Հայաստանում չկա արվեստագետ, որը քննադատում է Նիկոլ Փաշինյանին, բայց մրցանակ է ստանում։ ՀՀ-ում չկա նաև արվեստագետ, որ գովերգում է Նիկոլ Փաշինյանին, բայց մրցանակ չի ստանում։ Մշակույթի գործիչների մի մասն ընդունում է խաղի այս կանոնները։ Մյուսները հույս են փայփայում, որ այսպես չի մնա, կգա նորմալ իշխանություն, պետությունը դուրս կգա մշակութային ներկա ճգնաժամից, երբ ո՛չ պատվեր կա, ո՛չ մրցակցություն, ո՛չ նոր բան է ստեղծվում, ո՛չ էլ ստեղծածն է արժանվույն գնահատվում։
Իրավիճակի փոփոխության ուղղությամբ անելիք ունեն և՛ քաղաքական, և՛ մշակութային գործիչները միասին ու փոխլրացնելով։ Նախ՝ հարկ է թիրախային ստեղծագործությունների և հրապարակախոսության ազդեցությամբ մերժելի հռչակել քծնանքը, այն դասել ամենապարսավելի արարքների շարքին։ Սահմանել բարոյախոսական պատվիրան՝ «Մի՛ քծնիր»։ Գծել քծնանքի և գովերգության սահմանը, որպեսզի քաղաքական առաջնորդին նվիրված գովերգը չվերածվի քծնանքի ու չայլասերի ժողովրդավարական հասարակությունը, անվտանգային սպառնալիք չդառնա։ Կարելի է կազմակարպել նաև քաղաքական առաջնորդներին հասցեագրված գովերգի և երգիծանքի մրցույթ-ներկայացումներ։
Երկրորդ հերթին՝ անհրաժեշտ է ազատ քննադատությունը դարձնել ստեղծագործության կամ կատարողական վարպետության որակի որոշիչ։ Ազատ երկրների օրինակով՝ ամենաշատ քննադատական արձագանքների արժանացած ստեղծագործությունները կհամարվեն լավագույն, կներկայացվեն միջազգային փառատոններում։ Մշակութային հիմնադրամները, ստեղծագործական միությունները, ԿԳՄՍՆ-ն կարող են սահմանել քննադատներին խրախուսելու ամենամյա մրցանակաբաշխություն տարբեր անվանակարգերով, լավագույն քննադատություններն առանձնացնելու, քննադատական ավանդույթները զարգացնելու, քննադատության մակարդակը բարձրացնելու համար։ Այդպես հնարավոր կլնի հանրության մեծ մասին հասկանալի և սիրելի դարձնել բարձրորակ ստեղծագործությունները։ Այդպես հնարավոր կլինի նաև ազատագրել ստեղծագործողներին քաղաքական կախվածությունից, իշխանության խտրական վերաբերմունքից։
Հարկ է հասկանալ նաև, որ բոլոր ժամանակներում և հասարակարգերում ստեղծագործողների և քաղաքական իշխանության կապն ամրացել է թեմատիկ պատվերով։ Իշխանությունը պարտավոր է ազգային նպատակների, գաղափարների և հավակնությունների թեմաներով պատվերներ տալ ստեղծագործողին։ Ցանկալի է՝ այդ պատվերներն իջնեն մրցույթի տեսքով։
«Այն ժողովուրդը, ով չի ցանկանում կերակրել իր բանակը, ստիպված է լինելու կերակրել ուրիշի բանակը»։ Նապոլեոնական հայտնի ասացվածքը, գուցե՝ կօգնի իշխանավորին պատասխանատվությամբ վերաբերվել պատվերի խնդրին, քանի որ երբ իշխանությունը պատվեր չի իջեցնում ստեղծագործողին, այլ բավարարվում է իրեն ուղղված քծնանքով, ապա արվեստի գործիչը իրացվելու համար այլ երկրներում է գործընկեր, պատվիրատու փնտրում-գտնում, վատագույն դեպքում՝ կատարում օտար իշխանության պատվերը։
Արվեստի գործիչները, բնականաբար, շահագրգռված են մշակույթի զարգացման հարցում։ Ուստի՝ առաջատար ուժ կարող են դառնալ ու մոտեցնել բաղձալի այն օրը, երբ ստեղծածն ավելի կարևոր համարվի, քան երկրի ղեկավարին ձոնված գովերգը։ Սակայն կարծրատիպ կա, թե նրանց կազմակերպված ջանքերն իզուր կլինեն, եթե իշխանությունը խոչընդոտի, ինչպես այսօր։ Տարածված կարծիք կա, թե ՔՊ-ական իշխանությունը ոչ թե չի հասկանում, այլ միտումնավոր է մշակութային ճգնաժամ ստեղծում՝ նպաստում մշակութային պատկերացումների դեգրադացմանը, անարժեք ստեղծագործությունների հանրայնացմանը, անտաղանդների մեծարմանը, հակաարժեքների քարոզին։ Ավելին՝ ՔՊ-ական իշխանությունն իր սխալները գիտակցելու և ուղղելու, առկա մարտահրավերները արվեստի գործիչների աջակցությամբ հաղթահարելու փոխարեն, անթաքույց հակակրանք է արտահայտում իրեն քննադատող արվեստագետների նկատմամբ։
Այս հակակրանքը ճգնաժամի առկայության վառ ապացույցն է։ Փաշինյանն ու իր թիմը, ենթադրաբար, չեն հասկանում, որ մշակութային գործիչների մի մասի քամահրական վերաբերմունքը ՔՊ-ական պաշտոնյաների հանդեպ գենետիկ թշնամանքի դրսևորում չէ, այլ ապագային միտված ուղերձ, ճառագող հույս, որ ՀՀ իշխանությունը վաղը, գուցե՝ կգիտակցի մշակույթի դերը պետության պահպանման և առաջընթացի հարցերում, կհրաժարվի ժողովրդին ու աշխարհին խաբելու աղետաբեր գործելաոճից, ժողովրդավարական իշխանությանը վայել քայլեր կանի ստեղծագործությունների արժանվույն գնահատման ավանդույթների արմատավորման, մշակույթի զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման, մշակույթը պետության առաջընթացին ու քաղաքացիների անձնային աճին ծառայեցնելու ուղղությամբ։
Թաթուլ Մկրտչյան