մինչև 2036 թվականը։ Նա ասաց, որ այդ ծրագրում բացակայում էր ռուսական գործոնը, բնական գազի ներկրման ծավալները զգալիորեն կրճատվում էին, բացի այդ դրանում գրեթե ոչ մի դրույթ չկար նաև հայ-իրանական էներգետիկ կապերին.

«Թեև նոր բան չեմ ասի, բայց թե՛ իրանական, թե՛ռուսական ուղղություններն այն գլխավոր ուղղություններն են, որոնք այսօր ապահովում են մեր էներգետիկ անվտանգությունը»։

Անդրադառնալով հնարավորությանը, թե Հայաստանը ինչպե՞ս կարող է միանալ եվրոպական էներգետիկ շուկային՝ Վահե Դավթյանը հիշեցրեց, որ վերջին 2 տարում Ադրբեջանն ու Արևելյան Եվրոպայի երկրները, մասնավորապես Ռումինիան ու Հունգարիան, բանակցություններ են վարում՝ Սև ծովի հատակով բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գիծ կառուցելու վերաբերյալ։ Ըստ նրա՝ խոսքը գնում է 1000 մեգավատանոց հզորություն ունեցող էլեկտրական գծի մասին, որի երկարությունը պետք է կազմի մոտ 1200 կմ՝ կապելով Հարավային Կովկասը Արևելյան Եվրոպայի հետ։

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ վերջին 2 տարում եղել են դեպքեր, երբ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, որ Հայաստանը նույնպես կարող այս նախաձեռնության միանալ և հանդես գալ որպես էլեկտրաէներգիա արտահանող կողմ, իհարկե քաղաքական խնդիրների լուծման դեպքում։ Նա նշեց նաև, որ հայկական կողմն էլ հայտարարել է, որ դիտարկում է այդ հնարավորությունը։

«Առաջին հայացքից ամեն ինչ շատ տրամաբանական է, և Հայաստանը Վրաստանի տարածքով կարող է միանալ այս մեգանախագծին՝ հանդես գալով որպես էլեկտրաէներգիայի մատակարար։ Բայց մենք պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ եթե անգամ այս նախագիծը կյանքի կոչվի, ապա ՀՀ-ն դրանում առաջնային, ոչ էլ երկրորդակւան դերակատար չի լինի, քանի որ այն ամբողջովին կյանքի է կոչվում ադրբեջանական ու եվրոպական գումարներով, ու չեմ կարծում, որ մեծ հավակնություններ ունեցող Ադրբեջանը կարող է հարմար պայմաններ տրամադրել Հայաստանին՝ նույն այդ ենթակառուցվածքով եվրոպական շուկա էլեկտրաէներգիա արտահանելու համար»,- կարծում է նա։

Վահե Դավթյանի համոզմամբ՝ երբ խոսում ենք Եվրոպայի հետ էլեկտրաէներգետիկ ինտեգրման մասին, ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ անգամ իրավական մակարդակում շուկայի ազատականացումից ու բոլոր անհրաժեշտ պայմանագրերի ստորագրումից հետո մեզ անհրաժեշտ են էլեկտրաէներգիա գեներացնող հզորություններ, իսկ ՀՀ-ն գտնվում է մի իրավիճակում, որ իր տարածքում շահագործվող էլեկտրաէներգետիկ հզորությունները երկարաժամկետ հեռանկարում չեն կարող հավակնել մեծ ծավալների արտահանմանը։ Նա նաև հիշեցրեց, որ հայկական ատոմակայանի խնդիրը, որը պետք է հանդես գա էլեկտրաէներգիայի արտահանման գլխավոր գեներացիոն օբյեկտ, առ այսօր առկախված է, իսկ ՀՀ-ն չի կողմնորոշվել, թե ի՞նչ ատոմակայան է ուզում, կամ առհասարակ ուզո՞ւմ է, թե՞ ոչ, և խոսակցություններց այն կողմ ոչ մի ռազմավարական մոտեցում չենք տեսնում։

Փորձագետը հավելեց, որ այսօր քիչ թե շատ զարգացում ենք տեսնում վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ, որն էլ իր հերթին չի կարող նպաստել արտահանման մեծացմանը, որովհետև իրացվող ծավալները կարող են բավարարել միայն ՀՀ-ի ներքին պահանջները։ Նա շեշտում է, որ ՀՀ-ն նախատեսում է առաջիկա տարիներին վերականգնվող էներգետիկայի ծավալը ընդհանուր հաշվեկշռում մինչև 15% հասցնելու մասին։

«Ուստի ՀՀ-ին անհրաժեշտ են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, որպեսզի մեր երկիրը հետաքրքիր լինի Եվրոպային։ Դրա համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ կատարել, իսկ այս անկայուն աշխարհաքաղաքական վիճակում ու ՀՀ-ում առկա անվտանգային կոլապսի պայմաններում, ես չեմ պատկերացնում, որ արտաքին դերակատարները նման խոշոր ներդրումներ կկատարեն։ Սա է պատճառը, որ Հայաստան-Վրաստան գծի կառուցման աշխատանքները հերթական անգամ հետաձգվեցին»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան