Ներքին 3 տարի առաջ - 20:16 24-11-2022

Կարևորելով թափանցիկության սկզբունքը՝ հարկ եմ համարում ավելի հանգամանալից անդրադառնալ երեկվա որոշումներին. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի քաղաքական համակարգի մասին երեկվա որոշումներին: Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը.

«Կարևորելով թափանցիկության սկզբունքը՝ հարկ եմ համարում ավելի հանգամանալից անդրադառնալ երեկվա որոշումներին.

Արցախի քաղաքական համակարգի մասին

Արցախի կառավարման համակարգը պետք է համապատասխանի այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած են Արցախը և Արցախի ժողովուրդը։ Ամեն երկիր չէ, որ անցել է այն ճանապարհով, որով անցել են Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովուրդը։ Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է գոյութենաբանական խնդրի առաջ։ Ու մենք բոլորս հստակ պետք է գիտակցենք դա:

Արցախի ներկայիս քաղաքական համակարգը չափազանց բարդ է: Մեզ նման փոքր երկրների համար արդյունավետ կարող է լինել ավելի պարզ համակարգը, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը:

Շատ կարևոր է, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ներգրավվել իր ճակատագրին վերաբերող հարցերի լուծմանը: Հանրաքվեների միջոցով կամարտահայտման մեխանիզմի ներդրումը թույլ կտա քաղաքացուն մասնակից դառնալ իր, իր երեխաների ապագայի ու իր երկրին վերաբերող կոնկրետ որոշումների կայացմանը, տեղեկացված լինել ու ինչ-որ չափով նաև պատասխանատվություն կրել կայացված որոշումների համար:

Թափանցիկ աշխատանքը, որոշումների կայացման հիմնավորվածությունը, առաջնահերթությունների որոշման չափանիշների սահմանումը կօգնեն հաղթահարել անարդարության այն սուր զգացողությունը, որ այսօր կա Արցախում, վերականգնել ապագայի նկատմամբ նրանց հավատն ու վստահությունը:

Սա ռազմավարական այն գիծն է, որն անհրաժեշտ է հաշվի առնել առհասարակ բոլոր բարեփոխումներն իրականացնելիս:

Համոզված եմ, որ քաղաքական համակարգի բարեփոխումներին պետք է զգուշությամբ վերաբերվել, չխուսափել պարզ խոսելուց և մինչև դրանց իրականացումը հանրության հետ բովանդակային քննարկումներ անցկացնել:

Նախարարների հրաժարականի մասին

Այո, դա դժվար որոշում էր և դա իմ որոշումն էր, և քննարկվել է բոլոր նախարարների հետ։ Ինչ–որ ներքին կոնֆլիկտներ կան, որոնց ես անգամ չեմ ցանկանում միջամտել։ Ես Արցախում իրավիճակը գնահատել և գնահատում եմ որպես ծայրահեղ, ուստի այն միջոցները, որոնք ես մտադիր եմ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու համար, այնքան էլ դասական չեն։ Այսօր գործադիր իշխանության առաջ բոլորովին նոր տիպի խնդիրներ են դրված, և դրանց լուծման համար այլ մասնագետներ են պետք, որոնք այլ փորձ, հմտություններ և գիտելիքներ ունեն։

Երբ աղետի հետևանքով շենքը փլվում է, առաջին հերթին շտապ փրկարարական խմբեր են կանչվում փլատակները մաքրելու և մարդկանց դուրս բերելու համար: Հետո գալիս են շինարարներն ու ճարտարապետները, որոնք մաքրված վայրում նոր շենք են կառուցում։ Հիմա մենք հենց այդպիսի իրավիճակում ենք․ հետպատերազմյան վերականգնման փուլից անցում ենք կատարում դեպի ստեղծարար աշխատանք:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ազնվորեն և բարձր պրոֆեսիոնալիզմով են կատարել գործի իրենց մասը։ Հիմա արդեն առաջ է գալիս նոր տեսակի աշխատանքի անցնելու և նոր բնույթի խնդիրներին լուծումներ տալու, ըստ դրանց «վերադասավորվելու» հարցը:

Մենք ունենալու ենք երեք հիմնական ուղղություն և խնդիրների վեց խումբ՝ յուրաքանչյուրն իր նախագծերով։ Մենք պետք է տասնյակ բարեփոխումներ իրականացնենք։ Այս ճակատը ենթադրում է բոլորովին նոր մոտեցում. դա ավելի շատ նախագծերի կառավարում է, քան ընթացիկ վարչական աշխատանք։

Ճիշտ ձևավորված թիմը հաջողության երաշխիքն է ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհին: Եթե հիմա կառավարչական սխալներ թույլ տրվեն, ապա այս չափազանց կարևոր ու բարդ փուլում կարող ենք վտանգել Արցախի անվտանգության և զարգացման նպատակը: Իսկ դա անթույլատրելի է։

Մեր հանձնառությունը մեկն է՝ երաշխավորել հայկական Արցախի կայուն և հարատև զարգացումը», - գրել է Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում