Ներքին Արտաքին Միտք 2 տարի առաջ - 09:30 16-03-2024

Մարտի 16-ը չեղարկելն անվտանգային ռեալ նշանակություն ունի

ՌԴ նախագահ վերընտրվող Պուտինն ընտվելուց հետո այցելելու է Անկարա։ Կանխատեսում կա, թե այս տարի ռուս-թուրքական եղբայրությունը կարող է ագրեսիա սկսել ՀՀ-ի դեմ, ինչպես 103 տարի առաջ։ Այս ռեալ սպառնալիքը հաշվի առնելով, ՀՀ-ն և նրա դաշնակից երկրները հավելյալ ջանքեր են գործադրում։ Մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանի մարտի 13-ի բանաձևը պարունակում էր ակնարկ, որ ՀՀ-ն կարող է հետ մղել ռուս-թուրքական հավանական ագրեսիան Եվրամիության երկրների աջակցությամբ։

Ավելին՝ երբ ՀՀ-ն կդառնա Եվրամիության անդամ, այդ ժամանակ, ենթադրաբար, Ռուսաստանն և Թուրքիան վերջնական կզրկվեն Հայաստանի նկատմամբ իրենց ազդեցությունից և իրավունքներից, որոնք սահմանվել են Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրով ու դրանից ածանցվող Կարսի 1921 թվականի հոկտեմբերի 13-ի պայմանագրով։ Իսկ եթե հաշվի առնենք, որ 1-ին աշխարհամարտի արդյունքների մեծ մասը վերանայվել են, ապա չի բացառվում, որ նոր աշխարհակարգի հաստատումից հետո, միջազգային ատյանների որոշմամբ այս պայմանագրերը կլուծվեն, Հայաստանին կվերադարձվեն Մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով ապօրինաբար խլված հայկական որոշ տարածքներ։

1921-ի մարտի 16-ին Հայաստանը փաստացի անկախ էր, ժողովուրդը փորձում էր վերականգնել թուրքերի և ռուսների ավերածը, սակայն վերջինները միավորելով ուժերը՝ ծրագրեցին կործանել Հայաստանը: Մարտի 16-ից 4 օր անց Ռուսաստանը Հայաստանին ներկայացրեց կապիտուլյացիոն վերջնագիր։ Մարտի 25-ին բոլշևիկյան Ռուսաստանն անցավ հարձակման և ապրիլի 2-ին ներխուժեց Երևան և բռնազավթեց Հայաստանը: Այսպիսով, Մարտի 16-ը, ըստ էության, ոչ միայն հայաբնակ տարածքների բաժանման մասին ապօրինի քարտեզագրություն է, այլև Հայաստանին անկախությունից զրկելու ծրագիր, հայ ժողովրդին ազատությունից զրկելու պայմանագիր։ Հետևապես՝ այն պետք է ապօրինի ճանաչվի ու լուծվի։

Մարտի 16-ի պայմանագիրը մի շարք փորձությունների միջով է անցել։ Խորհրդային բռնազավթման առաջին տասնամյակներում, բազմաթիվ մարդիկ են բանտարկվել Թուրքիայի դեմ խոսելու մեղադրանքով։ Թուրքիայի պահանջով բազմաթիվ մտավորականներ ու ռազմական գործիչներ հալածվել են, ազատազրկվել, աքսորվել, գնդակահարվել։

Օրինակ՝ 1939-ին Սասնա Ծռեր էպոսի 1000 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված Սասունցի Դավթի արձանի քանդակագործական մրցույթը շահած Երվանդ Քոչարը կերտել է Սասունցի Դավթի սպիտակ մարմարե արձանը, որի սուրը մեկնված էր առաջ։ Այդ ժամանակ Թուրքիան նոտա է հղել Մոսկվա, մեկնաբանելով, իբր Սասունցի Դավթի սուրն ուղղված է Թուրքիայի դեմ։ Դրանից հետո Սասունցի Դավթի սպիտակ քարից արձանը ապամոնտաժվել է, փշրվել մանր բեկորների։ Իսկ Երվանդ Քոչարը մեղադրվել է եղբայրական Թուրքիայի դեմ Սասունցի Դավթի սուրը պարզելու մեղադրանքով, ազատազրկվել և 2 տարի 2 ամիս անցկացրել խորհրդային բանտերում։ Կրկնենք՝ Երվանդ Քոչարը մեղադրվել ու բանտարկվել է Մոսկվայի մարտի 16-ի պայամանագրի տառի և ոգու համաձայն։

Սառը պատերազմի բուռն շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները լարվել են։ 1965-ի մարտի 16-ին խորհրդային Հայաստանի դրածո իշխանությունները որոշել են Երևանում կառուցել Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան։ Սառը պատերազմի տարիներին գրվել են Մեծ եղեռնի մասին բազմաթիվ ստեղծագործություններ։

Ռուս-թուրքական ջերմացման նոր փուլը սկսվել է 2002-ին, երբ Ֆրանսիայի սենատն ընդունեց Հայոց Ցեղասպանության մասին օրենքը։ Դրանից հետո Թուրքիան դարձավ Ռուսաստանի ամենակարևոր առևտրային գործընկերն աշխարհում։ Իսկ 2021-ին ՌԴ-ն և Թուրքիան հանդիսավորապես նշեցին Մոսկվայի մարտի 16-ի պայմանագրի 100-ամյակը, վերահաստատելով պայմանագրով կողմերի ստանձնած պարտավորությունները, գոհունակություն հայտնելով, որ 2020-ին կարողացել են միասնական ջանքերով զավթել Արցախը և վերականգնել իրենց ազդեցությունն այս տարածքում։

Կարճ ասած՝ ռուս-թուրքական հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով անհրաժեշտ է Մոսկվայի մարտի 16-ի և Կարսի հոկտեմբերի 13-ի պահմանագրերն ապօրինի ճանաչելու և լուծելու հարցն օրակարգ բերել։ Սա անվտանգային ռեալ նախաձեռնություն կլինի, որով անկախության և ժողովրդավարության ջատագով ՀՀ քաղաքական համայնքն աշխարհին ցույց կտա, որ ռուս-թուրքական 103-ամյա ազդեցությունն ու իրավունքներն ապօրինի է համարում և մտադիր է դիմել միջազգային ատյաններ՝ այդ պայմանագրերն առ ոչինչ ճանաչելու հայցով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան