Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 18:30 12-02-2024

Ընկեր Գինոսյանը գիտեր, որ հային իր ազգային վեհությունը կարող ենք վերադարձնել ազգային պարով

«Հրայրքը» Գյումրիում գործող ազգային պարի խումբ է, որն զբաղվում է ազգային պարերի տարածմամբ։ 2015 թվականի հոկտեմբերին է ստեղծվել խումբը: «Հրայրք» նշանակում է մղում, կիրք, ներքին կրակ։

Ավանդական երգի- պարի խմբի ստեղծման մեջ իր մեծ ավանդն է ունեցել «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։

Oragir.News-ը զրուցել է «Հրայրք» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար, պարուսույց Դավիթ Հարոյանի հետ։

«Ես ընկեր Գինոսյանի հետ առաջին անգամ հանդիպել եմ 2015 թվականի մայիս ամսին Գյումրիում։ Ամենափրկիչ եկեղեցու մոտ պարուսուցում էր անում։ Մինչև ընկեր Գինոսյանի հետ հանդիպելը` ես շատ էի հետաքրքրված ազգային պարերով, բայց Գյումրիում հնարավորություն չկար սովորելու։

Իմ ունեցած միակ հնարավորությունը Յութուբում առկա պարուսուցման տեսանյութերն էին ու ընկեր Գինոսյանի հարցազրույցները։

Նրա հետ հանդիպելուց հետո նաև ծանոթացել էի «Կարին» ազգային երգի- պարի համույթի տղաների հետ, հատկապես կապ էի պահում Ստեփան Թորոյանի հետ»,- ասում է «Հրայրք» ավանդական երգ ու պարի խմբի հիմնադիր ու պարուսույց Դավիթ Հարոյանը։

«Կարին» ավանդական ազգային երգի-պարի համույթից Ստեփան Թորոյանի հետ ծանոթությունը դառնում է որոշիչ Գյումրիում «Հրայրք» խմբի հիմնադրման հարցում:



«Ընկեր Գինոսյանը Ստեփանին գործուղեց ու մինչև 2019 թվականը Ստեփանը սովորեցնում էր մեզ։ 2020 թվականից հետո Հայաստանում ամեն ինչ փոխվեց, ու էդ ամենը իհարկե ազդեց նաև մեզ և մեր գործունեության վրա։ Ասեմ, որ ընկեր Գինոսյանը Գյումրիում շատ ընկերներ ուներ ու ինքը պարբերաբար էր գալիս Գյումրի, 2021 թվականից նրա այցերը շատացան Գյումրի։ Ամեն այցին գալիս էր «Հրայրք»։

Մենք շատ էինք կապված ընկեր Գինոսյանի հետ, խոսում էինք ամեն ինչից, վերջին շրջանում ավելի շատ մեր զրույցները գաղափարական էին։ Նրա նպատակը ոչ թե միայն ազգային պարերը տարածելն էր, այլև ազգային պարերի միջոցով հային հայկականը վերադարձնելը։

Անընդհատ կրկնում էր Նժդեհի այն միտքը, որ ասում է` հավերժ պարտված է այն սերունդը, որը կռվում է իր պապերի զենքով»,- շարունակում է «Հրայրք» ազգային երգի-պարի խմբի հիմնադիրը։




Դավիթ Հարոյանն ասում է, որ Գագիկ Գինոսյանը ոչ միայն ուսուցիչ է եղել, այլ նաև ավագ ընկեր, ով կարևոր ազդեցություն է մտածողության վրա։

«Նա այն մարդկանցից է եղել, ով նպաստել է իմ մարդ տեսակի ձևավորմանը։ Ընկեր Գինոսյանը
ապրում էր հանուն այն բարձր ու վեհ գաղափարի` ստեղծել հայ ազգային պետություն, ու ինքը գիտեր, որ հային իր ազգային վեհությունը ու արժանապատվությունը կարող ենք վերադարձնել ազգային պարով, որովհետև ազգային պարը իր մեջ ներառում է ամեն ինչ` կենցաղավարությունից մինչև պատմություն»,- ասում է Դավիթը։

Երիտասարդ պարուսույցն ասում է, որ իր ուսուցչի հետ շատ էին քայլում Գյումրիի փողոցներով և հիանում քաղաքի ճարտարապետությունով։

Գագիկ Գինոսյանը այնքան է տպավորված եղել Գյումրիով, որ ասել է` Հայաստանում մշակութային հեղափոխությունը Գյումրիից է սկսվելու։



«Վերջին անգամ անցած տարի հուլիսին ենք հանդիպել...խոսեցինք... հետո քանի որ ես ուսումս շարունակելու նպատակով Հայաստանում չէի, գրում էինք, խոսում էինք։

Հրամանատարիս վերջին խոսքերը ինձ մահից առաջ...Դավիթ ջան …
Ո՞նց ես, գործերդ ո՞նց են
Ե՞րբ ես վերադառնում …
Գալիս եմ, գալիս եմ...

Մենք կորցրել ենք մեր մեծ ուսուցչին, նրա մահը ազդակ է մեզ ապրելու ու գործելու»,- ասում է Դավիթ Հարոյանը։

«Հրայրք» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիրի խոսքով, անելիքն ու նպատակները շատ էին, որոնք Գագիկ Գինոսյանի մահով անավարտ մնացին։