copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:33 15-03-2024

Եվրատեսիլի երգը «Նախշուն բաջիի» վատ պլագիատն է. ոճաբանի դիտարկումը

Ոճաբան-դիզայներ Արայիկ Գաբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի տեսահոլովակին՝ նշելով. «Արցախը տվեցին, Նախշուն բաջին Ժակո դարձավ, իսկ տընգդը-տընգդ-ն` լա լա լալայ»։

Oragir.News-ը զրուցեց Գաբաջյանի հետ՝ պարզելու իր վրդովմունքի պատճառը հայաստանյան պատվիրակության կատարած աշխատանքի վերաբերյալ։

Ոճաբան-դիզայների խոսքով՝ թե՛ տեսահոլովակը, թե՛ դիզայների աշխատանքը իդեալական են, սակայն երգի մեղեդին որակում է որպես հայտնի «Ինձ ասում են նախշուն բաջի» երգի պլագիատ․

«Տեսահոլովակի դինամիկան, ռեժիսորի, օպերատորի, դիզայների աշխատանքը շատ իդեալական էին արված․ հագուստային ճիշտ լուծում էին գտել։ Հիմա չգիտեմ, թե բեմին ինչով է պատրաստվում ներկայանալ, բայց սա՝ որպես տեսահոլովակի համար նախատեսված կերպար, շատ սիրուն էր ու հետաքրքիր, որովհետև այնտեղ օգտագործված են հայկական հյուսքերը, որոնք ամբողջ աշխարհին են հայտնի աֆրիկյան ծագմամբ, բայց շատ քչերը գիտեն, որ դրանք հայկական են․ հայերը վաղուց են օգտագործել երկար հյուսքերը՝ իրենց մազական փոմփոլիկով։ Շատ նուրբ էին օգտագործված հայկական զարդանախշերը, գոտին, հագուստը։ Մասնագիտական մանրամասներ կան, որոնք լիքը մարդ չի տեսնում, չի հետաքրքրվում։

Ինչ վերաբերում է երգին, կարող եմ ասել, որ նրա ուղղությունը Արև Բաղդասարյանի «Ինձ ասում են նախշուն բաջի»-ն է։ Յուրաքանչյուր հայ գիտի, և այսչափ այնհայտ դնել, կարծում եմ, պետք չէր․ կարելի էր ինչ-որ կերպ փոխել»,- խոսելով տեսահոլովակի և երգի մասին՝ նշեց Արայիկ Գաբաջյանը։

Oragir.News-ի հարցին՝ արդյոք մեղեդային գիծը որոշակի քայլ չէ՞ արդյոք Արցախի հանրահռչակման համար, Գաբաջյանը պատասխանեց․

«Եթե նպատակը Արցախը հանրահռչակելն է, ես երկու ոտքով ու ձեռքով «զա» եմ։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե այդպիսի միտում եղած լինի։ Կարծում եմ՝ չգիտակցված պլագիատ է եղել։ Եթե իմանամ՝ հստակ նպատակ է եղել Արցախը պրոպագանդելու, հարյուրհազարավոր տոկոսներով իրենց հետ համաձայն եմ․ կարելի էր շատ ավելի հետաքրքիր ճանապարհով էլ պլագիատ անել՝ ուրիշ կողմերով»։

Oragir.News-ի ամփոփիչ հարցին՝ արդյոք տեղի՞ն կլինի այնպիսի կերպարի ստեղծումը երգչուհու համար, ինչպիսին կրում էր Եվրատեսիլի անցած տարվա մասնակից Բրյունետը, ոճաբանն ասաց․

«Եթե աշխատելու է Մերի Ստեփանյանը, որ աշխատել է հիմա, չեմ կարծում՝ կանի այնպես, որ ստեղծի Բրյունետի կերպարից, որովհետև դա իր ներքին կերպարն էր, իր մտածելակերպն էր՝ ինչ-որ չափ ավելի քիչ զարգացած․ ես, օրինակ, ուրիշ բան կանեի Բրյունետի համար։ Հիմա, կարծում եմ, պետք է այս հայկական վիճակը պահել, զարգացնել, ինչը, կարծում եմ, այդպես էլ կանեն, կստեղծեն այն էթնոստիլը, որն ամբողջ աշխարհում հիմա շատ պոպուլյար է, և տարբեր նորաձևության տներ փորձում են դետալներ օգտագործել իրենց երեկոյան հագուստների մեջ»,- եզրափակելով խոսքը՝ նշեց Գաբաջյանը։