Եռաբլուրում գտնվող Գուրգենը միշտ իր Արցախի հետ էր
copy image url

Եռաբլուրում գտնվող Գուրգենը միշտ իր Արցախի հետ էր

Ներքին 1 տարի առաջ - 11:20 23-02-2024
Գուրգեն Գաբրիելյանն իմ եղբայրն է՝ մորաքրոջս միակ որդին։

Ծնվել է 1983 թվականի փետրվարի 23-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։
Դպրոցն ավարտելուց և բարձրագույն ուսում ստանալուց հետո Գուրգենն առժամանակ աշխատեց ըստ մասնագիտության, այնուհետև ընտրվեց համայնքի ղեկավար, պաշտոնավարեց երկու չորսամյա ժամկետ։
Այդ ընթացքում ընտանիք կազմեց, ունեցավ 2 տղա զավակ։

Հետո ծառայության անցավ Պաշտպանության բանակում։ Թալիշում տեղակայված նրա գումարտակը 44-օրյա պատերազմում առաջիններից մեկը դիմավորեց թշնամու հարվածները։ Դրանից հետո
Գուրգենն իր բաժին կռիվը շարունակեց Մատաղիսի բնագծերում։

Երբ հոկտեմբերի մի վաղ առավոտ ստացա նրա զանգը, որով հայտնում էր վիրավորում ստանալու և Երևան տեղափոխելու մասին, ասացի՝ «աղոթիր, որ լավ պրծար»։

Արկի բեկորը քրքրել էր ոտքը։ Բժիշկների շնորհիվ անդամահատումը կանխվեց, սակայն ոսկորները շատ էին վնասվել, միջի մետաղներն այդպես էլ թողեցին։

Բուժվում էր Երևանում, սակայն միտքն Արցախում էր։ Եվ դեկտեմբերին վերադարձավ գյուղ։
Մեծ էր զարմանքս, որ նրա գալուց մի քանի ամիս անց իմացա, որ նորից ծառայության է անցել բանակում։ «Քեզ հերի՞ք չէր տեսածդ», հարցրի, ասաց՝ չգիտեմ, ծառայությանը կարոտում եմ, ընկերներիցս շատերն են որոշել շարունակել․․․ Համ էլ, ասաց, էլ ո՞վ է կռվելու մեր դեմ, պրծած բան է, ռուսը եկել է՝ վերջ։

Բայց «վերջ» չկար։ Թշնամին իր թշնամանքն էր ցույց տալիս, և 2022 թվականի օգոստոսի 3-ի հերթական հարձակմանը, որի հիմնական ուղղությունը Գուրգենի զորամասն էր, ամբողջ ցերեկը զանգահարում էինք, ու պատասխան չէր տալիս։ Մի անգամ էլ, երբ զանգն անջատվեց, հույս ստացանք՝ ուրեմն ողջ է, ուղղակի տեղը հարմար չի․․․ Հետո ասացին, որ Դրմբոն-Գետավան հատվածի հրետակոծության 2 զոհերից մեկը Գուրգենն է, իսկ զանգն անջատողը բուժակն էր, հավանաբար՝ պատասխան չուներ մեզ։

Բերեցինք գյուղ։
Առաջարկեցին բերել Եռաբլուր։ Մայրն ասաց՝ չեմ հավատում, թե էս գյուղը մերն է լինելու, տարեք։
Հուղարկավորությանը և յոթ-քառասունքին ծնողները կարողացան այցելել շիրմին, իսկ հետո թշնամին պաշարեց Արցախը։ Այդ ընթացքում մայրը մի քանի անգամ ասաց՝ ձև գտիր, գնամ Եռաբլուր։ Փորձեցի՝ չէր ստացվում, Հակարիում կամայական ձերբակալություններ անող թշնամու պահվածքն անկանխատեսելի էր։
Այդպես շարունակվեց մինչև Գուրգենի ավագ որդի Դանիելի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 19-ը, երբ կեսօրահացի ժամին սկսվեց թշնամու ռմբակոծությունը։

․․․Հիմա Երևանում են, գնում են Եռաբլուր։
Դին դեռ գյուղում՝ Դանիելը, հիշում եմ, մորը լացելով ասաց՝ խաբում ես, պապան չի կորել, մեռել է․․․
Երկնային արքայություն Գուրգենին և Հայրենիքի համար զոհված բոլորին։

Տիգրան Աթանեսյան