copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 21:30 22-08-2025

ԵՄ վիզան փորձաքար է. կա՛մ վեկտոր կփոխվի, կա՛մ նոր իշխանություն կգա

ԵՄ մուտքի վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այս մասին ընդարձակ հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն, այն վերնագրելով՝ «Հայաստանի ջանքերի արդյունքում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում»։

Ի՞նչ կարևոր հարցեր են շրջանցում ՀՀ իշխանությունները այս հաղորդագրության մեջ։ Եվ արդյո՞ք իրատեսական է ԵՄ վիզայի ազատականացումը։

ՀՀ քաղաքացիների մի մասն արձակուրդն անցկացնում է ԵՄ երկրներում։ Բայց շատերն էլ վիզա չեն ստանում՝ առանց հիմնավոր պատճառաբանության։ Բազմաթիվ քաղաքացիներ են բողոքում ԵՄ երկրների դեսպանատների կամայականությունների, անհասկանալի հերթերի, քաղաքացիների իրավունքների ոտնահարման մասին։ Այս խնդիրներին անդրադարձ չկա հաղորդագրության մեջ։ ՀՀ-ից ԵՄ երկրներ արտագաղթի թվերի մասին ևս տվյալներ չկան։ Թվարկված փորձագիտական առաքելությունների հիման վրա կազմված զեկույցներից բովանդակային մեջբերուներ չկան։

Նկատենք, որ ՀՀ-ն ԵՄ անդամակցելու հայտ չի ներկայացրել։ Արտաքին քաղաքական հայեցակարգ չի փոխվել։ ԵՄ անդամակցելը չի ամրագրվել Սահմանադրության մեջ որպես նպատակ։ Ի տարբերություն այն երկրների, որոնց քաղաքացիների համար ԵՄ վիզան ազատ է, ՀՀ-ն վարում է վառ ռուսամետ կուրս։ Մայիսի 9-ին Փաշինյանը գնում է Մոսկվա պառադի։ Իսկ առաջիկայում՝ օգոստոսի 31-ին, մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը ռուս-չինական, հակաքաղաքակրթական ճամբար է։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀ-ն ընտրել է այլ ուղի, ոչ եվրոպական ապագա։ Ուստի՝ ՀՀ քաղաքացու համար ԵՄ վիզայի ազատականացման հեռանկարն իրատեսական չէ։

ՆԳՆ հաղորդագրությունն ավարտվում է հետևալ տողերով. «Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես միգրացիայի շարժունակության և հանրային անվտանգության ոլորտում իր բարեփոխումների ռազմավարական ծրագիր։ Հայաստանը հանձնառու է իրականացնելու այս բարեփոխումները՝ նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ՝ դեպի Եվրոպական Միություն»։

Ուշագրավ է, որ շեշտը դրվում է ԵՄ երկրներ դյուրին ճամփորդելու վրա։ Եթե ԵՄ-ին ՀՀ քաղաքացին հետաքրքրի միայն որպես տուրիստ, այսինքն՝ ԵՄ-ին փող տվող, ապա վիզան ոչ թե կազատականացնեն, այլ կթանկացնեն, որ ավելի շատ փող քերեն ՀՀ քաղաքացուց։

Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա ստանձնած հանձառությունների շարքում նշվո՞ւմ է քաղբանտարկյալներին ազատ են արձակելու, ատելության խոսքից հրաժարվելու մասին։ Եթե ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն լիներ ՀՀ իշխանության համար, և եթե ՔՊ-ն իրոք ուզենար, որ ԵՄ վիզան ազատականացվի, ապա 18 արդարները երեկ ազատ կարձակվեին, իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրները կհրաժարվեին ատելության խոսույթից, հայհոյախոսությունից, քանի որ ԵՄ-ում այդպիսի բարոյական նորմեր չկան։ ԵՄ-ում հավանաբար, չեն ուզենա, որ հակաժողովրդավարական բարքերը, ատելությունն ու հայհոյախոսությունը թունավորեն նաև իրենց տները։ Այս առումով էլ՝ ՀՀ քաղաքացու համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական չէ։

Չնայած՝ հայ-իրանական մաքսակետում ռուս զինվորներ չկան, սակայն նրանք չեն հեռացել սահմանից։ Հայ-թուրքական սահմանին նույնպես ռուս զինվորներ են։ Ե՛վ հայ-իրանական, և՛ հայ-թուրքական սահմաններին ռուսները գործում են ինքնագլուխ, ՀՀ իշխանություններին հաշվետու, ենթակա չեն։ Այս հանգամանքը ևս ՀՀ-ին հեռացնում է ԵՄ վիզայի ազատականացումից։ ՀՀ-ում ռուսական գործակալներն ու լրտեսները վխտում են։ Այս մասին հայտարարում են նաև ՔՊ-ական պաշտոնյաները։ Բայց ի տարբերություն ԵՄ անդամ կամ անդամության թեկնածու երկրների, ՀՀ-ում լյուստրացիայի մասին օրենք չի ընդունվել։ Նույնիսկ դեսովետիզացիա չի իրականացվել։ Օրինակ՝ Երևանում կա Տիտոգրադյան փողոց, այնինչ՝ Տիտոգրադ քաղաք աշխարհում չկա։ Իսկ Վազգեն Ա-ի փողոցի շենքերի վրա, հատկապես՝ բակում, պահպանվում են Կասյանի ցուցանակները։ Սա ցույց է տալիս, որ ՔՊ-ական իշխանությունը չի հարգում ՀՀ անկախությունը, ժողովրդավարությունը։ Ուստի՝ ՔՊ-ի օրոք ԵՄ վիզայի ազատականացումը իրատեսական չէ։

Կարճ ասած՝ ԵՄ վիզայի ազատականացումը իրատեսական կլինի երկու դեպքում՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը կփոխի արտաքին վեկտորը, կա՛մ 2026-ին ՔՊ-ն կպարտվի, և ՀՀ-ում իշխանության կգան անկախության և ժողովրդավարության իրական ջատագովները։ Այս առումով՝ ԵՄ վիզայի ազատականացումը փորձաքար է։ Պարզ չէ, սակայն, թե ի՞նչ է ակնարկում ՆԳՆ-ն, երբ այն իրատեսական է համարում։

Թաթուլ Մկրտչյան