Արցախցին չպետք է լռի, որ չհամարվի հանցավոր որոշումներին համաձայն․ բողոքի ակցիա կլինի
copy image url

Արցախցին չպետք է լռի, որ չհամարվի հանցավոր որոշումներին համաձայն․ բողոքի ակցիա կլինի

Ներքին 1 տարի առաջ - 11:45 05-03-2024
Հայաստանի կառավարության մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են տեղահանված արցախցիներին, իրենց էությամբ հիշեցնում են ավելի շուտ օտար, ավելորդ մի զանգվածի նկատմամբ քամահրական վերաբերմունք, քան՝ «քույրերի և եղբայրների» նկատմամբ հոգատարության դրսևորումներ։

Այս կարծիքին են բազմաթիվ արցախցիներ, որոնք ծանոթանալով հայտարարվող «աջակցության» մասին տեղեկացումներին, ուղղակի չգիտեն իրենց անելիքը, թե ինչպես են տեղավորվելու անոնսված գումարների մեջ։

Պետք է հաշվի առնել, որ խոսքն առաջին հերթին վերաբերում է ամենահիմնական հարցին՝ բնակարան ձեռք բերելուն, որը հնարավոր չէ շնչին 3 մլն դրամ տրամադրելու դեպքում։

Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս հետևյալ պատկերը։ Ենթադրենք, միջինը 4 հոգուց (այդ թվում 2 անչափահաս) կազմված ընտանիքին տրամադրվում է ընդհանուր 12 մլն դրամ, որից, ի դեպ, 6 մլն-ը՝ չափահասներին հատկացվող գումարը, ենթակա է վերադարձի։ Բայց վերադարձի մասին կխոսենք քիչ հետո։ Այսպիսով, 12 մլն դրամ գումարով 2 սենյականոց բնակարան հնարավո՞ր է ձեռք բերել, ենթադրենք, Հանրապետության մարզկենտրոններում։

Ուսումնասիրելով հայտարարությունների կայքերը, տեսնում ենք, որ, օրինակ, Գյումրի քաղաքում 1 սենյականոց բնակարանի միջին գինը կազմում է 30-35․000 ԱՄՆ դոլար, որը կազմում է 12․2-14․2․000․000 դրամ։ Սա, հիշեցնենք, Գյումրիի 1 սենյականոց բնակարանն է։ Վանաձոր քաղաքում գնային վիճակն էապես չի տարբերվում Գյումրիից։

Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ եթե պետական բնակապահովման ծրագրեր են գործարկվել, ապա միանգամից ի հայտ է եկել անբարեխիղճ գնագոյացման գործոնը, ինչ ի հետևանքով միջինում 25-30% գնաճ է տեղի ունեցել։

Ընթերցողը թող նկատի առնի, որ խոսքը չի վերաբերում Երևանյան անշարժ գույքի գներին․ այստեղ ավանդաբար անգամներով թանկ է վաճառվում կամ վարձակալության տրվում բնակարանը։

Ուրեմն, բոլոր հաշվարկներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ առաջարկվող գումարները չնչին են և միտումնավոր կերպով հաշվի չեն առնում «գետնի վրայի» իրողությունները։ Սա հստակ ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների, եթե կարելի է ասյպես ասել, թշնամական վերաբերմունքն այն մարդկանց նկատմամբ, որոնց ընդունել են «մեկ շաբաթվա ընթացքում» և այդ ժամկետում իրենց «հերոսական» կեցվածքն անամոթաբար թմբկահարում էին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից։

Այսպիսով, արցախցիների շրջանում բավական արագ տեմպերով հասունանում է բողոքների միջոցով իրենց ամենահիմնարար կարիքի լուծման անհրաժեշտությունը։ Եվ դա միայն կարելի է ողջունել, քանի որ հակառակ դեպքում, ինչպես ասում են, «լռությունը համաձայնության նշան է»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված