Երևան +21°
copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 15-03-2024

Փաշինյանը ռուսների հետ խաղեր է տալու ու բարեփոխումները գցելու է ոտքին  

Եվրախորհրդարանի ընդունած «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը բաց հրավեր է հայ ժողովրդին։ Այս իրավիճակում ՔՊ-ական իշխանությունը կա՛մ կիրականացնի անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ, որոնց ակնկալիքն ունեն եվրոպացիները, կա՛մ կգտնի, կհորինի պատճառներ ու խույս կտա բարեփոխումներ իրականացնելու պատասխանատվությունից, ստեղծելով մահացու ռիսկեր։

Բարեփոխումներ իրականացնելու համար ՔՊ-ն պետք է ծրագիր փոխի, եվրաինտեգրացիան, անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ իրականացնելը սահմանի նպատակ։ Խիստ կասկածելի է, որ ՔՊ-ն այդքան սկզբունքանյություն և կազմակերպվածություն կարող է դրսևորել առաջիկայում։

Խորհրդային բռնազավթումից ազատագրաված երբեմնի բախտակից բազմաթիվ ժողովուրդներ են անցել եվրաինտեգրացիայի ճանապարհով, որով առաջիկայում անցնելու է Հայաստանը։ Նրանց անցած ճանապարհը հուշում է, որ առաջին քայլը լյուստրացիան է։ Անհրաժեշտ է իշխանության օղակներից դուրս մղել ՀՀ անկախության հակառակորդներին, առաջին հերթին՝ ռուսական գործակալներին։ ՔՊ-ական իշխանությունը լյուստրացիա անելու խիզախություն նույնպես չունի, քանի որ իր շարքերում ռուսական գործակալներ են վխտում։

ԵՄ ակնկալած անկախության և ժողովրդավարության բարեփոխումների հաջորդ քայլը ռուսական զորքերի դուրբերումն է։ Այս առումով՝ ՀՀ իշխանությունը պետք է լուծի ՀՀ-ում ռուս զինվորներին դուրս հրավիրելու հարցը։ Ցավոք՝ ՔՊ-ական իշխանությունն այդքան խիզախություն չունի։ Եվ նա ինչ ասես՝ հորինելու է, որպեսզի խուսափի ռուսական զորքերը դուրս հրավիրելու թեմայից։

Ավելին՝ տեսակետ կա, թե ՔՊ-ական իշխանությունը փորձելու է փոշիացնել Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու բացառիկ հնարավորությունը։ Իրենց անհասկացողի տեղ դնելով, նրանք փորձելու են իրենց վրայից գցել անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ իրականացնելու պատասխանատվությունը։ Այս մասին է վկայում այն, որ մարտի 14-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, թե ՀՀ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն ԵԽ-ից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունն ու ԱԺ-ն։

Տպավորություն է, թե իշխանությունն ուզում է ստանալ հանրության լայն աջակցությունը։ Իրականում՝ ՔՊ-ական իշխանությունն ակնկալում է ռուսամետ ուժերի դիմադրությունը, որպեսզի այդ պատրվակով հերթական անգամ ԵՄ-ի մեկնած ձեռքը թողնի օդում ու մնա ռուսական ուղեծրում, ինչպես խոստացել է 2018-ին իշխանությունը ստանձնելու ժամանակ։

Կա նաև լավատեսական ենթադրություն, ըստ որի՝ այս անգամ ընդդիմությունը ռուսամետ դիրքորոշմամբ հանդես չի գալու և ի դերև է հանելու իշխանությունների հույսերը։ Հետևապես՝ հնարավոր չի լինելու ժողովրդի գրպանը գցել հակաքաղաքակրթական ընտրության մեղքն ու մարդկանց կրկին բաժանել սև-սպիտակի, հայրենասերի և ռուսամետի։ Ենթադրելի է, որ քաղհասարակության մեծ մասն այս անգամ հադես կգա ՀՀ քաղաքացու դեմքով և դավաճանություն կորակի օտար-ռուսական շահեր սպասարկելը, Եվրոպայի մեկնած ձեռքն օդում թողնելը։

Նկատենք, որ ԵԽ այս բանաձևը անսասան աջակցություն է արտահայտում ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը։ Սա այն միջազգային աջակցությունն է, որին տևական ժամանակ սպասել է ՀՀ քաղաքական համայնքն ու հայ ժողովուրդը։ Այսպիսի աջակցությամբ, թերևս, հնարավոր կլինի դիմագրավել ՀՀ անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները։ Սակայն կա վախ, որ պարտություններով ու զիջումներով հայտնի Նիկոլ Փաշինյանը այս հնարավորությունը բաց է թողնելու։ Պատկերավոր ասած՝ ռուսների հետ խաղեր է տալու ու բարեփոխումները գցելու է ոտքին։

Թաթուլ Մկրտչյան