copy image url
Խոսք 2 տարի առաջ - 22:10 30-08-2021

Տո´,ասա´, ա´յ անասուններ, փող եք վերցնում, գոնե նորմալ, բանիմաց, համապատասխան կրթությամբ, փորձով, ոչ բութ կադրերից վերցրեք․ բացառիկ հարցազրույց Վարդան Ղուկասյանի հետ

Ռազմական ոստիկանության նախկին սպա Վարդան Ղուկասյանը հայ հանրությանը պատերազմական և հետպատերազմական շրջանում հայտնի դարձավ սկանդալային բացահայտումներով ու լայվերով, քաղաքական սուր, անցենզուր բառապաշարով, յուրահատուկ մեկնաբանություններով։ Նրա «Հանրային ձայն» կոչվող եթերներն ավելի շատ դիտումներ են ունենում, քան հեռուստատեսային լավագույն նախագծերը։ Օրագիր․news-ը զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ՝ խորհրդարանական ընտրությունների, հետընտրական զարգացումների և Ռազմական ոստիկանության մասին։

- Ձեր «Հայոց հայրենիք» կուսակցությունը չի ընդունել 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքները: Ընտրությունները չեղարկելու պահանջով վիճարկեցիք Սահմանադրական դատարանում, որը Ձեր հայտը չբավարարեց: Ի՞նչ կասեք այս որոշման մասին:

- Բնականաբար, շատ բացասական վերաբերմունք ունենք: Մեզ համար սպասելի էր այդ որոշումը, բայց մեր պայքարը չի սահմանափակվում այսքանով, պատրաստվում ենք այն բողոքարկել նաև Եվրոպական դատարանում: Ապագայի անելիքներիս հետ կապված՝ ասեմ, որ ձեռքերս լվանալ, մի կողմ քաշվել՝ երկիրս թողնելով այս վիճակում, չեմ պատրաստվում: Չեմ կարող ասել՝ ինձ չընտրեցին, թող գնան, ես դրանց…: Չէ´, դա իմ կողմից դավաճանություն կլիներ, որովհետև, չնայած իմ ձայները կեղծիքներով գողացել են զանգվածաբար՝ լույսերն անջատելով, արկղերը փոխելով, միևնույն է, ես տեր եմ իմ ստացած ձայներին:

- Ինչո՞ւ եք կարծում, որ զանգվածային ընտրախախտումներ են եղել, եթե ընտրատեղամասերից լայն արձագանք չեղավ, հետընտրական զանգվածային բողոք չտեսանք:

- Ես կարծում եմ եղել են. օրինակ՝ Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանի ընտրատեղամասում, որտեղ գրանցված է եղել 100-ից ավել զինվոր, և որտեղ ես ունեցել եմ 70 տոկոսից ավել ձայն, վերջում իմ անվան դիմաց գրանցվել է 0 ձայն:

-Արդյո՞ք նման անհամապատասխանությունները կարող էին լայնամասշտաբ լինել, քանի որ տեխնիկական և մարդկային հսկողությունը խիստ էր, ամեն ինչ տեսանելի և հասանելի էր, բացի դրանից՝ վստահված անձերի, դիտորդների, հանձնաժողովի անդամների, նաև լրագրողների կողմից մեծաքանակ ահազանգեր չեն եղել, հետևաբար Ձեր նկատած խախտումների քանակը ինչպե՞ս կարող էր զանգվածաբար լինել, եթե եղածների մասին բարձրաձայնվեց, և որոշակի շտկումներ արվեց:

-Դրա համար էլ շեշտում եմ, որ նման խախտումները եղել են ճանապարհին՝ արկղերի փոփոխությամբ: Ես չեմ հավատում 1,5 մլն քաղաքացիների ընտրության գնալու փաստին, չեմ հավատում, օրինակ, քրեակատարողական հիմնարկների քվեարկությանը, որտեղ ես պետք է շատ ձայն հավաքեի, քանի որ բանտարկյալները չէին կարող դեմ քվեարկել իրենց համաներմանը, կամ Արտակ Գալստյանի ընտրատեղամասում իր օգտին 1 ձայն է գրանցվել, այսինքն՝ իր ընտանիքը, երեխաներն իրեն չեն ընտրել: Ո՞նց կարող է նման բան լինել: Իմ կարծիքով, նաև ուղղորդումների, ճնշումների, վարչական ռեսուրսների կիրառման քանակը չափազանց մեծ է եղել: Իսկ ժողովուրդը ինչո՞ւ դուրս չի եկել փողոց․ որովհետև այդպիսին ենք. տրանսպորի թանկացման համար ազգովի դուրս եկանք փողոց, կամ հիմա՝ ոչխարի պես ստիպելով, զոռով պատվաստում են անում, ոչ մի բան չենք անում: Էդ կամավոր կերպով պատվաստվելը մինչև սեպտեմբեր է, մի քիչ համբերեք, դասերի սկսվելուց կտեսնեք՝ ոնց են զոռով բոլորին պատվաստելու:

-Ըստ Ձեզ՝ ժողովրդի արժեհամակարգի, բարոյական սկզբունքների, մտածողության մեջ լուրջ խաթարումնե՞ր են եղել:

-Այո´, դա այնքան պարզ է, դուք չե՞ք նկատել, գո՞հ եք այս ընտրությունից: Օրինակ՝ ես չգիտեմ՝ ինչ անեմ էն ծնողի հետ, որը Փաշինյանին տեսնում է, ասում է․ «Տղուս կորցրի, քեզ գտա», նրան ուղղակի պետք է ուղարկել հոգեբուժարան, կամ չգիտեմ՝ ինչ պատիժ տալ, որովհետև զգացմունքային անհավասարակշռությունից նա պետք է ասեր՝ թաղեմ քեզ, ….ցեղդ, բայց սա զոմբիություն է, հոգեխանգարմունք: Եթե մեր հասարակությունը գոնե մի քիչ ադեկվատություն ունենար, նախկինում եղած դրական երևույթները վերացնելու դեմ կընդվզեր, օրինակ՝ եկամտահարկով հիպոտեկ փակելու օրենքի հանման դեմ, բայց սա փոքր հարց է. եթե մարդիկ փողոց դուրս չեն գալիս Եռաբլուրը 150 տոկոսով «համալրելու», բանակի հերն անիծելու պատճառով, այնպիսի պաշտպանության նախարար նշանակելու պատճառով, որը զենքի բիզնես էր անում, փչացած զենք էր բերում բանակ կամ չկրակող, առանց հրթիռի կործանիչներ էր գնում, ու երկրի գերագույն հրամանատար լինելով՝ իր ստորադասին վերահսկել, կառավարել չկարողանալու պատճառով, կայֆերին, ապօրինի բիզնեսին վերջ չտալու պատճառով…. ի՞նչ պահանջես այս հանրությունից: Հանրությունն անգամ չհիասթափվեց և չվրդովվեց Մարտի 1-ը փակելու, Քոչարյանին չդատելու, վեյթինգ չանելու պատճառով։ Երևի անտեսանելի սրբերն էին կրակել էդ 10 հոգու վրա:

- Որպես նախկին սպա՝ ի՞նչ կարծիք ունեք Ռազմական ոստիկանության գործունեության վերաբերյալ պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ ու հետո՝ հաշվի առնելով հակասական, աղմկահարույց տեղեկությունները և կարծիքները:

-Եվ պատերազմից առաջ,և´ պատերազմի ընթացքում, և´ դրանից հետո Ռազմական ոստիկանությունը գործել է ոչ կոմպետենտ, որովհետև ՌՈ-ն իր ղեկավարների գլխավորությամբ այն դարձրել են առևտրի կենտրոն: Եթե Վլադիմիր Գասպարյանի օրոք կոռուպցիայի հետ միաժամանակ կար խիստ կարգուկանոն, ընտրվում էին բանիմաց կադրեր, ՌՈ-ն իր դիրքերի վրա էր, սրանց ժամանակ լիակատար բարդակ է. ոչ բանիմաց կադրեր, կոռուպցիա, կենտրոնացած են իրենց բիզնեսի, շահերի վրա: Իսկ պատերազմի ընթացքում, իմ հիմնավոր տեղեկություններով, որոշներն իրենց խոզերի համար կեր տեղափոխելով են զբաղված եղել պետական մեքենայով, պետական միջոցներով: Դրա մասին բարձրաձայնել եմ իմ եթերներում, բայց դե ո՞վ պետք է զբաղվի,Վաղարշակ Հարությունյա՞նը, Անդրանիկ Քոչարյա՞նը: Ո՞նց կարող են զբաղվել, եթե հենց իրենք են զբաղված կոռուպցիայով, ռեկետով, պետական միջոցների մսխումով (անգամ իրենց բենզինն ապահովում են պետական միջոցներով), կադրային առևտրով: Ավելին ասեմ՝ ՌՈ պետն ամիսներով գործի չի գնում առողջական խնդիրների պատճառով: Տո´, ասա´, ա´յ անասուններ, փող եք վերցնում, գոնե նորմալ, բանիմաց, համապատասխան կրթությամբ, փորձով, ոչ բութ կադրերից վերցրեք, անտեղի մի´ ուռճացրեք հաստիքները:

-Ի՞նչ քայլեր են պետք ՌՈ-ն խորքային բարեփոխման ենթարկելու համար:

-Պարզ՝ մաքրում, կադրային ջարդ, և դրանով ամեն ինչ ասված է:

- Ի՞նչ կարծիք ունեք ընտրություններից հետո ընդդիմության և իշխանության գործունեության վերաբերյալ: Կառավարության մասին ի՞նչ կարծիք ունեք և ի՞նչ սպասել:

- Մի բառով՝անբարոյականություն: Ես սրանցից սպասում եմ միայն երկրի լիարժեք բզկտում: Ես Փաշինյանին, էս իշխանությանը կնմանացնեի փչացած ժամացույցի հետ, որն օրվա մեջ երկու անգամ է ճիշտ ժամ ցույց տալիս: