Երևան +20°
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 21:00 10-07-2023

Վիզան անհնարին է․ Կիպրոսի հյուպատոսը փնտրում է վիզա վաճառողներին

Նարեկ Խաչատրյան

Լրագրող

Բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ վիզա ստանալու համար չեն կարողանում դիմել Կիպրոսի հյուպատոսություն, քանի որ ազատ տեղեր չկան, փոխարենը տուրիստական ընկերությունների միջոցով կարողանում են օր ամրագրել։ Նման բողոքները քաղաքացների կողմից բազմաթիվ են։

«Նախորդ տարի երկկողմանի ավիատոմսը Wizz air-ից գնել էինք 50 եվրոյով։ Կիպրոսում բնակարանների վարձերը տատանվում էին օրը 30-100 եվրո՝ կախված մարդկանց քանակից, դե ուտելիքն էլ երևանյան գներ են։ 4 հոգանոց ընտանիքի համար՝ 2 մեծ, 2 երեխա, 1 շաբաթում ծախսել ենք 1000 եվրոյից մի փոքր ավելի։ Իսկ հիմա, վիզայի համար ազատ օր չլինելու պատճառով ստիպված ենք տուրիստականների դիմել և հանգստի համար վճարել 4 անգամ թանկ՝ 4000 եվրո»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Оragir.News-ը Երևանում Կիպրոսի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ են պայմանավորված նշված խնդիրնեը, արդյոք հյուպատոսարանը անելիք չունի՞։
«Հյուպատոսարանն իհարկե անելիքներ ունի և վաղուց անում ենք, պարզապես, երբ պահանջարկ կա։ Մենք հիմա միայն անուն-ազգանունով գրանցած քաղաքացիներին ենք ընդունում, չգիտենք, թե տուրիստականներն ինչպես են անում։

Հիմա մենք այն վիճակում ենք, որ այն մարդիկ, որոնք չեն կարողանում գրանցվել, կարող է՝ ավելի շահեկան դուրս գան, քան նրանք, ովքեր որևէ ձևով գրանցվել են, որովհետև գրանցվածներն էլ վիզա չեն ստանում։ Այնպես որ ծայրահեղ ծանր վիճակ է»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Ճշտող հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ստեղծված իրավիճակը, Կիպրոսի պատվավոր հյուպատոսը պատասխանեց․ «Եթե ամեն օր 1000 հոգի ուզում է գնալ, բայց այնտեղ կա մի հյուպատոս, որը կարող է պատասխան տալ, միայն դրանով է պայմանավորված։ Շաբաթական 20 թռիչք կա, դեսպանատուն չկա, հյուպատոսությունը չի կարողանում հասցնել։ Արդեն 3-4 ամիս է՝ բողոքում, դիմում, գրում ենք Կիպրոսի ԱԳՆ, որ մարդ ուղարկեք, միջոցներ ձեռնարկեք, բայց չեն անում։ Ինձ ասում են՝ կարող ես փակել, էլ վիզա չտալ, գործ չընդունել, նույնիսկ ում գործերը վերցրել ենք, ասում են՝ կարող ես չտալ, որևէ բան չենք կարող անել։ Մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր չգիտեմ, թե մեր վիճակն ինչ է լինելու։

Ինչ վերաբերում է տուրիստականների միջոցով ազատ տեղեր գտնելուն, ես տեղյակ չեմ, թե դա ինչպես են անում։ Տուրիստականները դեռ 3 ամիս առաջ, երբ դիմողներն այսքան շատ չէին, եկել, ասել են՝ այս օրերը մենք մեր տուրիստների համար ամրագրում ենք՝ անուն-ազգանուններով, ինչ-որ քանակով, ասել ենք՝ այո։ Բայց հիմա, երբ մի տուրիստական ասում է՝ փողը տվեք, անենք, կարելի է գնալ, գտնել, պատժել տուրիստականին, որովհետև մենք չենք վերցնում նման գործ։ Կամ պետք է քաղաքացին նախօրոք գրի, որ օրինակ՝ Արմեն Խաչատրյանն այս օրը գրանցվել է, որ գնա կամ տուրիստականն է ասել՝ Արմեն Խաչատրյանն այս օրը գրանցվել է, որ գնա, մյուս բոլոր դեպքերը միայն կառավարական, հույժ կարևոր դեպքերն են, դրանք էլ իրենց ասելով ենք անում։

Հիմա, որ մեկը վերցրել է տեղ, բայց ինքը չի գնում, բերում, մեկ ուրիշի գործն է հանձնում ու մենք կարող է՝ չտեսնենք դա, բայց որևէ մեկին մեր կողմից պաշտոնապես չի եղել, որ ասենք՝ դու վերցրու բեր, մենք կընդունենք։ Հիմա պատկերը այլ է, տուրիստականներին այսօր ասել ենք՝ մոտակա մի շաբաթը էլ չենք վերցնելու որևէ գործ, մինչև տեսնենք, թե Կիպրոսից ինչ են ասում։
Մենք բոլորին ասել ենք, եթե որևէ մեկը մեր հերթը վաճառի, ընդհանրապես կզրկվի որևէ դիմելու հնարավորությունից»։

Արմեն Խաչատրյանը շեշտեց, որ Երևանում Կիպրոսի հյուպատոսությունը ընդամենը հայտերն է լրացնում, վիզայի հաստատումը Կիպրոսում է լինում, որը կարող է երկար ժամանակ տևել․

«Օրը 300 դիմում է լինում, մերժում շատ հազվադեպ է լինում, քանի որ գնում են հանգստանալու։ Երբ մենք այս խնդրին առնչվեցինք ու այն սկսեց մեզ անհանգստացնել, դիմեցինք իրենց, ասացինք՝ այպիսի խնդրի ենք առնչվում, ի՞նչ խորհուրդ կտաք։ Խորհուրդը հետևյալն էր, որն անում է Մոսկվայում Կիպրոսի դեսպանատունը։ Ասում են՝ կենդանի հերթով, այսինքն՝ առավոտյան, եթե բացվում ենք ժամը 10։00-ին, ով հասցրեց, նա կմտնի։ Օրինակ՝ հասցնում ենք 100 հոգի, նրանք կմտնեն, մյուսները՝ ոչ։ Դա անընդունելի էր մեր կողմից, որովհետև այնտեղ դեսպանատուն է, իր անվտանգության աշխատակիցներով, իսկ մենք մի փոքրիկ գրասենյակ ենք, պատկերացրեք՝ մարդիկ գան, հերթ կանգնեն ու փորձեն, թե ով է առաջինն անցնում։ Այսինքն՝ իրենք ուրիշ կերպ չէին կարողացել այս հարցը լուծել։

Խնդիրը կարգավորելու միակ տարբերակն այն է, որ ամեն երկրի Կառավարություն իր հյուպատոսությանը կարողանա գործիքներ տրամադրի, որոնք կարող են բոլորին բավարարել։ Մեզ մոտ աշխատուժի պակաս չէ, այլ մարդու իրավասության, որը կարող է այդ հարցը տեղում որոշի՝ մարդը վիզա ստանալո՞ւ է, թե՞ չէ, որովհետև մենք վերցնում ենք, ուղարկում ենք Կիպրոս, նոր այնտեղից ստանում ենք, իսկ այդ գործընթացը շատ բարդ ու երկար աշխատանք է, եթե մենք 10 հոգու տեղը 100 հոգի դնենք, միևնույն է ինքը մի խողովակով է գնում և մի խողովակով է գալիս, որի թողունակությունը այնքան չի, որ բոլոր ցանկացողները կարողանան օգտվել։ Եթե փոփոխություն լինի և վիզայի հաստատումը հենց այստեղ լինի, այդ դեպքում խնդիրը կկարգավորվի, հիմա պայքարում ենք այդպես լինի, բայց դրա համար էլ իրենք ասում են՝ պետք է Գլխավոր հյուպատոսություն բացել, որը կտևի մի քանի ամիս, գուցե 1 տարի, որպեսզի կարողանան պաշտոնապես հյուպատոս նշանակել։ Իմ արածը կամավոր սկզբունքով է, ինձ ասում են՝ եթե չեք հասցնում, եթե խնդիրներ են առաջանում, ապա փակեք, մի տվեք վիզա։ Վաղվա ուղևորներին մինչև ուշ գիշեր մնանք, փորձենք անել, բայց մյուս օրը էլ չգիտեմ ու կարող է մի օր իրոք փակվենք»։

Եթե Կիպրոսի հյուպատոսությունը փակվի, ՀՀ քաղաքացիները Կիպրոս մեկնելու այլ տարբերկաներ կունենա՞ն, թե՞ ոչ, հետաքրրքվեցինք Արմեն Խաչատրյանից․

«Այդ դեպքում չեն կարողանա գնալ կամ էլ շենգեն վիզայով կարող են գնալ Կիպրոս, բայց այդ դեսպանատներում էլ են հերթեր։ Հայաստանին սպասարկող դեսպանատունը գտնվում է Մոսկվայում, կամ էլ պետք է գնան, դիմեն Մոսկվայում Կիպրոսի դեսպանատուն և վիզա ատանան։

Մենք հիմա շաբաթը ունենք 20 թռիչք, 4000 մարդ ու դուք պատկերացրեք՝ 4000 հոգուց պետք է ընդունես գործը, հետո դարձնես մի ուրիշ տարբերակ, ուղարկես իրենց, իրենք հասկանան՝ ում տան, ում չտան, հաստատեն, հետ ուղարկեն, հետո այդ բոլորն անցկացնես այլ ծրագրի միջոցով, նորից հաստատես։ 4000 հոգի շաբաթվա մեջ ո՞նց կարող է լինել։ Հիմա, եթե ինձ հետ մի բան պատահի՝ հիվանդանամ, մի բան լինի, որևէ մեկը չի գնա Կիպրոս»։

Դիտարկմանը, քանի որ Կիպրոս մեկնելու համար ՌԴ քաղաքացիներին վիզա անհրաժեշտ չէ, ուստի ստացվում է, որ ՀՀ-ից դեպի Կիպրոս մատչելի տոմսերն ավելի շատ օտարերկրացիների համար են, քան ՀՀ քաղաքացիների, Արմեն Խաչատրայնն ասաց, որ դա այդպես է․

«Այո, դուք ճիշտ եք։ Հենց հիմա վաղվա թռիչքի անձնագրերն եմ ստորագրում, ամբողջ փաթեթը միայն հայկական անձնագրեր են, մեզ մոտ ռուսական կարող են դիմել այն դեպքում, երբ այստեղ ապրելու իրավունք ունեն ու շատ քիչ են դիմում, բայց, երբ նստում ես ինքնաթիռ, տեսնում ես, որ մեծ մասը ռուս են»։

Դիտարկմանը, որ ստացվում է՝ շարքային քաղաքացին, որը կարող է առանց տուրիստականներին դիմելու, շատ ավելի մատչելի հանգիստ կազմակերպել Կիպրոսում, ստիպված է նույն ծառայության դիմաց շատ ավելի թանկ վճարել կամ այդքան գումար չունենալու պատճառով պարզապես զրկվել հանգստի մեկնելու հնարավորությունից, Արմեն Խաչատրյանն ասաց, որ ամեն ինչ անում են, որպեսզի առաջնահերթությունը քաղաքացիների դիմումներին տրվեն․

«Եթե որևէ տուրիստական ասում է, որ ինքը գումարով է այդ հարցը լուծում, մենք իրենց հանում ենք, իրենցից ընդհանրապես գործեր չենք վերցնում։ Մենք ամեն օր քաղաքացիների դիմումներ ենք ընդունում, որոնք նախապես գրանցված են և կապ չունեն տուրիստականների հետ, որևէ քաղաքացի չկա նախապես գրանցված, որ իրեն չընդունենք։ Անկախ այս ծանր գրաֆիկից մենք առաջնորդվելու ենք նրանով, որ անկախ քաղաքացիները ստանան, հետո նոր տուրիստականները։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ իրենք չպետք է տուժեն։ Կամաց-կամաց շտկում ենք այդ ամենը»։

Կիպրոսի մուտքի արտոնագրեր ստանալու համար ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Կիպրոսի պատվավոր հյուպատոսի գրասենյակ կամ գրել նշված էլեկտրոնային հասցեին՝ mailto:[email protected]:

Նարեկ Խաչատրյան