Երևան +11°
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 22:30 13-02-2024

Ուկրաինային աջակցելով՝ ՀՀ-ն առանձնանում է ավտորիտար երկրներից

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Խարկովի մարզպետ Օլեգ Սինեգուբովի հետ։ Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ Կարապետյանը հանդիպումից հետո Խարկովի մարզպետի ուղեկցությամբ մասնակցել է Ուկրաինայի հայերի միության կողմից Խարկովի հիվանդանոցներին մարդասիրական օգնության տրամադրման արարողությանը։

Oragir.News-ը քաղաքագետ Հայկ Սուքիասյանից հետաքրքրվեց, թե Ուկրաինային մարդասիրական օգնության տրամադրումն ինչպես է անդրադառնում ՀՀ-ի նկատմամբ Արևմուտքի և ԵՄ-ի վերաբերմունքի վրա։ Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ի ցուցաբերած աջակցությունը միանշանակ դրական ազդեցություն է ունենում այս հարցում։

Սուքիասյանի պնդմամբ՝ ներկայումս աշխարհակարգի փոփոխությունն ուրվագծվում է, և այս պայմաններում գոյություն ունի երկու ուղղություն՝ միջազգային կարգը խախտած պետությունների ակումբի անդամները՝ ՌԴ, Ադրբեջան, Թուրքիա և այլն, իսկ մյուսը միջազգային կարգի պահպանմանն աջակցող երկրներն են։

«Ռուսաստանը գրոհել է Ուկրաինայի դեմ, Ուկրաինան էլ ունի Արևմուտքի պաշտպանությունը։ ՌԴ-ն Ադրբեջանի հետ գրոհել է դեմոկրատական Հայաստանի դեմ, ուստի պարզ է, որ Հայաստանն էլ, որպես խաղաղության օրակարգ գեներացնող պետություն, պատերազմներին դեմ արտահայտվող քաղաքականություն է վարում»,- ասաց նա։

Քաղաքագետը շատ ճիշտ է համարում, որ Հայաստանը Ուկրաինային մարդասիրական օգնություն է ցուցաբերում։ «Նախ դա մեր մշակութային, քաղաքակրթական արձագանքն է, որովհետև մեր մշակույթը մարդասիրական, հումանիստական մշակույթ է։ Բացի այդ, որպես արտաքին քաղաքականության գործոն, վստահ եղեք, որ սա անպայմանորեն գնահատվում է Արևմուտքի կողմից, բայց պարզ է, որ ունի նաև թշնամիներ՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան»,- ասաց նա։

Հարցին, թե ի պատասխան ՀՀ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ինչ քայլերի կարող ենք ականատես լինել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հատուկ քայլերի մասին կդժվարանա նշել, սակայն դա, անշուշտ, նպաստում է, որ Հայաստանը տեղավորվի դեմոկրատական աշխարհի շարքերում։ Ըստ նրա՝ սա ևս մեկ հանգամանք է, որ թույլ է տալիս Հայաստանին ընկալվել ավտորիտար բլոկի երկրներից անդին։

«Մենք դեմոկրատական պետություն ենք և աջակցում ենք դեմոկրատական, ինքնիշխան երկիր դառնալու ձգտում ունեցող Ուկրաինային, որն Արևմուտքի աջակիցն է։ Հատուկ, թե դա ինչ արձագանք կունենա մեր համար, թողնենք, մեզ համար գլխավորն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն անշեղորեն գնա և ապացուցի, որ ինքը դեմոկրատական աշխարհի հետ է»,- կարծում է նա։

Մեր հարցին, թե Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանն ինչպես կարձագանքի Ռուսաստանը, Հայկ Սուքիասյանը պատասխանեց՝ բնականաբար վատ։ Նա միևնույն ժամանակ այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սադրանքը, որի հետևանքով 4 զինծառայող էր զոհվել, պայմանավորում է նաև այս հանգամանքով, քանի որ օրերս Բաքվում ՌԴ-ի դեսպանը հոխորտացել էր, թե Հայաստանը միջանցք չի տալիս։

Քաղաքագետը շեշտեց՝ երբ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխանության նշաններ է արձակում, ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից որոշ այլանդակությունների ենք ականատես լինում։ «Կարող է նաև Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունն է պատճառը, որ Ռուսաստանը որոշել է՝ իր շան ձագով պետք է մեզ պատժի։ Ենթադրելի է, բայց պնդել չեմ կարող»,- ասաց նա։

Սուքիասյանը հավելեց, որ Հայաստանը չպետք է այս ամենին տուրք տա։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ մենք շատ արագ մեր պաշտպանական ու անվտանգային ոլորտը կարգի բերենք։ «Որովհետև եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի բան էլ չանի, Ուկրաինային աջակցություն չցուցաբերի, Ռուսաստանի Դաշնությունն արդեն կողմնորոշվել է, որ ինքն այստեղ պետք է այլանդակություններ անի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան