Երևան +28°
copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 09-03-2024

Ռուսական հակազդեցությունը չեզոքացնելու գործիքը

Արևմուտքի և ԵՄ-ի հետ գործակցության ակտիվացմանը զուգահեռ մեծանում են ռուսական հակազդեցության և սադրանքների սպառնալիքները։ ԵՄ դիտորդների ներկայությունը, Հռոմի ստատուտին միանալը, «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս բերման որոշումը, դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը Մոկվայում գնահատվում են ոչ բարեկամական։ Կրեմլի պաշտոնյաներն ակնարկում հետևանքների մասին։ Այդ շարքում ամենամտահոգիչը Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին առնչվող հիշեցումներն են։ Այդպիսով սպառնում են, որ ռուս-թուրքական աջակցությամբ և դրդմամբ Ադրբեջանը կարող է ագրեսիա սանձազերծել Սյունիքի ուղղությամբ և ուժի կիրառմամբ բացել այսպես կոչված՝ միջանցքը։ Կարո՞ղ է ՀՀ-ն նվազեցնել այդ ագրեսիայի ռիսկը։

Հարկ է նկատի ունենալ, որ ՌԴ-ն միայնակ՝ առանց Թուրքիայի, չի կարող դրդել Ադրբեջանին հարձակվելու ՀՀ-ի վրա։ Առավելագույնն, ինչ հաջողվում է Մոսկվային այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան և եվրոպական հարթակներից, հրաժարվում է նաև դուրս գալ ՀՀ-ի որոշ հատվածներից, որոնց զավթումը համարվում է ռուս-թուրքական մեծ ձեռբերում, քանի որ խոչընդոտում է Հարավ-հյուսիս ճանապարհը։

Թուրքիան կմիանա հակահայկական ագրեսիային այն դեպքում, եթե կարողանա ապացուցել, որ ՀՀ-ում ռուսամետ իշխանություն է, Նիկոլ Փաշինյանը ռուսական գործակալ է, քաղաքականապես ռուս։ Այդպես եղել է 44-օրյա պատերազմից առաջ։ Ադրբեջանը և ՆԱՏՕ անդամ Թուրքիան աշխարհին ներկայացնում էին, որ ՀՀ-ն ռուսական ֆորպոստ է, ՔՊ-ական իշխանությունը ռուսական շահեր է սպասարկում, մատնանշում էին Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և մյուս ՔՊ-ականների ռուսամետ ելույթները, Սիրիա զորք ուղարկելը և այլն։

Այդ ժամանակ արևմտյան էմիսարները բազմիցս զգուշացնում էին ՀՀ-ին պատերազմի վտանգի մասին, առաջարկում աջակցություն, սակայն ՔՊ-ն մերժում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մեկնած ձեռքերը, հավատարիմ մնում ռուսամետ կուրսին։ Արդյունքում՝ ՀՀ-ն պարտվեց, ՌԴ-ն վաճառեց Արցախն ու պաշտպանեց Ադրբեջանի օկուպացիան, իսկ Թուրքիան ապահովեց, որ ՆԱՏՕ-ական երկրները գործուն չպաշտպանեն Մոսկվայի դաշնակցին։

Ներկայում ՀՀ իշխանությունը պասիվացրել է ռուսամետ կուրսը։ Նիկոլ Փաշինյանը 2023-ի սեպտեմբերի 24-ին հայտարարել է անկախության պաշտպանության շարժում սկսելու մասին, հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում ժողովրդավարությունն ընտրելու մասին հայտարարություն արել։ ՔՊ-ական իշխանությունը ՌԴ շահերին հակասող որոշումներ է ընդունում, խոսում ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին և այլն։ Իհարկե՝ կան կասկածներ, որ ՔՊ-ական իշխանությունը ձևացնում է, թե անկախության ջատագով է։ Բայց քանի որ իրական քայլեր են անում պաշտպանական, արտաքին և անվտանգային քաղաքականության, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ, բարձրացում հարցեր, որոնք չեն համընկնում ռուսական շահերին, ուստի դժվար է նրանց որակել միանշանակ ռուսամետ։ Իսկ Ֆրանսիայի լայնածավալ աջակցությունը, եվրոպական երկրների հայամետ քայլերը վկայում են, որ գործնականում փոխվել է միջազգային հանրության վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ։ Եվ Թուրքիան հիմա չի կարող ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես ռուս է։ Սա է պատճառը, որ Թուրքիան հրապարակավ կոչ է անում Ադրբեջանին չհարձակվել ՀՀ-ի վրա։Իսկ Ադրբեջանը հայտարարում է, թե մտադիր չէ հարձակվել ՀՀ-ի վրա։

Պարզ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանն առաջիկայում անկախությունից նահանջելու, ռուսական շահերը սպասարկելու բացահայտ քայլեր անի, ապա ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա կլինի։ Այս դեպքում յուրաքանչյուր քաղաքացի իրավունք կունենա Նիկոլ Փաշինյանին դավաճան որակել։ Այսինքն՝ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիան չեզոքացնելու գործիքը անկախական քաղաքականությունն է։ Ինչքան հավատարիմ մնանք ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը, այնքան կնվազի ագրեսիայի ռիսկը։

Հարկ է նկատի ունենալ նաև, որ ՀՀ-ի՝ անկախության պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերը, սահմանափակված են Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ին իշխանություն ստանձնելուց առաջ ռուսներին տված խոստումներով։ Ուստի՝լավ կլինի, որ Փաշինյանը ժողովրդին ասի, թե ինչ է խոստացել ռուսներին, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե առավելագույնն ինչ կարող է ակնկալել այս իշխանությունից։ Այսպիսի խոստովանությունը նաև պարզ կդարձնի, թե ինչ զարգացումներից առաջ ՔՊ-ն ստիպված կլինի զիջել իր տեղն այն քաղաքական ուժերին, որոնք ռուսական շահերը պաշտպանելու խոստումներով կաշկանդված չեն, կարող են իրապես անկախ քաղաքականություն վարել և իրապես ժողովրդավարական դարձնել Հայաստանը։

Թաթուլ Մկրտչյան