Ուղիղ եթեր
Կապույտ հազը շատանում է, կարմրուկը՝ գրոհում․ մասնագետը ներկայացնում է վիճակագրություն
copy image url

Կապույտ հազը շատանում է, կարմրուկը՝ գրոհում․ մասնագետը ներկայացնում է վիճակագրություն

Ներքին 1 տարի առաջ - 12:30 23-02-2024
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ հանրապետությունում աճել է կապույտ հազի տարածումը, սակայն որևէ վիճակագրություն այս մասով ներկայացված չէ։

Oragir.News-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ՝ պարզելու հանրապետությունում կապույտ հազով հիվանդացությունների դեպքերի տարածումը։

«Կապույտ հազը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ունի համաճարակաբանական առանձնահատկություն․ այսինքն՝ ունի պարբերական բարձրացումների ժամանակահատված և միջպարբերական ժամանակահատվածը տևում է 3-5 տարի»,- Oragir.News-ի հետ զրույցում արձանագրեց Սվետլանա Գրիգորյանը։

Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ այժմ հիվանդության պարբերական բարձրացման ժամանակահատվածն է, որն իր համաճարակաբանական օրինաչափությունն է․
«Իհարկե, իրավիճակը կառավարելու համար իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները, ինչում առանցքային դեր ունի կապույտ գազի դեմ պատվաստումը, որը ՀՀ-ում պլանային կարգով է իրականացվում»։

Մասնագետի խոսքով՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գրանցվում են հիվանդության պարբերական բարձրացումների ժամանակատվածներ.

«Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում, գրանցվում են կապույտ հազի հիվանդացության պարբերական բարձրացումների ժամանակահատվածներ` 2009 թվականին, 2013-2014թվականներին, 2017-2018 թվականներին, 2023թվականին: Միջհամաճարակային շրջանում, որի տևողությունը 3-5 տարի է, ի հաշիվ չպատվաստված և թերի պատվաստված անձանց կուտակման, արձանագրվում է կապույտ հազի հիվանդացության ակտիվացում: Հաշվի առնելով կապույտ հազի շարժընթացը՝ կանխատեսվում է 2024 թվականին կապույտ հազի դեպքերի աճ՝ 2023 թվականի հետ համեմատած, հաջորդիվ՝ 2025 թվականին, կգրանցվի հիվանդացության նվազում, ինչը համահունչ է կապույտ հազի հիվանդացությանը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում»:

Oragir.News-ի հետ զրույցում ԱՆ ՀՎԿԱԿ աշխատակիցը ևս մեկ անգամ հիշեցրեց պատվաստմանն առնչվող ժամանակացույցը և հիվադանալու դեպքում բնորոշ ախտանշանները։

«Կապույտ հազի դեմ պատվաստումները սկսվում են մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում 3 դեղաչափով՝ 6 շաբաթականից՝ համակցված վեցավալենտ պատվաստումների կազմում, 12 շաբաթականում, 18 շաբաթականում։ Չորրորդ դեղաչափը երեխան ստանում է 18 ամսականում՝ 1,5 տարեկանում, հաջորդիվ՝ 6 տարեկանում և մեկ դեղաչափ էլ 15-16 տարեկանում։

Կապույտ հազին բնորոշ կլինիկական նշանը հենց հիվանդության անունը բնորոշող հազն է՝ սպաստիկ՝ նոպայաձև, որը որոշ դեպքերում կարող է առաջացնել երեխայի կամ տվյալ անձի շնչարգելության, դեմքը կարող է կարմրել կամ կապտել։ Ախտորոշումը անպայման պետք է լաբորատոր հաստատում ունենա՝ ապահովելու տվյալ հիվանդի առավել արդյունավետ բուժումը, որովհետև հազով ուղեկցվող հիվանդությունները շատ են»։

Սվետլանա Գրիգորյանը, սակայն, փաստեց, որ հանրապետությունում այս պահին առավել մեծ տարածում ունեն կարմրուկի դեպքերը։

«Հայաստանի Հանրապետությունը 16 տարի համարվում էր կարմրուկի առումով էլիմինացված, այսինքն՝ տեղական դեպքեր չէին գրանցվում այս հիվանդությամբ, սակայն յուրաքանչյուր տարի կարող էինք ունենալ բերովի դեպքեր, ինչով էլ պայմանավորված՝ բռնկումներ»։

Գրիգորյանի խոսքով՝ 2023 թվականին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դիտվում է կարմրուկի դեպքերի գրանցում։

«Մեր հանրապետությունում դեպքեր սկսվեցին դիտվել 2023 թվականի մարտից՝ պայմանավորված բերովի դեպքով, որը տեղային տարածում ստացավ։

Ըստ այդմ՝ 2023 թվականին ունեցել ենք կարմրուկի 545 լաբորատոր հաստատված դեպք, իսկ 2024 թվականի փետրվարի 19-ի դրությամբ ունենք 81 լաբորատոր հաստատված դեպք։ Հիմնականում հիվանդանում են երեխաները, սակայն կարող են հիվանդանալ նաև մեծահասակները»։

Գրիգորյանի պնդմամբ՝ գրանցման դեպքերի գերակշիռ մեծամասնությունը՝ մոտ 70-75 տոկոսը, երեխաներ են, իսկ 93-94 տոկոս դեպքերում հիվանդանում են չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք։

«Ցանկանում են նշել, որ ՀՀ-ում կարմրուկի դեմ պատվաստումներն իրականացվում են պլանային կարգով․ երկու դեղաչափը բավարար է ամբողջ կյանքում անընկալունակություն, պաշտպանություն ապահովելու համար, որոնցից առաջինն իրականացվում է 1 տարեկանում, երկրորդը՝ 4-6 տարեկանում։

Սակայն եթե անձը հիշում իր պատվաստումային կարգավիճակը, ապա կարող է դիմել պոլիկլինիկա՝ պարզելու այն, իսկ եթե անհայտ է, ապա մեկ դեղաչափով պատվաստվելը որևէ ձևով իրեն չի վնասի․ ընդամենը՝ մեկ անգամ ևս իմունհամակարգին կհիշեցնի այդ հիվանդության մասին, և իմունիտետը կխթանվի»։

Oragir.News-ի հարցին՝ կա՞ արդյոք անհրաժեշտություն կրթական հաստատությունների աշխատանքների ժամանակավոր դադարեցման՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով, Գրիգորյանն ասաց․

«Մեր նպատակային խմբերում ունենք պատվաստումներին բարձր՝ 96-97 տոկոս, ընդգրկվածություն։ Հետևաբար՝ դպրոցների, նախադպրոցական կազմակերպությունների աշխատանքների դադարեցման որևէ հիմք չկա, քանի որ այնտեղ հաճախող երեխաների գերակշիռ մասը պատվաստված է»։

Ամփոփելով զրույցը՝ մասնագետը ևս մեկ անգամ հիշեցրեց այս հիվանդության հանդեպ պատվաստման կարևորության մասին՝ մասնավորապես նշելով, որ պատվաստվելն այն արդյունավետ գործիքն է, որով կարող ենք կառավարել իրավիճակը։

Վահան Վխկրյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն