Երևան +15°
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 1 ամիս առաջ - 22:00 21-03-2024

Քարվաճառը և Քաշաթաղը հանձնելով՝ ՀՀ-ն խորտակել է իր պաշտպանական ողնաշարը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերն Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը, պաշտոնական Մոսկվան պնդում է, որ ոչ մի ներգրավվածություն չունի այս գործընթացում։ Նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Տավուշի գյուղերը հանձնելու հայտարարությունը կապված չէ ՌԴ-ի հետ՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրելով ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին ու Վաշինգտոնին։

Զախարովան միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ սեփական բնակչությանն ահաբեկելը Հայաստանին ձեռնտու արդյունքի հասնելու լավագույն միջոցը չէ։ Ըստ նրա՝ հարցերը պետք է լուծել հանգիստ, կառուցողական ձևով, և դրա մեխանիզմը կա․ դա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը վստահություն հայտնեց, որ Մարիա Զախարովայի հայտարարություններն առհասարակ իրականությանը չեն համապատասխանում։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանի տարածք ադրբեջանական նոր և լայնամաստաբ ներխուժումը խրախուսելու համար։

Քանանյանը Զախարովայի հայտարարությունները ապատեղեկատվություն որակեց՝ նշելով, որ դրա նպատակը Հայաստանի անվտանգությունը հնարավորինս խորտակելն է, ինչպես նաև ադրբեջանական ներխուժումը սադրելն ու դրան նպաստելը։ Նա միևնույն ժամանակ շեշտում է՝ Մարիա Զախարովան, բնականաբար, իր ասածի համար ոչ մի ապացույց չունի։

Քաղաքագետն ասաց, որ թեև տարիներ շարունակ բազմաթիվ հարցերում Բորիս Նավասարդյանի հետ տարաձայնություններ ունի, սակայն վերջինս փաստարկված ներկայացրել է, որ վերջինիս տվյալ հայտարարությունը դասական և Հայաստանի նկատմամբ թշնամական ապատեղեկատվություն է։

Հարցին, թե Տավուշի մարզում ինչ գործառույթ են իրականացնում ռուս սահմանապահները և հնարավոր ադրբեջանական ագրեսիայի դեպքում նրանք ինչ դիրքորոշում կորդեգրեն, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ինչպես ժամանակին Հայաստանի Հանրապետության Արցախի մարզում, այնպես էլ ՀՀ-ի մնացած տարածքում ռուսական ստորաբաժանումները միայն մի դեր են իրականացնում. «Նրանք իրականացնում են Հայաստանի Հանրապետության փուլային հանձնումն Ադրբեջանին ու հայոց պետականության վերացման գործառույթը»։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ռուսական զորքերը հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով տեղակայվում են այնպիսի հատվածներում, որտեղից առաջնահերթ սպասվում է ադրբեջանական ներխուժումը։ «Այսինքն՝ նրանք տեղակայվում են ճգնաժամային և կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում և իրենց գործառույթն է ադրբեջանական զորքերի առաջ ճանապարհ բացելը ու ներքին տրոյական ձիու դերակատարում իրականացնելը, ինչպես դա արդեն արել են Արցախում»,- նկատում է նա։

Մեր հարցին, թե արդյոք հնարավո՞ր է չհանձնել Տավուշի 4 գյուղերը, բայց նաև խուսափել պատերազմից, Ալեքսանդր Քանանյանը պատասխանեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո նոր պատերազմները գրեթե հնարավոր չէ կանխել, որովհետև ՀՀ-ն, Քարվաճառը ու Քաշաթաղը զիջելով, խորտակել է իր պաշտպանական ողնաշարը։ Նա միևնույն ժամանակ նշում է՝ վաղուց արդեն կարելի էր արտահերթ դիվանագիտական քայլեր ձեռնարկել, որպեսզի առավել վտանգված վայրերում դիտորդական-դիվանագիտական ներկայացուցչություն ապահովվեր։

«Կարելի էր որոշ շահագրգիռ և Հայաստանի նկատամամբ բարեկամական տրամադրված պետությունների գոնե խորհրդանշական քանակով 10, 20, կամ 50 զինվորական տեղակայել, ինչը բնականաբար մեզ չէր երաշխավորի ադրբեջանական ներխուժումից, բայց Ադրբեջանի համար գլխավացանք կդառնար։ Նման գլխացավանքի հեռանկարը կարող է ինչ-որ չափով ուշացնել կամ ուշացնել ինքնին անխուսափելի ադրբեջանական հարձակումը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան