Ուղիղ եթեր
copy image url
Միտք Արտաքին Ներքին 1 ամիս առաջ - 19:30 15-03-2024

Ցանկալին իրականություն է ներկայացվում. ՀՀ-ն տեսանելի ապագայում չի անդամակցի ԵՄ-ին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդարանը ձայների 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնապահ հարաբերակցությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը։ Բանաձևի համաձայն՝ եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար։

Հայաստանի իշխանությանների և վերջիններիս աջակցող փորձագետների ակտիվ քարոզչության ֆոնին, թե ՀՀ-ն պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին՝ մեր երկրում ակտիվորեն սկսեցին տարածվել այն խոսակցությունները, թե սա անդամակցության ճանապարհի առաջին քայլն է, և իրատեսական է, որ տեսանելի ապագայում Հայաստանը կանդամակցի ԵՄ-ին։ Իշխանամերձ փորձագետների պնդմամբ՝ Հայաստանը ԵՄ անդամի թեկնածու երկրի կարգավիճակ կստանա դիմելուց առնվազն 2-3 ամիս անց, կանդամակցի՝ տարիներ անց, ընդ որում՝ տեսանելի ապագայում։

Հատկանշական է, որ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև վերջինիս առաջնորդած կազմակերպությունների նկատմամբ առկա արդարացի դժգոհությունների ֆոնին հասարակությունը հակված է հավատալ հիշյալ թեզերին և կարծել, որ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը չափազանց իրատեսական է։ Վստահ ենք, որ եթե այս թեմայով հայ հասարակության շրջանում սոցիոլոգիական հարցումներ անցկացվեն, ապա բնակչության ճնշող մեծամասնությունը կաջակցի, կամ առնվազն դեմ չի լինի ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև լիիրավ անդամակցությանը։

Սակայն, ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ այս բանաձևի համատեքստում հերթական անգամ փորձ է արվում ցանկալին ներկայացնել իրականության տակ, ինչպես նաև բնակչության շրջանում առնվազն այս պահի և տեսանելի ապագայի դրությամբ անիրականանալի պատրանքներ ստեղծել։ Նկատենք, որ Եվրոպական խորհրդարանի ընդունած հիշյալ բանաձևը ոչ մի իրավական հետևանք, կամ պարտադիր կատարման բաղադրիչ չունի՝ ո՛չ ԵՄ–ի ինստիտուտների՝ Եվրոպական խորհրդի, ԵՄ խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի, ոչ էլ կազմակերպության անդամ երկրների համար։ Սա բացառապես քաղաքական փաստաթուղթ է, որն ընդունվել է այս պահին առկա քաղաքական իրողությունների պայմաններում։

Միևնույն ժամանակ կարևոր է հաշվի առնել, որ ԵԽ-ն մի քանի անգամ՝ ուղիղ և անուղղակի կերպով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն այն չի ներառել Թուրքիայի հետ անդամակցության հարցերում, այս ճանաչումը չի նպաստել անգամ նրան, որ կառույցի բոլոր անդամները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Արդեն 1999 թվականին Թուրքիան ստացել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, սակայն առ այսօր չի կարողացել անդամակցել կառույցին, որը պայմանավորված է այդ երկրի վարած քաղաքականությամբ, այլ ոչ թե այն հանգամանքով, որ պաշտոնական Անկարան առ այսօր հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Բացի այդ, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո եվրոպական բարձրագույն օրենսդիր մարմինը մի քանի անգամ Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևեր է ընդունել, որոնք ոչ մի իրավական հետևանք չեն ունեցել։ Ավելին՝ դրանք չեն կաշկանդել Իլհամ Ալիևի ռեժիմին, որպեսզի վերջինս 2023 թվականի սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ պատերազմ սանձազերծի ավելի քան 9 ամիս շրջափական մեջ գտնվող Արցախի նկատմամբ, էթնիկ զտումներ իրականացնի և նպաստի, որ ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչ լքի իր տները և գաղթի Հայաստան։

Ինչպես նախկին, այնպես էլ վերջին բանաձևերում Եվրոպական խորհրդարանը պարզապես հորդորում է ԵՄ–ի արտաքին հարաբերությունների համար պատասխանատու կառույցներին դիտարկել Հայաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը, Ադրբեջանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել, սակայն վերահաստատենք՝ դրանք կատարման պարտադիր ուժ չունեն։ Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից օրեր անց՝ 2020-ի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի օրենսդիր մարմինը ընդունել էր մի փաստաթուղթ, որը երկրի կառավարությանը կոչ էր անում ճանաչել Արցախի անկախությունը, և այս փաստաթուղթը պատերազմի և կապիտուլյացիայի շոկի ներքո գտնվող հայ բնակչության շրջանում մեծ հույսեր էր առաջացրել, սակայն այն ոչ մի հետևանք չունեցավ, իսկ պաշտոնական Փարիզը պնդեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Չափազանց կարևոր է, որ բանաձևը դատապարտում է Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած գործողությունները, խոսում է արցախահայերի իրավունքների, այդ թվում՝ վերադարձի իրավունքի մասին, որոնք ավելի կարևոր են, քան ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածությունը դիտարկելու առաջարկը, սակայն կրկին ցանկանում ենք շեշտել, որ բանաձևը բացառապես խորհրդատվական բնույթ ունի։ Այն անհրաժեշտ է դիտարկել աշխարհաքաղաքական իրողությունների և մասնավորապես ՌԴ-արևմուտք լարվածության համատեքստում, որի պայմաններում արևմուտքը փորձում է ՌԴ-ի դեմ դիվիդենտներ շահել, քանի որ հենց վերջինիս անփառունակ խաղաղապահ առաքելության ներկայության պայմաններում Արցախի բնակչությունն էթնիկ զտումների ենթարկվեց ու հայաթափվեց։

Այսպիսով՝ թեև արևմուտքի հետ հարաբերությունների խորացումն, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը չափազանց ողջունելի է, սակայն այդ ճանապարհին պետք է ճիշտ գնահատել առկա իրողությունները և հնարավորությունները, ինչպես նաև դա չանել հակադրությունների ճանապարհով, որը կարող է Հայաստանի Հանրապետության համար չափազանց վտանգավոր լինել։ Միևնույն ժամանակ այս գործընթացում անհրաժեշտ է մարդկանց չմոլորեցնել ու սին պատրանքներ չառաջացնել հասարակության շրջանում, որը հետագայում մեծ հիասթափության պատճառ կդառանա։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի հարևան Վրաստանը, ինչպես նաև եվրոպական ինտեգրման օրակարգ որդեգրած Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հարցով բանակցությունները սկսել են դեռևս 2008 թվականից, սակայն առաջինը թեկնածու երկրի կարգավիճակ ստացավ միայն նախորդ տարեվերջին, իսկ մյուս երկուսը՝ 2022-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից անմիջապես հետո։ Բացի այդ, ԵՄ բարձրաստիճան ղեկավարները մի քանի անգամ հայտարարել են, որ մինչև 2030 թվականը չեն նախատեսում նոր անդամների ընդունել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ թեկնածուի կարգավիճակ ստացած հիշյալ 3 երկրները առնվազն 2030 թվականից շուտ ԵՄ լիիրավ անդամ դառնալու հնարավորություն չունեն։

Ուստի այս իրավիճակում ակնկալել ու հայ հասարակությանը համոզել, թե օրերս ընդունված խորհրդատվական բանաձևից հետո Հայաստանը կարճ ժամկետներում կարող է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ, դեռ ավելին տեսանելի ապագայում անդամակցել կառույցին, անիրատեսական է և առնվազն ոչ ազնիվ։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի