Երևան +15°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 ամիս առաջ - 17:00 27-02-2024

Բեռլինի հանդիպումն առնվազն կհետաձգի ՀՀ-ի դեմ պատերազմի վերսկսումը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 28-29-ը Բեռլինում կկայանա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ «Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հատկանշական է, որ սա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար առաջին հանդիպումն է շուրջ 8 ամսվա դադարից հետո։ Ադրբեջանը տևական ժամանակ էր, ինչ հրաժարվում էր արևմտյան հարթակներում բանակցելուց և նախապատվությունը տալիս էր ռուսական հարթակին, ՀՀ-ն էլ իր հերթին նպատակահարմար էր գտնում բանակցել արևմուտքում։

Oragir.News-ը քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Ադրբեջանը, որը մերժում էր եվրոպական և արևմտյան ցանկացած միջնորդություն, համաձայնեց հանդիպել Բեռլինում և արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Բաքուն սկսել է հետ քայլ կատարել։ Քաղաքագետը չհամաձայնեց դիտարկման հետ, որ ադրբեջանական կողմը հետ քայլ է կատարում՝ նշելով, որ պատճառն իրականում Մյունխենում տեղի ունեցած հանդիպումն էր։

Գուրգեն Սիմոնյանն ընդգծեց, որ Մյունխենում Ադրբեջանին հստակ կարգի հրավիրեցին, և վերջինս հասկացավ, որ խաղարկային տրամաբանությունը պետք է շարունակի. այն, ինչը նա դադարեցրել էր։ «Սակայն այս հանդիպումները չեն նշանակում, որ Ադրբեջանը հետ քայլ է կատարել, իսկ բանակցային գործընթացը մեկնարկելու է՝ խաղաղություն հաստատելու համար։ Սա խաղարկային մոտեցում է, որպեսզի հարցը հետաձգվի՝ մինչև ավելի հարմար աշխարհաքաղաքական իրավիճակ կձևավորվի»,- նշեց նա։

Սիմոնյանը կարծում է, որ այդ հաշվարկների հիմքում ընկած են նաև Միացյալ Նահանգներում սպասվող փոփոխությունները։ Նրա համոզմամբ՝ ամբողջ աշխարհում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու ռիսկերը բավականին բարձր են գնահատվում, իսկ նա բիզնեսմեն է, ով քաղաքականությունը պայմանավորում է ոչ թե ազգային քաղաքակրթական արժեհամակարգով, այլ բիզնեսի տրամաբանությամբ։ «Հետևաբար այս խաղարկային տրամաբանությունը կշարունակվի, բայց սա չի կարելի հետքայլ որակել»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Բեռլինում սպասվող հանդիպումից՝ մեր զրուցակիցը հետևյալ կերպ պատասխանեց. «Առնվազն այն, որ էսկալացիան՝ ռազմական գործողությունների վերսկսումը կհետաձգվի»։

Սիմոնյանից նաև հետաքրքրվեցինք, թե իրատեսական համարո՞ւմ է, որ Արցախի հարցը կվերադառնա բանակցությունների օրակարգ, ինչին նա դրական պատասխանեց՝ նշելով, չնայած հայկական կողմն իր պարտությամբ և ներուժով պայմանավորված իրեն թույլ է զգում և հարցն առաջ չի մղում, այնուամենայնիվ հավաքական արևմուտքի համար այն փակված չէ, և նրանք շարունակաբար բացելու են։ Նրա խոսքով՝ արևմուտքում հասկանում են, որ ժողովրդավարության և բռնապետությունների բախման համատեքստում Արցախը՝ որպես հայկական պետության անբաժանելի մաս և ժողովրդի իրավունքների իրացման համարյա անհրաժեշտ ֆիզիկաաշխարհագրական տարածք, կարմիր գիծ է։

«Ադրբեջանն ինքնին՝ առանց Արցախի էլ, չի հավակնում ազդեցության տակ ընկնել, որովհետև կարևորագույն ենթակառուցվածքներ է վերահսկում, դրանց առումով տարածաշրջանի առաջին խաղացողն է, ինչով նա մեծապես պարտական ու շնորհակալ է Ռուսաստանի Դաշնությանը»,- նկատեց նա։

Քաղաքագետն ընդգծեց՝ արևմուտքի ճնշումը, որի արդյունքում Ադրբեջանը համաձայնվեց ԱԳ նախարարների մակարդակով հանդիպել, առաջին քայլերից մեկն է՝ Արցախի բնակչության վերադարձի իրավունքն ապահովելու համար։ Սիմոնյանը նշեց, որ սա արևմուտքի երկրորդ քայլն է համարում, իսկ առաջինն այն էր, որ Ադրբեջանի սանձարձակ ներխուժման քաղաքականությանը չտարածվեց դեպի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների խորքը, ինչը պլանավորվում էր։

Գուրգեն Սիմոնյանը հավելեց, որ արևմտյան երկրները դիվանագիտական հովանոցով Հայաստանի համար ապահովեցին այդ անվտանգային իրողությունը, Արցախի հարցն էլ՝ վերախաղարկում են։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված