Թեև մյունխենյան այցի ընթացքում շոշափելի ոչինչ ձեռք չբերվեց, սակայն հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն աղմկահարույց հայտարարություն արեց, որն արդեն մի քանի օր շրջանառվում է հանրային խոսույթում։
«Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի, 9-րդ կետում այդպիսի բան չկա գրած։ Էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ։ Այդ 9-րդ կետի վրա հղումն արդեն էլ արդիական չի, որովհետև և ՌԴ-ն և Ադրբեջանը նախորդ կետերով իրանց պարտավորությունները ամբողջությամբ խախտել են, այսօր ԼՂ-ում հայ չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարկ է հիշեցնել, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Հայաստանի պարտությունը, պարտավորվել է դադարեցնել Արցախի ազատության համար պատերազմը, ճանաչել ՌԴ-ի և Ադրբեջանի իրավունքներն ու պարտականություններն Արցախում։ Հիմա, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը խախտել են այդ հայտարարությունը, չեն կատարել իրենց պարտականությունները, զավթել են Արցախն ու բռնի տեղահանության ենթարկել հայերին, կարո՞ղ է ՀՀ իշխանությունը համարժեք պատասխանել։ Օրինակ՝ ասել, որ չի ճանաչում Արցախը որպես Ադրբեջանի մաս և շարունակելու է Արցախը Հայաստանին միավորելու պայքարը։ Պարզ ասած՝ կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ճղել-գցել Նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Ենթադրաբար՝ ո՛չ։ ՔՊ-ականները միայն տրտնջալու խիզախություն ունեն։
Ստորագրված միջազգային փաստաթղթերը պետությունների միջև իրավահարաբերությունների հիմքն են։ Միջազգային պարտավորությունները հանիրավի չկատարելը պատժամիջոցների է արժանանում։ Նացիստական Գերմանիայի դեմ միջազգային համախմբման հիմքերից մեկն այն էր, որ Հիտլերը պատռեց ու շպրտեց 1-ին համաշխարհային պատերազմի արդյունքում ստորագրված միջազգային փաստաթղթերն ու խախտեց դրանցով սահմանված իր երկրի պարտավորությունները։ Այսօր Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, որովհետև այդ երկրները չեն կատարում իրենց միջազգային պարտավորությունները, խախտում են պայմանագրերն ու պայմանավորությունները։ Այսինքն՝ երբ պայմանագրի կողմը խախտում է պայմանագիրը, ապա մյուս կողմը բարոյական իրավունք է ստանում վերանայել պայմանագրով սահմանված իր պարտավորությունները։
Նոյեմբերի 9-ի հայտարարությանը թուրք-ռուս-ադրբեջանական միասնական հաղթանակի և ՀՀ-ի պարտության արձանագրությունն է։ Տրամաբանական է, որ ՀՀ-ն առիթ պիտի փնտրի այն չեղարկելու համար։ Այն չեղարկելը ՀՀ-ին հավելյալ հիմք կտա հրապարակավ մեղադրելու Ադրբեջանին և Ռուսաստանին Արցախը զավթելու, հայերին բռնի տեղահանելու մեջ։ Նոյեմբերի 9-ը չեղարկելը հնարավորություն կտա նաև բարձրացնելու Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի հարցը։ Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը ճղել-գցել են այդ հայտարարությունը, ապա Նիկոլ Փաշինյանն ինչու՞ չի ճղում-գցում ու վերահաստատում հայ ժողովրդի հավակնությունները։ Մանավանդ, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը միջազգային իրավունքի ուժ չունի։ Այսինքն՝ եթե ստորագրողներից մեկը դիմի միջազգային արբիտրաժ, ապա այդ փաստաթուղթը իրավական հիմք չէ։
Կարճ ասած՝ եթե ՌԴ-ն ու Ադրբեջանը ճղել-գցել են եռակողմ հայտարարությունը, ապա Նիկոլ Փաշինյանը ևս կարող է ճղել-գցել ու կրկին ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Բայց եթե ՀՀ-ն, ի դեմս ՔՊ-ական իշխանության, Արցախի վերաբերյալ ոչ մի հավակնություն չունի, ապա Արցախյան շարժման 36-ամյակը լավ առիթ է հայտարարելու, որ չնայած ռուսներն ու թուրքերը ճղել-գցել են, սակայն ՀՀ-ն հավատարիմ է Նոյեմբերի 9-ին։ Եվ Արցախին առնչվող միակ խնդիրը բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրների հասցեագրված լուծումն է։
Թաթուլ Մկրտչյան