Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 ամիս առաջ - 09:15 06-03-2024

ԳՇ-ն պատրա՞ստ է չեզոքացնել ռուսական հավանական սադրանքները

Կարծես՝ ավանդույթ է դառնում, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը բանակի հին ու նոր դեմքերը ոչ միայն հիշում են բանակի հիմնադիրներից մեկին, այլև պաշտպանության և անվտանգային հարցերի շուրջ հանպատրաստի հաշվետվություն են տալիս հանրությանը Եռաբլուրում։

Օրինակ՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը նշել է՝ «Ամբողջ պայքարը գնում է այդ միջանցքի համար, որ չպիտի տանք»։ Այսպիսով՝ պարզ դարձավ, որ պաշտպանական թիվ մեկ խնդիրն այսօր Սյունիքը պաշտպանելն է։ Եվ այդ հարցում ներդրում ունեն երկրապահները։

Հարջորդ հարցը ՀԱՊԿ-ից դուրս գալուն է վերաբերում, որին բոլորը միատեսակ էին պատասխանում, ցույց տալով, որ քաղաքական և ռազմական գործիչների միջև միակարծություն կա։

«Մենք դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել, իսկ հարցը, թե ինչի կհանգեցնի դուրս գալը, գաղտնիք է պարունակում»,- նշել է ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ հավելելով, որ բանակում դաշնակից պետությունների հետ համատեղ կառուցվածքները կան միայն թղթի վրա։

ԳՇ պետը, հավանաբար՝ նկատի է ունեցել, որ ՌԴ-ի դոմինանտությամբ գործող ՀԱՊԿ-ը, հայ-ռուսական զորախումբը ֆիկտիվ կառուցվածքներ են, պայամանագրերը չեն գործում, թղթի վրա են։ Հետևաբար՝ դրանք լուծելու հարցն օրակարգում է։ ԳՇ պետի խոսքը համըկնում է պաշտոնական խոսույթին։ Եվ դա ողջունելի է։

Անհասկանալի է այն, որ ԳՇ պետը ՀԱՊԿ-ից դուրս գալու հետևանքները գաղտնիք է համարում։ Գաղտնի կարող են լինել ծրագրերը, ապագային միտված քայլերը, անելիքները։ Այս առումով՝ շատ հետաքրքիր է, թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, որի մասին ԳՇ պետը գիտի, բայց գաղտնիք է համարում։

Եթե ԳՇ պետի խոսքը վերաբերում է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո այլ դաշինքներին միանալուն կամ այլ երկրների հետ ռազմաքաղաքական դաշնակցային համագործակցություն կազմակերպելուն, ապա դա ԳՇ խնդիրը չէ, այլ ՊՆ գործառույթը։ Հետևաբար՝ գաղտնիքն այլ բանի մասին է։

Կանխատեսելի է, որ ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարելուց հետո ՌԴ-ն որոշակի հակահայկական քայլեր է անելու։ ԳՇ-ն կարող է դաշնակիցների տրամադրած հետախուզական տվյալների հիման վրա պարզել, թե ինչ է անելու Մոսկվան։ Դրանից հետո կարող է մշակել պլան, թե ՀՀ բանակը ինչպես է չեզոքացնելու ռուսական ռեակցիան։ Եթե Ասրյանն ակնարկում է, որ ԳՇ-ն գիտի, թե ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո Մոսկվան ինչ սադրանքների է դիմելու, և ԳՇ-ն պատրաստ է չեզոքացնել դրանք, ապա դա ողջունելի է և հուսադրող։ ԳՇ պետի այս հայտարարությունը առիթ կլինի նաև վերլուծաբանների համար, որոնք կարող են ենթադրաբար գաղտնազերծել ռուսական հավանական սադրանքները։

Վերադառնալով օրվա առիթին, լավ կլիներ, եթե ռազմական և քաղաքական գործիչները Վազգեն Սարգսյանի օրինակելի խիզախության, նվիրումի, կազմակերպչական հմտությունների մասին հիշելուց զատ, մարտի 5-ին հիշեն նաև նրա սխալները, որոնց մասին շատ էր խոսվում նրա կենդանության օրոք։ Եվ ամենակարևորը՝ լավ կլիներ, որ մարտի 5-ին խոսվեր այն մասին, թե 1997-1998 թվականներին կազմակերպված իշխանափոխության հարցում ի՞նչ դեր է ունեցել Վազգեն Սարգսյանն ու ի՞նչ պլաններ ուներ, որոնք չհասցրեց կյանքի կոչել։ Պարզ ասած՝ Վազգեն Սարգսյանի լեգենդը շարադրման կարիք ունի։

Թաթուլ Մկրտչյան