Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 21:53 08-11-2023

Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր փոխելու համար բավարար ներուժ չունի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու այսօր Մոսկվայում կայացած Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը։ Միևնույն ժամանակ Անվտանգության խորհրդից հանդիպմանը չմասնակցելու պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն տրամադրել։

Այս համատեքստում հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները, տևական ժամանակ է, բոյկոտում են Ռուսաստանի առաջնորդությամբ գործող ձևաչափերում ընթացող հանդիպումները և չեն մասնակցում դրանց։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ պաշտոնական Երևանն արտաքին քաղաքական վեկտորը փոփոխելու գործընթաց է սկսել, իսկ ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի ձևաչափերը բոյկոտելն այդ գործընթացի առաջին քայլերն են։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշեց, որ այս քայլն ավելի շատ ցուցադրական ակտի նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առերևույթ ականատես ենք լինում ճգնաժամային իրավիճակի, սակայն այստեղ առկա դրսևորումները զուտ ցուցադրականության հիմքով են, որովհետև դրանցում քաղաքական բովանդակություն չենք տեսնում։

Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ սա մի իրավիճակ է, որը բավարարում է թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմերին։ «Չնայած ռուսական կողմից առերևույթ հնչող հայտարարություններին՝ այնուամենայնիվ ես կարծում եմ, որ սա մի իրավիճակ է, որը երկուստեք բավարարում է։ Երկու կողմն էլ սրանով իրենց համար նվազագույն խնդիրներ են լուծում՝ կապված քարոզչական էֆեկտի հետ»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը կարծում է, որ առկա բարդ իրողությունների պայմաններում այս իրավիճակից երկու կողմերն էլ ստանում են քարոզչական էֆեկտներ։ Նա մանրամասնեց, որ կողմերն ունեն բարդ խնդիրներ, որոնք պետք է լուծեն, ինչպես նաև կարող են լինել անլուծելի խնդիրներ, և այստեղ անհրաժեշտություն է առաջանում պատասխանատվությունը որևէ մեկի վրա տեղափոխել։ «Մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը պատասխանատվությունը հայկական կողմի վրա է տեղափոխում, հայկական կողմն էլ իր հերթին փորձում է դա վերադարձնել՝ այն ՌԴ-ի վրա դնելով։ Իմ գնահատմամբ՝ սա է տեղի ունենում, և սրա տակ շատ մեծ քաղաքական բովանդակություն չկա, և նաև սա է մտահոգիչ, որովհետև եթե քաղաքական բովանդակություն լիներ, ապա գուցե իրավիճակը շատ ավելի հասկանալի և հիմնարար լիներ։ Սակայն մենք տեսնում ենք, որ սրանով լուծվում են համեմատաբար մանր խնդիրներ»,- նկատում է Բադալյանը։

Հարցին, թե արդյո՞ք նման կերպ Հայաստանն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն է նախաձեռնում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ արտաքին քաղաքական վեկտոր փոխելու համար պետք է ունենալ դրա համար անհրաժեշտ տնտեսական, քաղաքական, ռազմական և այլ բնույթի ներուժ։ Նա նշեց՝ երբ այդ ներուժը չկա, իսկ Հայաստանի դեպքում ներուժը բավարար չէ անգամ անմիջական անվտանգային մարտահրավերներին լիարժեք դիմակայելու համար, վեկտորի փոփոխության մասին խոսելն անտեղի է.

«Չեմ էլ կարծում, որ Երևանը դրել է այդպիսի խնդիր, Երևանը պարզապես փորձում է այս բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում առավագույնն անել՝ նաև Արևմուտքին պատասխանատվության դաշտ բերելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ է համարժեք քաղաքական դիրքավորում ունենալ։ Ռուսական ուղղությամբ Հայաստանի որոշ քայլերին անհրաժեշտ է հենց այս ուղղությամբ նայել»։

Հակոբ Բադալյանը ընդգծեց, որ պաշտոնական Երևանը նման կերպ փորձում է գործուն քայլեր ձեռնարկել և նույնպիսի քայլեր ակնկալել Արևմուտքից, որպեսզի Արևմուտքը գործուն ներգրավվածություն ունենա անվտանգային միջավայրում Հայաստանի համար առկա սպառնալիքները կանխարգելելու, զսպելու, կամ չեզոքացնելու հարցում։ Նրա համոզմամբ՝ հայկական կողմը զբաղված է հենց այս խնդրով և ոչ թե վեկտորի փոփոխությամբ։

Քաղաքական մեկնաբանը հավելեց, որ ներկայումս չկա փոխելու ներուժ, ինչպես նաև չկա միջավայր և ընդհանրապես այդպիսի խնդիր դնելու նպատակահարմարություն։ «Ինչ վեկտոր փոխելու մասին է խոսքը, երբ մենք տեսնում ենք, որ համաշխարհային կարգի փլուզում և աշխարհի վերաբաժանման նոր պրոցես, որի անգամ գագաթնակետին մենք մոտ չենք, և պարզ չէ, թե ինչպիսի հարաբերակցությամբ է այս ամենը հանգուցալուծվելու, որպեսզի հասկանալի լինի, թե որտեղ և ինչպիսինն են լինելու պայմանական ասած այդ վեկտորները»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:45 Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
13:48 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իրազեկման երթ է անում ՀՀ բուհերում. ՈւՂԻՂ
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
16:15 Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածել են հագուստի խանութի
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան

Ձեզ գուցե հետաքրքրի