copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 ամիս առաջ - 23:00 19-02-2024

Հայրենասիրությունը կոմպլեքս չէ. բացառիկ հարցազրույց` Փաշինյանին անհարմար հարց տված գործչի հետ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Մյունխենում հանդիպում էր ունեցել տեղի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը, ով իր անունից Նիկոլ Փաշինյանին հարցրել էր, թե ո՞վ է նրան մանդատ տվել՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Ի պատասխան՝ Փաշինյանը պնդել էր՝ միջազգային հանրությունը մշտապես նշել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի Ադրբեջանի կազմում, սակայն հայկական կողմն այս իրականության հետ չի առերեսվել և այս մասին ժողովրդին չի տեղեկացրել։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է ունեցել Սամվել Լուլուկյանի հետ.

-Պարո՛ն Լուլուկյան, Հայաստանի վարչապետին հարց էիք ուղղել այն մասին, թե ով էր նրան Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ տվել։ Նիկոլ Փաշինյանի պատասխանն ինչպե՞ս կգնահատեք, այն բավարարե՞ց Ձեզ։

-Իհարկե՛ բավարար չեմ համարում և բավարարված չեմ, որովհետև ինքն իմ հարցին ամբողջությամբ չպատասխանեց։ Ավելի ճիշտ՝ կոնկրետ հարցրին չպտասխանեց. ես շատ նշեցի, որ հայ ժողովուրդն իրեն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ չի տվել, ինչպես նաև շեշտեցի, որ 2021 թվականի նախընտրական քարոզարշավում նա ու իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն իրենց ծրագրային դրույթներում ներկայացնում էին ինքնորոշման իրավունքը, իսկ ընտրվելուց անմիջապես հետո կուրս փոխվեց, արդեն խոսվում էր ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ իրավունքների և անվտանգության մասին, որը նույնպես ամբողջությամբ ջախողվեց։ Երբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, մենք ունեցանք այս պատկերը՝ Արցախի հայաթափումը։

Ես ասացի, որ իրեն մանդատ չեն տվել, ինքն իրավիճակը փորձեց տեղափոխել 1996 թվական՝ Լիսաբոնի գագաթաժողովի հետ կապված։ Առհասարակ Արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունները տարբեր էտապներով են ընթացել, և տարբեր փաստաթղթեր են բանակցվել, սակայն ամենացավալին ու վտանգավորն այն է, որ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է 30 տարվա ադրբեջանական թեզերն առ այն, որ ինքնորոշման իրավունքը հասկանում ենք որպես ինքնորոշում Ադրբեջանի կազմում։

Ամենասարսափելին սա է, բայց այդպես չի եղել. բանակցային սեղանին դրված է եղել 3 սկզբունք՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ինքնորոշման իրավունքն իր տեսակով ավելի բարձր է գնահատվում, քան ամբողջականությունը, քանզի ինքնորոշման իրավունքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին։

-Ինչպիսի՞ տպավորություններ ունեք այս հանդիպումից։ Ըստ Ձեզ՝ որոնք էին այն հիմնական ուղերձները, որ Փաշինյանը ցանկանում էր հղել Գերմանիայի հայ համայնքին։

-Ամենասարսափելին այն էր, որ ինքը չէր համաձայնվում, որ մենք խոսում ենք կորսված հայրենիք մասին։ Փաշինյանը նկատի ուներ, որ պետք չի կորսված հայրենիքի մասին խոսել, շարունակաբար ներկայացնում էր, որ անցյալում էլ ենք հայրենիք կորցրել։

Նիկոլ Փաշինյանը փորձեց հայրենիքը հակադրել պետության հետ, մինչդեռ հայրենիքն ու պետությունը մենք նույնացնում ենք, դրան ամբողջական է պետք նայել։ Սա շատ վտանգավոր է։ Հիմնական մեսիջն այն էր, որ պետք է համակերպվենք. մենք պետք է համակերպվենք այն բանի հետ, որ կորցրել ենք հայկական երկրորդ հանրապետությունը ու այժմ հայաթափված Արցախ ունենք։

Շատերի աչքից վրիպել է այն հանգամանքը, որ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայրենասիրությունն անվանեց կոմպլեքս։ Սա արդեն ամենավտանգավորն է, քանի որ մեր ժողովրդի միջից փորձում են վերացնել ազգայինը, հայրենասիրությունը, կորսված հայրենիքն ու արժեքները, ինչն անթույլատրելի է ու շատ վտանգավոր է։

- Կխնդրեմ մանրամասնեք՝ Փաշինյանի և նրա վարած քաղաքականության նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք կա գերմանահայ համայնքում։ Հայկական մամուլում տեղեկություններ են տարածվում, որ հանդիպմանը տարբեր շրջաններից բերվել են հիմնականում Փաշինյանին աջակցող անձինք, այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։

-Ես չեմ կարող ասել, թե իրենք մարդկանց ինչպես են հրավիրել, սակայն մի բան կասեմ, որ հանդիպմանը գերմանահայ կարևորագույն կառույցները չեն մասնակցել։ Դրանք Գերմանահայոց կենտրոնական խորհուրդն են և Առաջնորդարանը։ Այնտեղ ներկա է գտնվել միայն Մյունխենի հայ համայնքի ատենապետը, բայց ես հիմնականում անծանոթ մարդկանց դեմքեր տեսա՝ Հայաստանից եկած ուսանողների, ուկրաինացի փախստականներ, որոնց նախկինում երբեք չէի տեսել, և նրանք ոչ մի կապ չունեին գերմանահայ համայնք կառույցների հետ։

-Գերմանահայ համայնքի և անձամբ Ձեր պատկերացմամբ ինչպե՞ս պետք է լուծվեն Հայաստանի առջև ծառացած խնդիրները։

-Ինչպես Հայաստանում, այնպես էլ գերմանահայության շրջանում բևեռացվածություն ու տարբեր պատկերացումներ կան. առկա են ինչպես իշխանամետ, այնպես էլ քննադատական կարծիքներ։ Մարդիկ կան, ովքեր հասկանում են, որ լրջագույն աղետի առաջ ենք կանգնած, նրանք մտահոգված են և այլն։ Կարելի է ասել՝ ինչպիսի իրավիճակ Հայաստանում է, նույնն էլ սփյուռքում է։

Իրավիճակի լուծումը ես տեսնում եմ միասնականության և համախմբման միջոցով։ Այս պառակտումը, որը կրկին այս իշխանությունները բերեցին, 2018 թվականից սկսած հանրության բաժանեցին սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, ամենավտանգավորն է։

Երբ 1980-90 ականներին մեկնարկեց Արցախյան շարժումը, այն ժամանակ էլ տարբեր կուսակցություններ կային՝ ԱԻՄ, ՀՀՇ, ՀՅԴ և այլն, սակայն մեկ հարցում բոլորը միասնական էին՝ մենք ունենք 1 թշնամի ու 1 հայրենիք, և բոլորս պետք է միասնական կերպով պաշտպանենք։ Ցավոք սրտի, Հայաստանն այսօր պառակտված է, և դա ամենավտանգավոր բանն է։

Նախևառաջ պետք է այնպիսի իշխանություն ձևավորվի, որը հասարակության մեջ և քաղաքական դաշտում կոնսոլիդացիա կստեղծի։ Դրա համար բոլոր առողջ ուժերը միավորվելով պետք է մի կառավարություն ստեղծեն, որը կկարողանա երկիրը դուրս բերել այս ծանր իրավիճակից։ Առաջնայինը՝ միասնականություն, և մեր ազգային արժեքները պահպանելով պետք է կարողանանք հզոր երկիր ու բանակ կառուցել։

Իրավիճակից ելքը ես այսպես եմ տեսնում, սակայն այս պարտվողական իշխանությունից ոչինչ չեմ սպասում, քանի որ ինչպես արդեն նշեցի, պարտված երկրի պարտված վարչապետը չի կարող կառավարել՝ թե՛ բարոյահոգեբանական, թե՛ քաղաքական տեսանկյունից։

Ինքը նշեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որն իմ հարցի մեջ ես անվանեցի խայտառակ հայտարարություն, այսօր մենք չունենք Արցախ, այն հայաթափված է, բայց կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և դրա 9-րդ կետը։ Այդ կետը այն ժամանակվա պատերազմը դադարեցնելու հետ կապ չուներ, բայց սրա միջոցով Ադրբեջանը և մյուս ուժերը կարողանում են վարչապետի՝ Փաշինյանի վրա ճնշում գործադրել, քանի որ ինքն է սա ստորագրել։ Բացի այդ, նա պարտված ղեկավար է, նրա վրա ճնշում կա, սա նաև բարոյահոգեբանական հարց է, սա է ողջ խնդիրը։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի