copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 20:51 14-03-2024

Երևանյան ամենաթողություն․ անցած տարի ապամոնտաժված բենզալցակայանը շարունակում է վտանգել մարդկանց կյանքերը

Մխիթար Հերացի 1 հասցեում գտնվող CPS ընկերությանը պատկանող բենզալցակայանը խանգարող հանգամանք է դարձել բնակիչների համար․ բնակիչներն ահազանգում են, որ տվյալ բենզալցակայանը անվտանգության տեսակետից իրենից վտանգ է ներկայացնում։

Մխիթար Հերացի փողոցի վրա տարիներ շարունակ իրար մոտ գործել են 2 բենզալցակայան՝ հենց մայթի վրա, կառուցվել են մայթի հաշվին, բնակելի շենքերին և օբյեկտներին կպած՝ անհարմարություն պատճառելով բնակիչներին, հետիոտներին և վարորդներին։

Անցած տարի Երևանի քաղաքապետարանի գործողությունների շնորհիվ, նորմերին չհամապատասխանող շատ բենզալցակայաններ ապամոնտաժվեցին, ինչպես նաև Հերացի փողոցի 2 բենզալցակայանը։

Հերացի փողոցի սկզբնամասում գործող CPS բենզալցակայանը, որը, ինչպես նշվեց անցած տարի, օրենքի պահանջներին չհամապատասխանելու համար ապամոնտաժվեց, մեկ ամիս է, ինչ կրկին շարունակում է աշխատել, նույն տեղում և նույն անվան տակ, անգամ նույն անձնակազմով։



Բենզալցակայանը, ըստ բնակիչների, ապամոնտաժվելուց հետո հին գույքն անգամ տարածքից չի հանել, կարծես նախապես գիտեր, որ նույն տեղում շարունակելու է գործել։

«Բենզալցակայանն անհարմարություն է պատճառում հետիոտնին, քանի որ ստիպված ենք բենզալցակայանի միջով անցնել։ Ստիպված ենք լինում կյանքներս վտանգելով անցնել այդ հատվածը փողոցով։ Բենզալցակայանը խնդիրներ է առաջացնում նաև վարորդների համար։

Հերացի փողոցի 1-ին երթևեկելի գիծը ունի A գծանշում և արդեն անհնար է մեքենա կայանելը այդ տարածքում։ Դրա դիմաց աշխատակիցները ապօրինի տեղադրել են «կանգառը չի թույլատրվում» նշաններ, և չեն թողնում այդ մասում մեքենա կայանել, չնայած որ մինչ այս արգելող նշան այդ մասում չի եղել։

Մեքենան լիցքավորելու ժամանակ արհեստական խցանում է ստեղծվում։ Դեպքեր են եղել, երբ այդ բենզալցակայանը հրդեհվել է, կամ էլ անսարք մեքենա է պայթել։ Ու այս ամենը տեղի է ունենում քաղաքի մարդաշատ վայրում»,- ասաց բնակիչներից մեկը։

Ըստ օրենքի՝ բենզալցակայանը բնակելի տարածքների, մանկապարտեզի, դպրոցի, մայթերի, երթևեկությունը խանգարող հատվածներում չի կարող լինել։ Այն բենզալցակայանները, որոնք չեն համապատասխանել նորմերին, ապամոնտաժվել են։



Բացի դա, Վաղարշյան և Քոչար փողոցների վրա ևս կան նույն ընկերության բենզալցակայաններ, որոնց գործունեությունն արգելվել է, ու տնտեսվարողին ժամանակ է տրվել իր գույքը հանելու, բայց փաստացի չեն արել, շարունակել են գործունեությունը։

«Մեզ մոտ բենզա ու գազալցակայաններում անվտանգության նորմերը չեն պահպանվում, բենզինի մեքենան էլ գալիս է ցերեկային ժամերին ու սկսում են լիցքավորում կատարել այն ժամանակ, երբ տարածքում շատ մարդիկ ու մեքենաներ կան։ Մայթերի վրա բենզալցակայանների միջով անցնում են քաղաքացիներ՝ վառած ծխախոտը ձեռքներին»,- ասաց մեկ այլ բնակիչ։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ՝ պարզելու համար խնդրի էությունը․ «Համայնքի լիազորությունների շրջանակում մեր կողմից համապատասխան քայլեր են արվել և ապամոնտաժվել է տվյալ բենզալցակայանի այն հատվածը, որը տեղադրված է եղել համայնքային հողի վրա։ Այդ սարքավորումները հեռացվել են, և դրա վերաբերյալ իրականացվել է վարչարարություն ու շարունակում է իրականացվել։

Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակից դուրս է քանդման թեման, եթե տվյալ բենզալցակայանը գործում է իր սեփական տարածքում՝ համայնքային հողից դուրս։

Մենք լծակ չունենք այն ապամոնտաժելու, քանի որ իրենք գործունեությունը շարունակում են իրենց հողի վրա։ Մենք տեսչական մարմնին գրություններով տեղյակ ենք պահել, որ շարունակվում է ապօրինի գործունեությունը տվյալ տնտեսվարողի կողմից։ Հաջորդ փուլը՝ դատական կարգով այդ թեման քննարկելն է․

Այն, ինչ մենք արել ենք այս պահին, արել ենք մեզ վերապահված լիազորությունների շրջանակում։

Բազմաթիվ անգամ արձանագրություններ են կազմվել գույքի և բենզինի վաճառքի համար, բայց դրանից ավել լիազորված չենք անելու։ Տեսչական մարմնին դիմել ենք, բայց իրենք նույնպես դրանից ավել լիազորություններ չունեն։

Տուգանքների դեպքում՝ վարչական վարույթին պետք է ներկա լինի տվյալ ընկերության ներկայացուցիչը, բայց իրենք չեն էլ ներկայանում։

Վստահեցնում եմ, որ մեզ վերապահված լիազորությունների շրջանակում մենք արել ենք ամեն ինչ»։

Այս ամենի մեջ հետաքրքրական այն է, որ քաղաքապետարանը թույլատրում է բնակելի շենքերին մոտ և բնակիչներին անհանգստություն պատճառող բենզալցակայանին շարունակել իր գործունեությունը՝ միայն այն պատճառով, որ իրենք աշխատում են իրենց սեփական հողի վրա՝ հաշվի չառնելով այն փաստը, որ տվյալ բենզալցակայանը իրենից վտանգ է ներկայացնում, չունի անվտանգային պայմաններ և խանգարում է մարդկանց։